Մայր ու աղջիկ
Երեխաներ,  Տղամարդ եվ կին

Ինչպես երեխաներին բացատրել սեռի հարցերը

Պետք է նկատի ունենալ, որ այդ հարցերի պարզաբանումը չի կարելի սահմանափակել երեխայի հետ մեկ անգամ զրուցելով: Այն, ինչպես նաեւ դաստիարակությունն ընդհանրապես, պետք է շարունակվի մի քանի տարի. դա բխում է այն սկզբունքից, որ հարկավոր է սպասել մինչեւ երեխան, ճանաչելով իրեն շրջապատող աշխարհը, ինքը սկսի հարցեր տալ:

Պետք չէ նրան արհեստականորեն հրահրել, ժամանակից շուտ արթնացնել սեռական խնդիրների վերաբերյալ նրա հետաքրքրությունը: Սակայն, եթե հարցն արդեն տրված է, ապա հարկավոր է ճիշտ պատասխան տալ, այնպիսի պատասխան, որը կհամապատասխանի երեխայի զարգացման մակարդակին եւ իր բովանդակությամբ դուրս չի գա առաջադրված հարցի շրջանակներից: Սովորաբար այդպիսի պատասխան ստանալուց հետո երեխան որոշ ժամանակ չի անդրադառնում այդ թեմային այնքան ժամանակ, մինչեւ որ իրերի եւ երեւույթների ճանաչման ընթացքում նրա մեջ նոր հարց չի ծագում: Տարբեր հարցերի միջև ընկած ժամանակը կարող է տարբեր լինել եւ այն դժվար է կանխագուշակել, իսկ բացատրական զրույցների առիթը կարող է միանգամայն հանկարծակի ստեղծվել:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Քանի որ առիթ կարող են ծառայել երեխային շրջապատող միջավայրում տեղի ունեցող ամենատարբեր իրադարձությունները, ուստի բացատրական զրույցների բնույթը համապատասխանորեն փոխվում է: Ըստ բազմաթիվ հետազոտողների դիտարկումների, երեխաները սեռական կյանքի վերաբերյալ հարցեր սկսում են տալ 3-4 տարեկան հասակում: Հայտնի է, որ սեռի հարցերի վերաբերյալ բացատրական աշխատանքի իդեալական դրվածքի դեպքում երեխաներն անհրաժեշտ տեղեկություն պետք է ստանան արբունքի շրջանից առաջ, այսինքն,  մինչեւ 12-14 տարեկան դառնալը: Հետեւապես սեռական կյանքի, որդեծնության վերաբերյալ երեխաների հետ  զրույցը պետք է անցկացնել համապատասխանաբար համբերատար եւ նրբանկատորեն:
Պարզաբանումը պետք է միշտ ճշմարիտ լինի. խուսափողական պատասխանները (երեխաներին “ծովից են բռնել” եւ նման այլ հեքիաթներ) երեխայի հետաքրքրությունը բավարարում են միայն կարճ ժամանակով եւ վաղ թե ուշ դրանց հետեւանքը կարող է լինել միայն մեծերի նկատմամբ վստահության կորուստը, որը անդունդ կառաջացնի երեխաների եւ սուտասան ծնողների միջեւ:

Բացասական օրինակը չի նպաստում նաեւ երեխաների մեջ ճշմարտասիրության դաստիարակմանը:
Հարցեր տալով երեխաները ձգտում են ճանաչել իրենց շրջապատող աշխարհն ու այնտեղ տեղի ունեցող երևույթները եւ ոչ թե հեքիաթներ լսել:  Խուսափողական պատասխանները երեխայի հետաքրքրությունը բավարարելու փոխարեն գրգռում են նրա երեւակայությունը:
Այդ ժամանակ երեխան սկսում է գիտակցել, որ գոյություն ունի մեծահասակների ինչ-որ մի ուրիշ, խորհրդավոր աշխարհ, որն իրենից թաքցնում են: Մի կողմից, դա առաջ է բերում մենակություն, մյուս կողմից` նրան դրդում է ճանաչելու իրենից քողարկված աշխարհը: Այլ կերպ ասած` կեղծ պատասխանները հանգեցնում են հակադարձ արդյունքի.  երեխայի ուշադրությունը շեղելու փոխարեն է՛լ ավելի են բորբոքում նրա հետաքրքրությունը սեռի հարցերի նկատմամբ:

Հեղինակ՝ Լիլիթ Մանուկյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։