Ողնաշար
Փորձագետի խորհուրդներ

Խնայեք ողնաշարը

-Ինձ մոտ ախտորոշել են միջողնային սկավառակի ճողվածք: Խնդրում եմ գրել հիվանդության եւ նրա առաջացման պատճառների մասին:
Վարդուհի, Երեւանից
-Վիրահատել են միջողնային սկավառակի ճողվածքը: Առաջացել է սեռական թուլություն, հնարավո՞ր է այն բուժել:
Անանուն

Ի՞նչ է նշանակում գեղեցիկ կազմվածք: Դա ոչ միայն բարձր կուրծք, բարակ իրան եւ նրբագեղ կոնքեր ունենալն է, այլեւ գեղեցիկ, արքայավայել կեցվածքն է, ուղիղ մեջքը:  Շնորհիվ ուղիղ ողնաշարի, որի բոլոր ողները «շարք են կանգնել», մարդկանց աչքին հնարավոր է երեւալ ավելի բարձրահասակ եւ բարեկազմ: Ողնաշարը մարմնի հենարանն է, որը պահում է գլխի, իրանի եւ վերին վերջույթների ծանրությունը (մարմնի քաշի 2/3-ը) եւ այն տեղափոխում կոնքի ու ստորին վերջույթների վրա:
Միջողնային սկավառակը վնասվելու դեպքում նրա պարունակությունը դուրս է գալիս ողնաշարային խողովակ` սեղմելով նյարդային վերջույթները: Գոտկատեղի ճողվածքի պատճառով սկսում են ցավել ստորին վերջույթները, եւ խնդիրներ են առաջանում միզասեռական օրգաններում:
Թեմայի շուրջ զրուցեցինք նյարդավիրաբուժության բաժանմունքի նյարդավիրաբույժ Լեոնիդ Մովսիսյանի  հետ:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

 

-Որքանո՞վ են համակարգիչը կամ ծանրամարտը նպաստում միջողնային սկավառակի ճողվածքի առաջանալուն ...
-Համակարգչի մոտ երկար նստելը ողնաշարի մկանների թուլացման պատճառ է դառնում, որովհետեւ մկանները նույն լարվածության մեջ են գտնվում: Առաջանում են ցավեր, հոգնածություն: Եթե թուլացնենք ողնաշարի մկանային համակարգը, դրա փոխարեն ավելի մեծ ծանրաբեռնվածություն կընկնի միջողնային սկավառակների վրա, ինչն էլ կնպաստի միջողնային սկավառակի ճողվածքի առաջացմանը:
Ողնաշարի համար վնասակար են ե՛ւ անշարժությունը, ե՛ւ չափից շատ ծանրաբեռնվածությունը, ուժային սպորտով զբաղվելը:

-Ո՞ր սպորտաձեւերն են նպաստում ողնաշարի ամրապնդմանը:
-Ամենանախընտրելին լողն է` այդ ժամանակ ողնաշարի մկանները շատ ակտիվ են աշխատում, եւ դա ամրապնդում է ողնաշարը: Ծանրաբեռնվածությունները, որոնք այլ սպորտաձեւերում ազդում են ուղղահայաց, այսինքն` «նպաստում են» միջողնային սկավառակների սեղմմանը, կարող են առաջացնել վնասվածքներ: Իսկ լողի ժամանակ ողնաշարն, ընդհակառակը, ձգվում է` օգնելով ձերբազատվել ավելորդ ծանրաբեռնվածությունից:

-Ի՞նչ հետազոտություններ են անցնում միջողնային սկավառակի ճողվածքով հիվանդները:
-Այս ախտորոշումը հաստատելու համար ժամանակակից բժշկությունն օգտագործում է համակարգչային տոմոգրաֆիան: Ամենաճշգրիտ արդյունքներ տվող հետազոտությունը մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան է:

