Հիվանդ բալիկ
Երեխաներ,  Փորձագետի խորհուրդներ

Խորհուրդներ ծնողներին

Ձմռան ամիսներին երեխաները հաճախ են տառապում մրսածությամբ, գրիպով, որն էլ ուղեկցվում է բարձր ջերմությամբ, կոկորդացավով…
Ի՞նչ անել, եթե ձեր մանկիկը մրսել է։

Առաջին հերթին պետք է գնահատել երեխայի վիճակը: Սուր շնչառական վարակների գերակշռող մեծամասնությունը ախտահարում են վերին շնչուղիները եւ առաջացնում են հարբուխ, ջերմության բարձրացում, կոկորդացավ: Այսպիսի վիճակները դեպքերի մեծ մասում անցնում են ինքնաբերաբար, եւ չեն պահանջում դեղամիջոցների նշանակում: Բայց կա վտանգ, որ այս տեսակ “սովորական” ախտանիշների ետեւում կարող են թաքնված լինել ավելի ծանր հիվանդություններ` թոքաբորբ, բրոնխների բորբոքումների ծանր ձեւեր կամ նույնիսկ ուղեղի թաղանթի ախտահարում:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Այս առումով գնահատման գլխավոր խնդիրն է բացահայտել այդ տեսակ ծանր հիվանդությունները: Իհարկե, լավագույնս այս խնդիրը կլուծի մանկաբույժը, բայց ծնողները եւս պետք է իմանան որոշ վտանգավոր հիվանդությունների ախտանիշները:
Դրանք են` ցնցումները, արտահայտված թուլությունը, կամ հակառակը` ծայրահեղ անհանգստությունը, գրգռվածությունը: Երեխան կոկորդացավի պատճառով չի կարողանում խմել: Նրա մոտ նկատվում է գերքնկոտություն, դժվարացած, հաճախացած շնչառություն:

Հիշեք, եթե ձեր մանկիկի մոտ դիտում եք վերը նշված ախտանիշներից որեւէ մեկը, ապա անմիջապես հրավիրեք մանկաբույժի: Այս վիճակները վտանգավոր են երեխայի համար եւ պահանջում են համապատասխան բուժամիջոցների կիրառում:
Եթե նշված ծանր ախտանիշները դուք չեք տեսնում ձեր երեխայի մոտ, եւ մանկաբույժը ժխտում է այլ ծանր հիվանդության առկայությունը, ապա երեխային կարելի է բուժել տանը եւ ձեր գլխավոր խնդիրն է կազմակերպել նրա ճիշտ խնամքը:
Դա նշանակում է, որ անհրաժեշտ է.

Կերակրել երեխային
Միայն ճիշտ սնունդը կօգնի փոքրիկին հաղթահարել հիվանդությունը: Պատրաստեք տարատեսակ կերակուրներ: Կրծքով կերակրվող երեխային կարելի է կերակրել ավելի հաճախ, անպայման հետեւելով, որ քթի արտադրությունը չխցանի քթի խոռոչը: Եվ եթե հիվանդության ընթացքում անհրաժեշտ է բավարար սնուցում, ապա հիվանդությունից հետո` հավելյալ, որը կօգնի մանկիկին վերականգնել իր ուժերը:

Տալ երեխային հեղուկներ
Սա նպաստում է օրգանիզմից թունավոր նյութերի հեռացմանը, կանխում է ջրազրկումը եւ այլ բարդությունների զարգացումը: Հեղուկները (թեյ, հյութեր, հանքային ջուր) պետք է լինեն միայն գոլ, ոչ տաք, ոչ էլ սառը: Եթե երեխան հրաժարվում  է ընդունել բաժակի պարունակությունը միանգամից, առաջարկեք 1-2 թ.գ., 2-3 րոպե ընդմիջումներով:

