Փորձագետի խորհուրդներ

Բերանի հոտը կաշկանդո՞ւմ է

— Ինչպե՞ս կարելի է ազատվել բերանի տհաճ հոտից:
Քրիստինե, Երեւանից

Խոսքի  միջոցով մենք արտահայտում ենք մեր մտքերը, հաղորդակցվում մարդկանց հետ:  Ասում են, խոսքով կարելի է «սպանել», փրկել, վիրավորել, գովերգել մարդուն: Իսկապես, մեկ բառով կարելի է վանել մարդուն կամ հակառակը: Կարեւոր է նաեւ արտահայտված բառի բուրմունքը:
Ինչպես արդեն կռահեցիք, այժմ կխոսենք բերանի տհաճ հոտի մասին: Թեման պարզաբանում է թերապեւտ Հովիկ Խանսանամյանը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

— Ե՞րբ եւ ո՞ր տարիքում է բերանի տհաճ հոտի առաջացման հավանականություն լինում:
— Առողջ ատամներով եւ լնդերով բերանի խոռոչից, որպես կանոն, տհաճ հոտ չի գալիս: Եթե առկա է տհաճ հոտ, ապա դա նշան է ատամների ոսկրափուտի կամ լնդերի հիվանդության: Բավական հաճախ այն հանդիպում է 25 տարեկանից հետո եւ, որպես կանոն, սկսում է ատամների եւ լնդերի ցավով կամ զգայունությամբ: Լնդերը հեռանում են ատամներից, դրանց արանքում ստեղծվում է տարածություն, որտեղ եւ հավաքվում են սննդի մնացորդները: Լնդերը, իջնելով, բացում են ատամները, որոնք սկսում են շարժվել եւ դառնում են սառնության եւ տաքության նկատմամբ զգայուն:

— Հնարավո՞ր է, որ բերանի տհաճ հոտն առաջանա մեկ այլ խնդրից:
— Իհարկե, հնարավոր է: Բերանի տհաճ հոտը չի առաջանում բացառապես ատամների եւ լնդերի բորբոքումից: Տհաճ հոտի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ նաեւ նշագեղձերը, քթաըմպանը, քթի լորձաթաղանթը, ստամոքսի հիվանդությունը, շաքարախտը: Շատ տհաճ հոտ է գալիս նաեւ ծխողների եւ ալկոհոլիզմից տառապող մարդկանց բերանից:

— Կարելի՞ է արդյոք ազատվել բերանի տհաճ հոտից:
— Մեծ հաշվով բերանի տհաճ հոտը վերանում է, երբ ճիշտ են պահպանում հիգիենայի կանոնները: Ատամները լվանալիս մի՛ մոռացեք լվանալ նաեւ լեզուն՝ իր ամբողջ մակերեսով: Ընդ որում, խոզանակի շարժումները պետք է ուղղված լինեն լնդերից ատամների ծայրը, բայց հակառակը՝ ոչ մի դեպքում: Տհաճ հոտն ավելի ուժեղ է առավոտյան, քանի որ գիշերը դադարում է թքարտադրությունը, եւ թուլանում է բնական պաշտպանությունը մանրէներից:

— Բժիշկ Խանսանամյան, ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր տառապում են բերանի տհաճ հոտից:
— Ամեն դեպքում, նախ պետք է պարզել պատճառները: Եթե բերանի տհաճ հոտը հիվանդության հետեւանք է, ապա պետք է բուժել հիմնական հիվանդությունը՝ զուգահեռ պայքարելով բերանի հոտի դեմ: Խորհուրդ կտամ ուտել շատ բանջարեղեն եւ միրգ, կանոնավոր մաքրել ատամները: Ատամների պահպանման համար օրգանիզմին անհրաժեշտ արժեքավոր նյութեր պարունակվում են նաեւ լոբազգի բույսերի, կաթի եւ կաթնամթերքի մեջ: Եթե ձեռնարկված միջոցներից հետո հոտը չի անցնում, պետք է խորհրդակցել բժշկի հետ եւ անցնել հետազոտություն:

Բերանի հոտը վերացնելու համար պետք է բերանի խոռոչը ողողել վարդի, անանուխի, երիցուկի եփուկներով: Դարչինը, մեխակը, նարինջը, սուրճը  եւս վերացնում են բերանի տհաճ հոտը:

Հեղինակ՝ Գոհար Թևանյան

Մեկ մեկնաբանություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։