-Այս վիրահատությունը շատ հաճախ հետագայում բերում է կրկնակի վիրահատության եւ նոր ճողվածքների առաջացման: Ինչո՞ւ:
-Վիրահատությունը հետագա բարդությունների կանխարգելման երաշխիքներ չի կարող ապահովել: Վիրահատությունը հեռացնում է միայն գոյացած ճողվածքը: Այն բարդությունները, որ առաջացել են մինչեւ վիրահատությունը, հնարավոր է՝ այլեւս հետ չզարգանան, իսկ վիրահատությունից հետո ճողվածք առաջացնող հիվանդությունն օրգանիզմում չի անհետանում: Օրինակ՝ օստեոխոնդրոզ հիվանդությունը, որը ճողվածքների պատճառ է դառնում, վիրահատությունից հետո մնում է, եւ այս հանգամանքը պետք է հաշվի առնել:
Ճողվածքներ կարող են առաջանալ ինչպես վիրահատված սկավառակի սահմաններում, այնպես էլ ժամանակի ընթացքում՝ այն սկավառակների սահմաններում, որոնք նախկինում եղել են համեմատաբար առողջ: Դա կախված է միայն ու միայն օրգանիզմի վիճակից ու օստեոխոնդրոզի հետագա ընթացքից: Սովորաբար կրկնությունը  տեղի է ունենում այն դեպքում, երբ հիվանդները չեն պահպանում հետվիրահատական շրջանի ռեժիմը, տարեկան 1-2 անգամ չեն ստանում իրենց համար շատ անհրաժեշտ ֆիզիոթերապեւտիկ եւ առողջարանային բուժում:

-Ինչո՞ւ է միջողնային սկավառակի ճողվածքի դեպքում ցավը փոխանցվում դեպի ոտքը:
-Միջողնային սկավառակի ճողվածքի ժամանակ ստորին վերջույթների ցավի պատճառն այն է, որ ճողվածքն առաջացնում է միջողնային սկավառակների հարեւանությամբ անցնող նյարդարմատների ճնշում:

-Միջողնային սկավառակի ճողվածքի դեպքում կարո՞ղ են տուժել ներքին օրգանները:
-Պարանոցային եւ կրծքային բաժիններում միջողնային սկավառակի ճողվածքների դեպքում հնարավոր է լինեն խանգարումներ` կապված կրծքավանդակում տեղակայված օրգանների, մասնավորապես` սրտի աշխատանքի հետ: Այդ դեպքում հիվանդներն ունենում են ցավեր, ծակոցներ կրծքավանդակի ձախ մասում: Իսկ պարանոցային բաժնում հիմնական գանգատները կապված են գլխուղեղի հետ: Հիվանդներն ունենում են գլխացավ, գլխապտույտ եւ այլն: Կարող են լինել զարկերակային ճնշման տատանումներ: Այս հիվանդները շատ վատ են արձագանքում մթնոլորտային ճնշմանը, եղանակի կտրուկ փոփոխություններին:
Մեծ ճողվածքների դեպքում հիմնականում լինում են նյարդարմատների ճնշման ախտանշաններ: Դրանք դեպի ստորին վերջույթը ճառագայթող ցավերն են ու նյարդարմատների գործունեության խանգարումները: Բարդացած դեպքերում առաջանում են կոնքի օրգանների գործունեության խանգարումներ ու ստորին վերջույթներում մկանային թուլություն, որը կարող է հանգեցնել ընդհուպ ստորին վերջույթների անդամալուծության: Նման դեպքերում միշտ խանգարվում է կոնքի օրգանների աշխատանքը:

— Անդրադառնանք ընթերցողի հարցին: Կարո՞ղ է սեռական կարողության նվազումը կապված լինել միջողնային սկավառակի ճողվածքի հետ, իսկ կանանց մոտ առաջացնել գինեկոլոգիական խնդիրներ:
-Դա հնարավոր է բարդացած ճողվածքի դեպքում, երբ ճողվածքն այնքան մեծ է, որ ամբողջապես սեղմում է «ձիու պոչը»  (ողնուղեղից դուրս եկող նյարդարմատների խուրձը), որն էլ, անցնելով ողնաշարային խողովակով, կարող է շատ կոպիտ սեղմվել ճողվածքով եւ առաջացնել այդ նյարդարմատների խրձի գործունեության կոպիտ խանգարում: Այն կարտահայտվի ինչպես ստորին վերջույթների, այնպես էլ այն ներքին օրգանների աշխատանքի խանգարումով, որոնցով անցնում են այդ նյարդերը: Դա հիմնականում վերաբերում է կոնքի խոռոչի օրգաններին, օրինակ` հաստ աղիին, իսկ կանայք կարող են ունենալ սեռական օրգանների խանգարումներ, ինչպես նաեւ` տղամարդիկ: Որոշակի տեղակայության խանգարումներ կարող են առաջացնել սեռական կարողության նվազում:
Այսպիսով, գոտկային բաժնի վնասման դեպքում կարող են առաջանալ նաեւ մարսողական օրգանների, միզապարկի, գինեկոլոգիական հիվանդություններ, սեռական կարողության նվազում եւ այլն:
Տեղի են ունենում արյունամատակարարման խանգարումներ փոքր կոնքի օրգաններում:

-Բժի՛շկ, ֆիզիոթերապիան, մանուալ թերապիան կարո՞ղ են օգնել այս դեպքում: Ձեր խորհուրդը մեր ընթերցողին: Կարելի՞ է հետագայում բուժել սեռական անկարողությունը:
-Ֆիզիոթերապիան, մանուալ թերապիան այն մեթոդներն են, որոնք համարյա բոլոր հիվանդները անցնում են մինչեւ վիրահատման հասնելը, այսինքն` դա համալիր բուժման մի մասն է կազմում: Վիրահատությունից հետո, երբ բոլոր հիվանդներն անցնում են որոշակի հետվիրահատական շրջան (3 ամիս տեւողությամբ), խորհուրդ ենք տալիս ողնաշարի հետագա ամրապնդման համար պարբերաբար ստանալ ֆիզիոթերապեւտիկ եւ հատկապես` առողջարանային բուժում:
Կան ճողվածքներ, որոնց չափերից ու տեղակայումից կախված, հակացուցված են բուժման նման մեթոդները, մանավանդ, երբ դա արվում է ցածր որակավորում ունեցող մասնագետի կողմից: Մանուալ թերապեւտի սխալ գործողությունների հետեւանքով ճողվածքը կարող է անջատվել: Նման դեպքում առաջանում են անդառնալի փոփոխություններ:
Այս ընթերցողի բուժումը հնարավոր է, եթե հայտնաբերվի ճողվածքի առաջացման ճիշտ  պատճառը: Իսկ սեռական անկարողությունը տարբեր պատճառներ  կարող է ունենալ: Եթե պատճառը ստույգ հայտնի է դառնում, ապա այն հնարավոր է բուժել: Միայն մանրազնին հետազոտություններից հետո բժիշկը կարող է բուժում նշանակել:

-Ինչպե՞ս խուսափել միջողնային սկավառակի ճողվածքից:
-Հիվանդության սկզբնական շրջանում հիվանդները սիրում են զբաղվել ինքնաբուժությամբ, հետագայում բուժվում են կասկածելի մասնագետների մոտ, եւ նեղ մասնագետի դիմելիս հիվանդն արդեն գտնվում է ուշացած փուլում:
Ողնաշարն առողջ պահելու համար մարդկանց հիմնականում խորհուրդ ենք տալիս լինել ֆիզիկական ակտիվ վիճակում, չունենալ նորման գերազանցող քաշ, միշտ կատարել ֆիզիկական թեթեւ վարժություններ, ճիշտ սնվել:

-Վիտամինային անբավարարությունը կարո՞ղ է հանգեցնել միջողնային սկավառակի ճողվածքի առաջացման:
-Անմիջականորեն՝ ոչ, բայց վիտամինների անբավարարությունը միշտ էլ թուլացնում է օրգանիզմը, իսկ թուլացած օրգանիզմն արդեն նախապայման է ցանկացած հիվանդության համար: Անհրաժեշտ է սննդակարգից բացառել կծուն, թթուն եւ աղին: Սննդամթերքը պետք է հարուստ լինի սպիտակուցներով եւ այլն:

-Շաքարը յուրացնելու համար օրգանիզմը ոսկորներից վերցնում է կալցիումը: Տեղյակ եմ, որ շաքարը վտանգավոր է նաեւ քաղցր գազավորված ըմպելիքների, կոնֆետների եւ այլնի  ձեւով: Դա այդպե՞ս է:
-Կալցիումի փոխանակությունն օրգանիզմում բավականին կայուն է, եւ եթե մարդը սնվում է նորմալ, այսինքն` նրա սննդի մեջ կալցիումը չի պակասում, օրգանիզմում կալցիումի փոխանակության խանգարումներ շատ հազվադեպ են առաջանում:
Օստեոխոնդրոզի  դրսեւորումններից է միջողնային սկավառակի ճողվածքը: Եվ որպեսզի խուսափենք դրանից, անհրաժեշտ է ինքնաբուժությամբ չզբաղվել եւ ժամանակին դիմել բժշկի: Հարկավոր է բուժել նաեւ հիվանդությունից առաջացած հետեւանքները:

Հեղինակ՝ Աննա Իսկանդարյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։