Կարմիր խնձոր
Տղամարդ եվ կին

Կարմիր խնձոր, թե կռվախնձոր

Մեզ հուզող հարցերին պատասխանում է  մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Ալեքսանյանը:

— Բժի՛շկ ինչպե՞ս եք վերաբերվում «կարմիր խնձոր» կոչված հայկական ավանդույթին:
— Որպես բժիշկ` շատ դրական: Կարծում եմ՝ այն փաստը, որ ժամանակին սեռավարակներն ու սեռական հիվանդություններն ավելի քիչ են եղել, հենց ազգային սովորույթների խիստ պահպանման շնորհիվ է եղել: Իմ կարծիքով, կինը բնության կողմից արարված է որպես մաքրության տիպար ու այդպիսին էլ պետք է լինի, քանի որ նրան է վստահված մարդկային սերունդը շարունակելու առաքելությունը եւ մեծապես նրանից է կախված այդ սերնդի առողջությունը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

— Իսկ արժե՞  կուսաթաղանթի կամ դրա առկայությունը խորհրդանշող արյան բացակայության պատճառով նորահարսին գինեկոլոգի մոտ տանել: Հայտնի է, որ որոշ հայ ընտանիքներում բախումնային իրավիճակներ են ստեղծվում կուսաթաղանթի բացակայության պատճառով:
— Գիտեք, սեռական առաջին հարաբերությունն ինքնին չի ենթադրում այց բժշկին: Աղջկա` կին դառնալը բնական գործընթաց է, վտանգավոր ոչինչ չկա: Իսկ ինչ վերաբերում է կուսաթաղանթի լինել-չլինելու “մտահոգիչ” հարցին, ապա կարծում եմ, որ դրա բացակայությունն անգամ սիրող, միմյանց վստահող զույգի համար էական խնդիր չի կարող լինել: Ի գիտություն հայ տղամարդկանց պետք է նշեմ, որ լինում են դեպքեր, երբ կուսաթաղանթի պատռման ժամանակ արյունն այնքան քիչ է լինում, որ, խառնվելով արտադրության հետ գրեթե աննկատ է մնում:

— Ի՞նչ հիվանդություններ կարող են առաջանալ “մաքրության խորհրդանիշը” մինչեւ բալզակյան տարիքը պահած օրիորդի մոտ:
— Կասեմ հետեւյալը. սեռական հարաբերությունների նպատակը ի վերուստ է սահմանված` երեխա ունենալն է: Շատ վատ է, եթե կինը, անկախ սեռական հարաբերությունների հաճախակիությունից,  կյանքում ոչ մի անգամ չի ծննդաբերում: Ծննդաբերությունը, ինչպես նաեւ փոքրիկին կրծքով կերակրելը կարեւոր է կանացի օրգանիզմի համար` հորմոնալ լիարժեք փոփոխությունների առումով: Հակառակ դեպքում կինը դյուրին թիրախ է այնպիսի հիվանդությունների համար, ինչպիսիք են արգանդի միոմաները, վաղաժամ դաշտանադադարը, ձվարանների վատ գործունեությունը, կրծքագեղձի ուռուցքը, նեւրոզները եւ այլն:

— Մեր իրականությունում հաճա՞խ են պատահում կուսաթաղանթի արհեստական վերականգնման դեպքեր:
— Կոնկրետ իմ պրակտիկայում նման դեպք չի արձանագրվել, քանի որ ինքս դեմ եմ այդ երեւույթին: Բայց գիտեմ բազմաթիվ դեպքեր, ավելին` կարող եմ ասել, որ դա մեր իրականությունում արդեն տարածված երեւույթ է:

Վերջում ավելացնեմ այն, ինչ գտա ինտերնետում. “Հայտնի է, որ հեթանոսական Հայաստանում աղջիկներն իրենց անմեղությունը զոհաբերում էին պատահական անցորդներին, օտարականներին: Հետագայում այդ աղջիկները դառնում էին ամենացանկալի հարսնացուները, քանզի նրանց գեղեցկությունը հովանավորվում էր անձամբ Աստղիկի կողմից”
Ասելիքս հակառակ չէ կուսության, անաղարտության պահպանմանը, բայց եւ ավանդապաշտական ծայրահեղությունների պետք չէ հասնել: Միգուցե հենց դա է պատճառը, որ մեզանում աճում են բացասական երեւույթները` կուսաթաղանթի արհեստական վերականգնումը՝ ընտրյալին ամուսնական առաջին իսկ գիշերը խաբելը, բամբասանքը, ընտանեկան վեճերն ու ամուսնալուծությունները:

Հեղինակ՝  Արփինե

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։