Երեխան բժշկի մոտ
Երեխաներ,  Փորձագետի խորհուրդներ

Եթե անհանգստացնում է բերանաբորբը

-8 տարեկան երեխայի բերանի խոռոչում  անընդհատ վերքեր են առաջանում:  Երեխայի մոր մոտ ժամանակին նույնպես եղել են նման երեւույթներ: Արդյո՞ք  դա կարող է ժառանգական լինել, ի՞նչ հիվանդություն է եւ ինչպե՞ս կարելի է այն բուժել, որպեսզի այդ վերքերն անընդհատ չկրկնվեն:
Նունե, ք. Երեւան

Մեր խմբագրություն դիմած ընթերցողի հարցը պարզաբանելու համար դիմեցինք ատամնաբույժ Գայանե Օրդյանին:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

— Որպես մասնագետ, նկարագրված ախտանշանները ինչպիսի՞ հիվանդություն կախտորոշեիք:
— Առանց երեխային տեսնելու մի փոքր դժվար է եզրակացնել, թե ինչպիսի հիվանդություն կարող է առաջացած լինել, սակայն նկարագրած ախտանշաններից կարող եմ ասել, որ Ձեր ընթերցողի երեխայի մոտ առաջացել է բերանաբորբ:

— Ինչպիսի՞ հիվանդություն է բերանաբորբը, եւ ի՞նչը կարող է  այս հիվանդության ի հայտ գալու պատճառ հանդիսանալ:
— Բերանաբորբը բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումն է եւ բժշկության մեջ հաստատվել է, որ այն կարող է լինել մի քանի տեսակ՝ լորձենաբորբային, խոցամեռուկային, աֆթոզ, դեղորայքային, կանդիդոզային, վնասվածքային: Միայն լեզվի վրա առաջացած բորբոքումը կոչվում է լեզվաբորբ,  լնդերինը` լնդաբորբ: Բնականաբար, միանգամից անհնար է եզրակացնել, թե որ տեսակը կարող է առաջացած լինել, այդ իսկ պատճառով պետք է կատարել համապատասխան հետազոտություն:
Իսկ ինչ վերաբերում է բերանաբորբի առաջացման պատճառներին, ապա պետք է ասել, որ դրանք հիմնականում տարբեր են լինում. դա կարող է լինել սուր վիրուսային, աղեստամոքսային համակարգի հիվանդություններից, վիտամինների անբավարարությունից, արյան հիվանդություններից:

— Ինչպիսի՞ նախադրյալներ կարող են նպաստել բերանաբորբի  բարդացմանը, եւ բերանի խոռոչում ի՞նչ ձեւի կամ տիպի կարող է այն լինել:
— Մեր հասարակության մեջ կան արմատավորված վնասակար սովորություններ, որոնք էլ ժամանակի ընթացքում նմանատիպ հիվանդությունների պատճառ են դառնում: Բերանաբորբի բարդացմանը կարող են նպաստել բերանի խոռոչի հիմնական գրգռումները՝ ծխելը, խմելը, շատ տաք կամ շատ սառը, թթու կամ կծու կերակուրների օգտագործումը: Դիտվում է, որ բերանաբորբի բարդացման պատճառ կարող է լինել նաեւ դեղորայքի ընդունումը: Իսկ ինչ վերաբերում է այս հիվանդության ձեւին կամ տիպին, ապա այն կարող է լինել ներքին եւ արտաքին: Ներքինի ժամանակ բերանի խոռոչում լինում է մանր ցան, իսկ արտաքինի ժամանակ  բշտիկներ են առաջանում:

— Կա՞ն հատուկ նախանշաններ, որոնցից կարելի է եզրակացնել, որ առաջացել է բերանաբորբ:
— Բնականաբար, ինչպես մյուս բոլոր հիվանդությունները, այնպես էլ այս հիվանդությունը ունի մի քանի նախանշաններ: Հիմնական նշաններն են բերանի խոռոչի կարմրելը, այտերին, լեզվին կամ շուրթերին առաջանում են սպիտակա-կարմրավուն գոյացումներ, հիվանդի մարմնի ջերմաստիճանը բարձրանում է,  եւ նկատվում է ուժեղ թքարտադրություն: Շատ հաճախ բերանաբորբն առաջանում է որպես ներքին օրգանների հիվանդությունների հետեւանք:

— Բերանաբորբը ժառանգակա՞ն հիվանդություն է:
— Մարդկանց մոտ տարածվել է մի թյուր կարծիք, որ բերանաբորբը ժառանգական հիվանդություն է` եթե ժամանակին մոր կամ հոր մոտ եղել է, ուրեմն դա ժառանգաբար անցել է: Սակայն  մասնագետները ուսումնասիրել են այդ երեւույթը եւ հանգել այն եզրակացության, որ բերանաբորբը ժառանգական լինել չի կարող:

— Ինչպե՞ս է կատարվում այս հիվանդության բուժումը:
— Մասնագիտորեն անթույլատրելի է սկսել այս հիվանդության բուժումը, երբ վերացված եւ բուժված չէ բերանաբորբի առաջացման պատճառը, քանի որ բուժումն արդյունավետ լինել չի կարող: Դրա համար էլ պատճառը վերացնելուց հետո միայն սկսում են բերանաբորբի բուժումը:

— Անդրադառնանք մեր ընթերցողի հարցին: Միանշանակ հասկացանք, որ այդ երեխայի մոտ առաջացել է բերանաբորբ: Սակայն ի՞նչ խորհուրդ կտաք, ինչի՞ց սկսել բուժումը:
— Ինչպես արդեն նշեցի, անհնար է սկսել հիվանդության բուժումը՝ առանց վերացնելու պատճառը: Առաջին եւ կարեւոր նախապայմանն այն է, որ երեխան պետք է անցնի խորը հետազոտություն, պետք է պարզել հիվանդության պատճառը, բուժել այդ հիվանդությունը, հետո միայն դիմել ատամնաբույժին, որն էլ կբուժի բերանաբորբը:

— Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին, որպեսզի առհասարակ զերծ մնան նմանատիպ հիվանդություններից:
— Որպես մասնագետ խորհուրդ կտամ առաջին հերթին պահպանել  բերանի հիգիենան, իսկ բերանի խոռոչի դիմադրողականությունը բարձրացնելու համար բերանը պետք է ողողել կերակրի սոդայի լուծույթով եւ երիցուկի թուրմով: Շատ օգտակար է նաեւ C վիտամինի ընդունումը: Բերանի խոռոչի գրգռումը մեղմելու համար անհրաժեշտ է հրաժարվել կծու եւ թթու ուտելիքներից, ինչպես նաեւ շատ վնասակար է ծխելը: Կերակուրը պետք է լինի փափուկ եւ վիտամիններով հարուստ: Բերանաբորբից խուսափելու համար պետք է վերացնել վարակի բոլոր օջախները:

— Շնորհակալություն հարցերի պարզաբանման եւ օգտակար խորհուրդների համար:

Հեղինակ՝ Մանե Դավթյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։