Գորտնուկներով ձեռք
Փորձագետի խորհուրդներ

Ի՞նչ է պապիլոմավիրուսը

— Խնդրում եմ գրել պապիլոմավիրուսի մասին:  Դեմքի  եւ  պարանոցի  գորտնուկները  վտանգավո՞ր են առողջության համար:
Իրինա, Երեւանից

Մարդու առողջ օրգանիզմն ի վիճակի է պայքարելու ժառանգաբար փոխանցվող եւ ձեռքբերովի վիրուսների դեմ: Պապիլոմավիրուսային հիվանդությունների մասին պատկերացում կազմելու, դրանց կանխարգելման եւ բուժման մասին զրուցեցինք թերապեւտ Հովիկ Խանսանամյանի հետ:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

— Կխնդրեի պարզաբանել, թե ի՞նչ է այս վիրուսը:
— Վարակիչ հիվանդությունների հարուցիչներին ընդհանուր անունով անվանել են վիրուսներ, որ նշանակում է կենդանական ծագում ունեցող թույն: Վիրուսներն աղքատ են սեփական ֆերմենտներից, այդ պատճառով, ի տարբերություն այլ կենդանի օրգանիզմների, դրանք սնման հատուկ օրգաններ չունեն եւ համարվում են մակաբույծներ, քանի որ աճում եւ բազմանում են միայն միկրոօրգանիզմների կենսունակ բջիջներում եւ առաջացնում իրենց բնորոշ բազմապիսի հիվանդություններ:

— Կոնկրետ պապիլոմավիրուսն ինչպիսի՞ վիրուս է, եւ ի՞նչ տեսք ունի այն:
— Պապիլոմավիրուսն առաջանում է մարդկանց, ճագարների եւ խոշոր եղջերավոր անասունների օրգանիզմում: Պապիլոմայի վիրուսները առաջացնում են պապիլոմատոզ հիվանդություն: Այն նաեւ կարող է գաղտնի վիճակում գտնվել օրգան-համակարգերի հյուսվածքների բջիջներում: Մարդու համար ախտածին է պապիլոմայի վիրուսի, այլ կերպ ասած՝ գորտնուկի վիրուսը: Այն արտահայտվում է վերնամաշկի վրայի փշաձեւ շերտի հաստացմամբ:

— Պապիլոմավիրուսը քանի՞ տեսակի է լինում:
— Պապիլոմավիրուսը կամ գորտնուկի հարուցիչը մարդու մոտ հայտնաբերվել է մի քանի տեսակով: Տարբերակում են 4 տեսակի գորտնուկներ՝ սովորական կամ հասարակ, տափակ կամ պատանեկան, ներբանային եւ սրածայր գորտնուկներ:

-Բժի՛շկ, կխնդրեի մի քանի խոսքով մանրամասնել այդ տարատեսակները:
Սովորական գորտնուկները հաճախ լինում են ձեռնաթաթերի մակերեսի վրա, ավելի քիչ՝ ափերի, ոտնաթաթերի, մեջքի, դեմքի մաշկի, գլխի մազածածկ մասի, շրթունքների եւ բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա: Դրանք կորեկի հատիկից մինչեւ խոշոր սիսեռի մեծության դեղնամոխրագույն, անհարթ, խորդուբորդ մակերեսով պապուլաներ են: Լինում են երեխաների ու պատանիների մաշկի վրա: Ընթացքը երկարատեւ է, քրոնիկական: Երբեմն վերանում են ինքնաբերաբար:
Տափակ կամ պատանեկան գորտնուկները հարթ, տափակ ոսպի մեծության են: Առաջանում են կարճ ժամանակում եւ զգալի քանակությամբ՝ ձեռնաթաթերի, դեմքի վրա: Դրանք պահպանվում են երկար, բայց նաեւ կարող են ինքնաբերաբար անհետանալ: Ներբանային գորտնուկները գոյանում են ոտնաթաթերի ներբանային մակերեսի այն տեղամասերում, որոնք շատ են ենթարկվում ճնշման: Դրանք կոշտուկներ հիշեցնող ամուր գոյացություններ են, կենտրոնական եղջերաշերտը փխրուն է ու հեշտությամբ արտաքերվելով արյունահոսում է: Դրանց քանակը մեծ չէ (1-3), սակայն ցավոտ են եւ խանգարում են քայլելուն ու կոշիկ հագնելուն:
Սրածայր գորտնուկները գերազանցապես տեղակայվում են սեռական օրգանների վրա կամ հետանցքի շրջանում, հազվադեպ՝ աճուկա-ազդրային ծալքում, կանանց կրծքագեղձի տակ: Դրանք կարող են հասնել մեծ չափերի ու երբեմն վերածվել ուռուցքանման գոյացությունների: Բլթիկների մեջ կուտակված թարախը քայքայվելով արձակում է տհաճ հոտ: Զգացվում է ուժեղ ցավ, քոր եւ առատ արտադրություն: Դրանք աճում են բարակ ոտիկի վրա, փափուկ են եւ ծաղկած կաղամբի կամ աքլորի կատարի տեսք ունեն:

— Իսկ ինչպե՞ս է տեղի ունենում վարակը:
— Գորտնուկների հարուցիչը ֆիլտրվող վիրուսն է, վարակումը տեղի է ունենում անմիջական շփումից: Սրածայր գորտնուկներն առաջանում են մաշկի տեղային գրգռման պատճառով կամ փոխանցվում են սեռական հարաբերության միջոցով: Տարածումը հնարավոր է նաեւ հետագա ինքնապատվաստմամբ: Գաղտնի շրջանը տեւում է մի քանի շաբաթից մինչեւ 9 ամիս: Սրածայր գորտնուկներ առաջանում են ոչ մաքրասեր տղամարդկանց մոտ՝ թլփաճարպի կուտակումից, եւ սպիտակածորանքից՝ կանանց մոտ:

— Գորտնուկը կարո՞ղ է ժառանգական բնույթ կրել:
— Պապիլոմավիրուսը կամ գորտնուկն իր տեսակներով ժառանգական բնույթ չի կրում, եւ նրա ժառանգաբար փոխանցումը հետագա սերունդներին  բացառվում է:

— Մեր ընթերցողին հատկապես հետաքրքրում է, թե դեմքի եւ պարանոցի գորտնուկները ի՞նչ վնաս կարող են հասցնել առողջությանը:
— Քանի որ դրանք տարածվում են նաեւ ինքնապատվաստմամբ, ուստի եւ նրանց հայտնվելը մարմնի տարբեր մասերում անխուսափելի է: Դեմքի եւ պարանոցի վրա հայտնված սրածայր գորտնուկները առանձնապես վտանգ չեն ներկայացնում: Դրանք հեռացնելու համար հարկավոր է վիրահատական միջամտություն: Ընթացքը բարդ չէ եւ բացասական հետեւանքներ չի թողնում:

— Բժի՛շկ Խանսանամյան,  վերջում ի՞նչ խորհուրդ կտաք ընթերցողներին, ինչպե՞ս խուսափել այդ վիրուսով վարակվելուց:
— Այս հիվանդությունը փոխանցվում է վիրուսի միջոցով, իսկ վիրուս բառն ինքնին արդեն խոսում է վտանգի, վարակի եւ հիվանդության մասին: Սովորաբար ամիսներ կամ տարիներ է տեւում վիրուսի օրգանիզմ ներթափանցման եւ առաջին նշանների ի հայտ գալու միջեւ, բայց այդ ընթացքում վարակված անձը կարող է  վիրուսը փոխանցել ուրիշներին: Գորտնուկները հարկավոր է բուժել, որպեսզի չտարածվեն: Իսկ խուսափելու համար պարզապես պահպանեք անձնական հիգիենան եւ զգուշությունը:

Հեղինակ՝ Գոհար Թևանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։