Վախեցած փոքրիկ
Երեխաներ,  Հոգեբանություն

Մութ սենյակի վախերը

— Երեխաս վախենում է մթությունից: Ի՞նչ կարելի է անել, ի՞նչ խորհուրդ կտաք:
Սուսաննա, Երեւանից։

Երեխան վախենում է մութ սենյակից: Բոլորիս հայտնի իրավիճակ: Ինչպե՞ս պետք է վարվի ծնողը: Ընթերցողի հուզող հարցին պատասխանելու համար դիմեցինք Հոգեվերլուծության եւ հոգեթերապիայի զարգացման հայկական հիմնադրամի հոգեբան, հոգեվերլուծող, դոցենտ Անժելա Վարդանյանին:

Մանկական վախ` մութ սենյակից: Ի՞նչ է դա: Կարելի՞ է արդյոք համարել այդ վախը ախտածնություն:
— Նախ ասեմ, որ յուրաքանչյուր երեխա անհատ է եւ ունի իր անհատական պատմությունը՝ սկսած նրանից, թե ինչպես է անցել մոր հղիությունը, ինչպիսին է եղել ծննդաբերությունը, ինչպիսին են եղել ընտանիքի անդամների հարաբերությունները, ինչ միջավայրում է հայտնվել երեխան՝ լույս աշխարհ գալով…

— Մի՞թե նորածին երեխան կարող է ինչ-որ բան հասկանալ մեծերի հարաբերություններից:
— Որքան փոքր է երեխան, այնքան ավելի սուր է նրա զգայական ընկալումը: Եթե նորածին երեխայի գիտակցական ոլորտը դեռեւս զարգացած չէ, փոխարենը աշխարհի զգայական ընկալումն ուժեղ է. երեխան զգում է մի դեպքում “լքված” մոր հոտը, մյուս դեպքում՝ “վախեցած” մոր հոտը: Մոր հորմոնալ փոփոխությունները (օրինակ՝ հղիության արհեստական ընդհատումից հետո) փոխում են նրա կաթի համը: Իսկ մոր լարվածությունն անմիջապես ընկալվում է երեխայի կողմից, քանի որ փոխվում է սրտի բաբախումների ռիթմը:
Խոսելով մանկական վախերի մասին՝ շատ կարեւոր է նշել երեխայի տարիքը, քանի որ նա անցնում է ֆիզիկական եւ հոգեբանական զարգացման հերթական փուլեր:

Կյանքի սկզբում երեխայի կապը մոր հետ մարմնական է. նա իր կյանքի մեծ մասն անցկացնում է մոր ձեռքերի մեջ, սկսած 6 ամսականից մոր ձեռքերով է հասնում առարկայական նպատակներին: Հենց որ երեխան սկսում է քայլել, նա ցանկանում է ինքնուրույն հետազոտել շրջապատող աշխարհը: Սակայն սկզբում հեռանում է մորից այնքան, որ չկորցնի տեսադաշտից, հետո այնքան, որ գոնե լսի նրա ձայնը: Եվ սկսած այդ պահից շատ կարեւոր է, թե ինչպիսին է մայրը: Կան մայրեր, որոնք չափից դուրս մտահոգ են: Այդ պարագայում ծնողն ինքը կարող է ստեղծել մութ սենյակի վախը: Այսինքն՝ երեխան հանգիստ գնում-գալիս է մութ սենյակ, բայց բավական է, որ ծնողը ասի. «Այնտեղ մութ է, մի գնա»,- եւ երեխայի մոտ առաջանում է վախ: Երբեմն ծնողը հենց ինքն է անցյալում ունեցել նման վախեր եւ փորձում է յուրովի “ապահովագրել” երեխային, բայց ստանում է ճիշտ հակառակ արդյունք. երեխան շատ շուտ է զգում ծնողի տագնապը, որը փոխանցվում է իրեն:

— Վախի առաջացման ուրիշ ի՞նչ դեպքեր կարող են լինել:
— Մինչեւ 3 տարեկան երեխան մեկ անգամ ապրած պատահական վախը կարող է օգտագործել որպես զենք՝ իր նպատակին հասնելու՝ լրացուցիչ ուշադրության արժանանալու համար: Օրինակ՝ եթե երեխան գիշերն արթնանա, կանչի մորը՝ գանգատվելով, որ վախենում է, իսկ մայրը մոտենալու, հանգստացնելու փոխարեն կանչի իր մոտ՝ իր անկողինը, ապա շատ հնարավոր է, որ երեխան ամեն գիշեր կրկնի այդ հնարը:
Կա հանկարծակի, անպասելի վախ մութ սենյակից, քանի որ, սկսած 2-3 տարեկանից, երեխան “հետազոտում է” իր շրջապատը եւ հանկարծ հայտնվում է մութ սենյակում. նրան վախեցնում է անհայտությունը, այն, որ ինքը կանհետանա այդ չհետազոտված “մութ անդունդում”: Ենթագիտակցաբար երեխան արդեն ապրել է այդ զգացողությունը՝ ծնվելիս լքելով այնքան ցանկալի եւ հարմարավետ “կացարանը”: Որպես կանոն, այս տիպի հանկարծակի վախը շուտ է անցնում: Այստեղ շատ կարեւոր է ծնողի պահվածքը: Ծնողը միշտ պետք է պատրաստ լինի երկխոսության, պատրաստ լինի օգնել իր զավակին, խոսել նրա հետ, վառել լույսը, ցույց տալ, որ ոչ մի վախենալու բան չկա:
Չափից դուրս զգայուն, գրգռվող երեխաների մոտ քնելու սովորական ռիթմը հեշտությամբ կարող է խախտվել: Ծնողը չպետք է զլանա ժամանակ տրամադրել քունը կորցրած երեխային: Կարելի է թույլ լուսավորության տակ հեքիաթ պատմել, զրուցել հաճելի բաների մասին, մեղմ շոյել երեխայի գլուխը:

— Իսկ ճիշտ կլինի՞ տղա երեխային հիշեցնել, որ ինքը տղա է եւ չպետք է վախենա:
Երբեմն էլ աղջիկ երեխային ասում են. “Դու աղջիկ ես, ոչինչ, կլացես, հետո կանցնի”:
— Այդպիսի մոտեցումները սխալ են: Երեխան, ձգտելով արդարացնել տղայի “բարձր” կոչումը կամ աղջկա կերպարին բնորոշ պահվածքը, կարող է թաքցնել իր վախը, ուղղակի ցույց չտալ ծնողին: Սակայն այն չի անցել, մնացել է նրա մեջ թաքնված եւ ավելին, կուտակվում է: Առավել կարեւոր է գտնել վախի բուն պատճառը: Երբեմն դա անում է միայն մասնագետ-հոգեվերլուծողը:

— Ո՞ր դեպքում ծնողը պիտի իրապես անհանգստանա եւ դիմի մասնագետի օգնությանը:
— Եթե վախը առկա է երկար ժամանակ, եթե երեխան արդեն 7-8 տարեկան է, բայց վախենում է մութ սենյակից: Եթե, բացի այդ վախից, ակնհայտ են նյարդային այլ դրսեւորումներ՝ գիշերամիզություն, մատները ծծելու սովորություն, մեկուսի, չշփվող պահվածք, այլ վախերի առկայություն, անհարմարավետության ինչ-որ նշաններ, ապա պետք է դիմել հոգեվերլուծողի:

— Կարո՞ղ է մութ սենյակի վախ առաջանալ  հոգեկան ցնցումից:
— Այո, իհարկե: Օրինակ՝ իմ պրակտիկայում կար մի դեպք, երբ ընտանիքում մահացել էր տատիկը: Նա ունեցել էր բարդ հարաբերություններ ե՛ւ թոռների, ե՛ւ ընտանիքի մյուս անդամների հետ: Իննամյա տղան՝ մահացածի թոռնիկը, վախենում էր մտնել զուգարան. նրան թվում էր, թե մահացած տատիկը դուրս կգա այնտեղից: Այսպիսի դեպքերում պատճառը հոգեկան տրավման է, եւ լավ կլինի դիմել հոգեբանի օգնությանը:

— Նկատել եմ, որ փոքրիներն ունեն վառ երեւակայություն: “Մութ սենյակից” վախենալու պարագայում սա ունի՞ իր դերը:
— Այո, մեծ դեր ունի երեխայի երեւակայությունը: 5-7 տարեկանում եւ նույնիսկ ավելի մեծ հասակում երեխային բնորոշ է երեւակայելը: Նա ստանում է շատ տեղեկատվություն ֆիլմերից, գրքերից, հեռուստահաղորդումներից, համակարգչային խաղերից: Երեխան վերարտադրում է իր տեսածը երազում, հաճախ էլ շարունակում է երեւակայել կյանքում՝ մութ սենյակի անորոշության մեջ ուրվագծելով այն, ինչից տպավորվել է: Հետաքրքիր է, որ վախեցնող երեւակայությունն ունի նաեւ հանգստացնող բնույթ: Բերեմ օրինակ` երկու տարեկան երեխային նվիրել էին ձայներ արձակող մի խաղալիք: Երեխան սեղմում էր խաղալիքը, մի քիչ հեռանում եւ դրա արձակած ձայնի տակ ուժգին, անմխիթար լաց լինում: Հենց որ խաղալիքը լռում էր, երեխան դադարում էր լաց լինել: Մայրը պատմում էր, որ դա կրկնվեց 4-5 անգամ: Երեխան այդպես էր վարվում անգիտակցաբար, ամեն անգամ լացելուց հետո նա հաճույք էր ստանում իր հանգստությունից:

— Ինչպե՞ս կարելի է օգնել բուռն երեւակայություն ունեցող երեխային:
— Կան պաշտպանման հորինվածքային ձեւեր: Օրինակ՝ խաղը, որում երեխան միշտ հաղթում է իրեն վախեցնողին: Դա ամրապնդում է նրա ինքնավստահությունը: Եվ պարտադիր չէ, որ խաղը լինի համակարգչային: Խաղային թերապիայի ձեւերից է խմբակային խաղը:

— Հաճախ երեխային վախից ազատելու համար հիմնականում տատիկները դիմում են “մոմ թափողի”: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:
— Այստեղ գործում է եռակի հոգեբուժական արդյունք: Այն ապահովվում է նախ` տատիկի հավատով, երկրորդ` նրանով, որ երեխան վստահում եւ հավատում է տատիկին եւ երրորդ՝ ծեսը կատարող անձի էքստրասենսոր ունակություններով: Փաստորեն, տեղի է ունենում անուղղակի հիպնոտիկ ազդեցություն: Եթե այն օգնում է լուծել խնդիրը` լավ է, իսկ եթե ոչ` կարելի է դիմել բժիշկ-մասնագետի:

— Ընդհանուր առմամբ ի՞նչ խորհուրդ կտաք ծնողներին:
— Ծնողներին խորհուրդ կտամ սիրել իրենց զավակներին, վերաբերվել նրանց որպես անհատների, հաճախ մտերմաբար զրուցել նրանց հետ, երբեք չծաղրել նրանց հույզերը կամ վախերը: Չափից դուրս մտահոգ ծնողներին, որոնք ունեն տեղեկատվության պակաս, խորհուրդ եմ տալիս չդիմել ինտերնետին, որովհետեւ այնտեղ ինչ տեսակ տեղեկություն ասես կա, այդ թվում՝ չստուգված, ոչ մասնագիտական կամ բացասական, որը ոչ մի դեպքում պետք չէ կիրառել սեփական երեխայի հանդեպ կամ ձեր յուրատիպ իրավիճակում: Ավելի լավ կլինի, որ անհանգիստ ծնողը անմիջապես գնա մասնագետի մոտ:

Բացի դրանից, ամեն մի առանձին դեպք շատ յուրատիպ է եւ պահանջում է անհատական մոտեցում: Զրույցի սկզբում նշվեց, որ երեխան անցնում է հոգեբանական զարգացման փուլեր: Կախված անհատի առանձնահատկություններից` զարգացման մի փուլը կարող է երկարաձգվել, մյուս փուլը՝ լինել ավելի կարճատեւ: Այստեղ մի որոշակի նորմատիվ չկա: Ամեն ինչ խիստ անհատական է: Իսկ հստակ կարելի է ասել մի բան. ամեն մի երեխա կարիք ունի գիտակցելու, հասկանալու, որ ինքը սիրված է, սպասված եւ ցանկալի իր մտերիմների համար:

Հեղինակ՝ Ռուզաննա Սիմոնյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։