Կին և տղամարդ
Տղամարդ եվ կին,  Փորձագետի խորհուրդներ

Անհանգստացնում է կանանց

Հայտնի ճշմարտություն է, որ առողջ զավակներ կարող են պարգեւել միայն առողջ մայրերը: Մեր փոքրաթիվ ազգի համար սա, թերեւս, մարտավարական կարեւորության խնդիր է: Գիտակցելով այս ամենը՝ մեր պարբերականն իր ուշադրության կիզակետում է պահում կանանց վերարտադրողական առողջության հետ կապված հարցերը եւ հերթական անգամ անդրադառնում ընթերցողների կողմից բարձրաձայնված մտահոգություններին: Նրանց հարցերին պատասխանում է  բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Նիկոլայի Ալեքսանյանը:

-Մեր ընթերցողը  նշում է, որ 6 ամիս է, ինչ ամուսնացած է եւ մեջքի հատվածում ցավ է զգում. դա կարո՞ղ է  խանգարել հղիանալուն:
— Մեջքի շրջանի ցավերը կարող են ունենալ տարբեր պատճառներ, սակայն որպես այդպիսին մեջքի ցավը չի կարող հղիանալուն արգելք լինել: Ցավերը կարող են լինել հետեւյալ պատճառներով. ողնաշարի սկավառակների տեղախախտ, երիկամային հիվանդություն, ձվարանների բորբոքում, արգանդի նորագոյացություններ կամ պարզապես մկանային գերլարվածություն: Եթե ընթերցողի մտահոգությունը հղիանալն է, ապա նա պետք է անպայման հետազոտվի գինեկոլոգի մոտ եւ պարզի` արդյո՞ք ցավի պատճառը գինեկոլոգիական խնդիր է, արդյոք վերարտադրողական գործունեության որեւէ խանգարման հետեւա՞նք է, թե՞ ոչ:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

-Մեր հաջորդ ընթերցողը մի քանի ամիս առաջ բուժում է ընդունել միզասեռական ուղիների բորբոքման եւ սնկային հիվանդության դեմ: Վերջերս սեռական օրգաններում կրկին թեթեւակի մրմռոց է զգացել սեռական հարաբերության ժամանակ: Օգտագործել է մոմիկ եւ հենց առաջին օգտագործումից արգանդի շրջանում ցավեր ունեցել, նկատել է նաեւ արյուն: Դա դաշտանը սկսվելուց 10 օր առաջ է եղել, այնուհետեւ դաշտանը սկսվել է 4 օր շուտ: Ընթերցողը հետաքրքրվում է. հնարավո՞ր է, որ դա միոմայի առկայությունից լինի: Բացի այդ, նշված դեղամիջոցը թեթեւ բորբոքումների դեպքում կարո՞ղ է օգտագործվել:
-Այո, միոմայի առկայությունը կարող է նման զգացողությունների եւ երեւույթների պատճառ լինել: Երկրորդ եւ առավել հավանական պատճառը կարող է լինել միզասեռական հիվանդության ոչ լիարժեք բուժումը, դրա կրկնությունը, սեռական հարաբերությունից հիվանդության սրացումը: Մոմիկի առումով դժվար է հստակ պատասխան տալ, քանի որ ընթերցողը չի նշում, թե կոնկրետ ինչ մոմիկ է օգտագործել: Սովորաբար գինեկոլոգիական մոմիկների կազմը ներառում է հակամանրէային եւ հակասնկային պատրաստուկներ, բացի այդ կան մոմիկներ, որոնք հականեխիչ են եւ ազդում են տեղային բոլոր միկրոօրգանիզմների վրա: Բժիշկները նշանակումներ կատարում են ըստ հայտնաբերված վարակի եւ մոմիկի բաղադրության, այնպես որ հստակ պատասխան կարող է լինել միայն կոնկրետ տվյալների առկայության դեպքում: Տիկնոջը խորհուրդ եմ տալիս եւս մեկ անգամ այցելել գինեկոլոգին եւ պարզել անհանգստության բուն պատճառը:

-Հերթական հարցն այսպիսին է. ամուսնական զույգը հանդիպում է ամիսը 3-4 անգամ եւ օրվա ընթացքում 2-4 անգամ սեռական հարաբերություն ունենում: Արդյո՞ք վտանգավոր չէ նման հաճախականությունը: Բացի այդ, ընթերցողը նշում է, որ իր արգանդը թեքված է, դա կարո՞ղ է դժվարացնել հղիանալու եւ ծննդաբերելու գործընթացը: Հնարավո՞ր է, որ դաշտանն այդ պատճառով ուղեկցվի ցավերով:
-Ոչ մի վտանգավոր բան չեմ տեսնում: Սեռական հարաբերությունների պարբերականությունը կախված է զույգի ցանկությունից, ինչն էլ իր հերթին պայմանավորված է անձի ընդհանուր առողջական եւ հորմոնալ վիճակով: Ինչ վերաբերում է հղիանալուն, ապա ընթերցողն անհանգստանալու պատճառ չունի, քանի որ մեծ մասամբ արգանդի դիրքն ունենում է որոշակի թեքություն, այն հիմնականում թեքված է լինում դեպի առաջ կամ հետ, խնդիր չէ  նաեւ աջ կամ ձախ թեքված լինելը, ինչը բնավ չի խանգարում հղիանալուն կամ ծննդաբերելուն: Արգանդի թեքությունն ուղղվում է հղիության ժամկետի մեծանալուն համընթաց:  Նշեմ, որ խոսքը վերաբերում է բորբոքային հիվանդություններ չտարած կանանց, քանի որ նման հիվանդությունները կամ վիրահատության արդյունքում առաջացած կպումները, ինչպես նաեւ ձվարանի մեծ ուռուցքը կարող են հարկադրաբար փոխել արգանդի բնական դիրքը եւ ցավերի պատճառ հանդիսանալ: Եվ, հարցի վերջին մասին անդրադառնալով՝  նշեմ, որ սեռական հարաբերությունները ցավոտ դաշտանի հետ որեւէ  կապ չունեն, եթե դրանք տեղի չեն ունենում հենց դաշտանի օրերին, քանի որ այդ օրերին կինը հիպոհորմոնալ վիճակում է` նրա սեռական ցանկությունները ժամանակավորապես մարած են, ուստի սեռական հարաբերությունը կարող է տհաճություն եւ ցավ պատճառել:

-Մեր ընթերցողը 34 տարեկան է, 2 տարի առաջ հեռացվել են արգանդը եւ ձվարանները, նա զգում է, որ իր օրգանիզմում կլիմակտերիկ փոփոխություններից բացի այլ փոփոխություններ էլ են կատարվում. մկանները ցավում են, ատամներն՝ արագ փչանում: Ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել երիտասարդ եւ առողջ մնալու համար:
-Նման վիրահատական միջամտության համար ընթերցողը շատ երիտասարդ է, ուստի հորմոնալ պատրաստուկներ ընդունելու անհրաժեշտություն կա: Նման կանայք պետք է կանացի հորմոններ եւ կալցիումով, ստրոնցիումով հագեցած դեղամիջոցներ ստանան: Ընթերցողը մինչեւ 50-55 տարեկանը պետք է ընդունի նշված դեղամիջոցները, այլապես կունենա ոսկրային հյուսվածքի փոփոխություններ` առաջին հերթին հարվածի տակ կընկնի ողնաշարը, կառաջանա օստեոպորոզ, հնարավոր է տուժի սրտանոթային համակարգը. էստրոգենի (իգածին հորմոններ) անբավարարությունից կարող է առաջանալ  սրտային անբավարարություն` դրանից բխող բոլոր հետեւանքներով, ինչպես նաեւ կնկատվի մազաթափություն, կվատանա մաշկի որակը: Դեղորայքի ընդունումը պետք է սկսել վիրահատությունից անմիջապես հետո: Եթե վիրահատող բժիշկը նշանակումներ չի արել, ապա ընթերցողը պետք է լրացուցիչ անգամ դիմի գինեկոլոգին՝ լիարժեք բուժում ստանալու համար:

-Բժի՛շկ, շնորհակալություն մանրամասն եւ սպառիչ պատասխանի համար:

Հեղինակ՝ Արփինե Անդրեասյան

104 մեկնաբանույթուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։