Մեղմացնել հազը, կոկորդացավը
Մի՛ մոռացեք ամենասովորական միջոցները` թեյը մեղրով, կաթը սոդայով, գազը հանած գոլ հանքային ջուրը, ժողովրդական այլ միջոցները, օրինակ, դոշաբը (ավագ երեխաների մոտ):
Եթե երեխան շատ ուժեղ է հազում, ապա բժիշկը կնշանակի որեւէ թուրմ, օշարակ, կամ էլ դեղամիջոց: Հարկ է չմոռանալ նաեւ այսպես կոչված շեղող բուժման մասին` մանանեխի սպեղանի (կրծքի երեխաների մոտ անպայման բարուրի վրայից), կամ կրծքավանդակին մեղր քսելը: Որոշ ծնողներ հաջողությամբ կիրառում են այծի ճրագուն: Հազի դեպքում կատարեք սոդայի լուծույթով ինհալացիաներ: Կրուպի ժամանակ բուժումը հարկ է սկսել ոտքի տաք  լոգանքներից:

Պահել երեխային չափավոր տաքության պայմաններում
Սենյակում օդը պետք է լինի բավարար տաք եւ խոնավ: Խոնավությունը կարելի է բարձրացնել խոնավ սավաններ կախելով, անընդհատ ջուր եռացնելով: Պետք չէ չափազանց տաք փաթաթել մանկիկին` սա կարող է էլ ավելի բարձրացնել ջերմությունը:

Աչալուրջ  հսկել  երեխայի ջերմությունը
Ջերմության բարձրացումն օրգանիզմի պաշտպանական պատասխանն է եւ նպաստում է հարուցիչների ոչնչացմանը: Ելնելով այս հանգամանքից` պետք չէ իջեցնել ջերմությունը, եթե այն չի գերազանցում 38.5 աստրճանը: Սակայն, անկախ վերոհիշյալ ցուցանիշներից, տենդը հարկ է ճնշել, եթե երեխայի մոտ նախկինում եղել են ցնցումներ, կամ եթե ջերմությունը խիստ ընկճում է երեխայի ինքնազգացողությունը: Բոլոր դեպքերում հարկ է իջեցնել 38.0 — 38,5.0C  ջերմությունը:

Կարելի է սկսել ֆիզիկական եղանակներից` հանել ավելորդ ծածկոցը, շփել մարմինը գոլ (ոչ սառը) ջրով կամ սպիրտի նոսրացրած լուծույթով: Դեղամիջոցներից նախապատվությունը հարկ է տալ պարացետամոլին` հաբեր, օշարակ, մոմիկներ: Օգտագործվում են նաեւ պարացետամոլի տիպի դեղամիջոցներ` ացետամինոֆեն, թիլինոլ, պանադոլ:
Հիշեցնենք, որ երեխաներին հակացուված է ասկոֆենը, քանի որ այս դեղամիջոցի բաղադրիչներից  մեկը կարող է վնասել երեխայի երիկամները:
Մի չարաշահեք դեղորայքը, մասնավորապես հակաբիոտիկները

Շնչառական համակարգի հիվանդությունների մեծ մասի հարուցիչները վիրուսներն են, որոնց վրա ազդող դեղամիջոցներ գրեթե չկան: Հակաբիոտիկները կիրառում են միայն թոքերի բորբոքման, թարախային անգինայի կամ այլ, ավելի ծանր հիվանդությունների դեպքում, կամ էլ ծայրահեղ հյուծված երեխաների մոտ: Եթե սովորական, չբարդացած մրսածության դեպքում դուք երեխային տալիս եք հակաբիոտիկ, ապա ոչ թե պակասեցնում եք, այլ հակառակը` բարձրացնում եք բարդությունների զարգացման վտանգը:

Այն երեխաները, որոնք կյանքի ընթացքում ունենում են  լուրջ ցնցումներ, բազմիցս անհիմն օգտագործում են հակաբիոտիկներ, հետագայում ավելի հաճախ են տառապում այլ հիվանդություններով: Ամեն դեպքում, հակաբիոտիկը պետք է  նշանակի միայն բժիշկը:

Հեղինակ՝ Լիլիթ Մանուկյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։