Հինայի մասին
Առողջություն եվ գեղեցկություն

Հինան օգտակա՞ր է, թե՞ վնասակար

-Մազերիս աճի բարելավման եւ մազարմատների առողջացման համար  օգտագործել եմ  հինա: Նկատել եմ, որ յուրաքանչյուր օգտագործումից հետո գլխացավեր եմ ունենում: Կցանկանայի իմանալ, թե գլխացավի առաջացման պատճառը ո՞րն է, ու՞մ պետք է դիմեմ եւ ինչպե՞ս պետք է բուժվեմ:
Ամետա, ք. Հրազդանից

Դեռ հնագույն ժամանակներից կանայք եւ աղջիկները հինան, ինչպես նաեւ բասման, օգտագործել են առողջ, գեղեցիկ վարսեր ունենալու համար,  ուստի մեր ընթերցողի հարցին պատասխանելու համար դիմեցինք մաշկավեներաբան Կարեն Հովհաննիսյանին:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

-Պարո՛ն Հովհաննիսյան, մեր խմբագրություն դիմած ընթերցողն  օգտագործել է հինա, որն էլ հանգեցրել է հաճախակի կրկնվող  գլխացավերի: Կխնդրեի պարզաբանել, թե ի՞նչն է այդ գլխացավերի  առաջացման պատճառը, եթե գիտենք, որ հինան ունի բուսական ծագում:
— Նախ՝ պետք է նշեմ, որ յուրաքանչյուր օրգանիզմ չէ, որ ընդունում է հինան ու բասման՝ որքան էլ դրանք ունենան բուսական ծագում, ուստի բժիշկները խորհուրդ են տալիս նման միջոցներ օգտագործելուց առաջ դիմել բժշկի, հետազոտվել, որից հետո միայն, բժշկի թույլտվությամբ, կարելի է օգտագործել դրանք: Իսկ ինչ վերաբերում է ընթերցողին, ապա կարող եմ ասել, որ նրա մոտ գլխացավի առաջացման մի քանի դրդապատճառներ կարող են լինել: Ինչպես արդեն նշեցի, ցանկացած օրգանիզմ չէ, որ կարող է այդպիսի նյութեր ընդունել, ուստի հավանական է, որ նրա մոտ  հինայից առաջացել է ալերգիա, իսկ եթե դա ալերգիա չէ, նախանշաններից ելնելով  կարող եմ  եզրակացնել, որ այնպիսի հիվանդություն է, որն ընթերցողը ունեցել է դեռեւս հինան օգտագործելուց առաջ: Այս դեպքում հինան պարզապես հիմք է հանդիսացել, որպեսզի այդ հիվանդությունը իրեն զգացնել տա:
-Խնդրում եմ նշեք, թե հինան ու բասման ո՞ր դեպքում կարող են բացասաբար կամ դրական ազդել մարդու օրգանիզմի վրա:
-Հինայի եւ բասմայի կիրառման արմատները գալիս են դեռ Հնդկաստանից, որից հետո էլ դրանք լայն տարածում են գտել Հարավային Աֆրիկայում, Միջին Ասիայում, Եգիպտոսում, Հորդանանում, Պարսկաստանում եւ Հայաստանում: Հնդկաստանում դրանք օգտագործում էին մարմինները ներկելու համար, իսկ բուժման, վերքերը մշակելու, ոսկորների ցավերը հանգստացնելու համար հինան օգտագործել են Արաբական երկրներում: Հինան պարունակում է յուղային, օրգանական նյութեր, տանին, C եւ K վիտամիններ, եթերային յուղեր, որոնք էլ, ներթափանցելով մազարմատներ, արագացնում են մազերի աճը եւ փայլ են հաղորդում: Այսօր,  ցավոք սրտի, հիմնականում նախընտրում են օգտագործել գունավոր հինան, որը պարունակում է ներկող նյութեր, որոնք էլ կարող են առաջացնել բազմաթիվ բարդություններ: Հարկ է նշել նաեւ այն հանգամանքը, որ հինան չի կարելի հաճախակի օգտագործել, ցանկալի է այն կիրառել 2 ամիսը մեկ անգամ միայն, քանի որ չարաշահումը կարող է հանգեցնել այնպիսի լուրջ հետեւանքների, ինչպիսին, օրինակ, մազաթափությունն է:

-Հարգելի՛ բժիշկ, Ձեր խոսքում նշեցիք, որ հինան տարածում է գտել գրեթե բոլոր երկրներում, սակայն որպես մասնագետ ի՞նչ խորհուրդ կտաք, ո՞ր երկրի արտադրանքն է ցանկալի օգտագործել:
-Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ Հայաստանյան շուկայում գրեթե դժվար է տարբերակել որեւէ երկրի արտադրանք, քանի որ սկսած սննդից մինչեւ տնտեսական ապրանքներն ամբողջովին կեղծված են: Սակայն, ամեն դեպքում, պետք է ունենալ գնորդին բնորոշ “հոտառություն”՝ տարբերելու համար կեղծվածը իսկականից: Ամեն դեպքում, հինա գնելիս պետք է պահանջել հնդկական արտադրության անգույն հինա եւ, որ ամենակարեւորն է՝ հետեւել պիտանիության  ժամկետին:

-Վերջում, որպես ամփոփում, ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:
-Ձեր խմբագրություն դիմած ընթերցողի մոտ, անկասկած, առկա է առողջական խնդիր: Նա անհապաղ պետք է ընդհատի հինայի օգտագործումը եւ, եթե գլխացավը չնահանջի, պետք է դիմի մաշկավեներաբանի, հետազոտություն անցնի, պարզի իր մոտ առաջացած գլխացավերի պատճառը եւ բուժվի: Իսկ մյուս բոլոր ընթերցողներին պարզապես կոչ եմ անում չխուսափել բժշկի հետ խորհրդակցելուց: Մի՛ անտեսեք բժշկի խորհուրդը եւ մի՛ փորձեք վտանգել Ձեր առողջությունը՝ շրջապատին գեղեցիկ թվալու համար, չէ՞ որ մենք լավ գիտենք, թե որքա՜ն գեղեցիկ են մեր հայ կանայք եւ աղջիկները:

Շնորհակալություն ենք հայտնում օգտակար խորհուրդների եւ անկեղծ զրույցի համար:
Սիրելի՛ ընթերցողներ, եղե՛ք գեղեցիկ եւ ցանկալի, բայց ոչ Ձեր թանկագին առողջության հաշվին:

Հեղինակ՝  Մանե Դավթյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։