Օգնության է հասնում բնաբուժությունը
— Երեխաս 14 տարեկան է, ունի էկզեմա, ենթաստամոքսային գեղձի բորբոքում (պանկրեատիտ) եւ բերանից տհաճ հոտ է գալիս: Ի՞նչ ժողովրդական միջոցներ կարող եք խորհուրդ տալ: Մշտ. ընթ. Երեւանից
Երեխան միաժամանակ տառապում է մի քանի հիվանդությունից: Այս դեպքում պետք է առանձին-առանձին ուսումնասիրել հիվանդությունների դեմ պայքարի եղանակներն ու միջոցները:
Նախ՝ անդրադառնանք էկզեմա հիվանդությանը
Էկզեման սուր եւ քրոնիկական ընթացող, կրկնվող մաշկային հիվանդություն է: Այն կազմում է մաշկային հիվանդությունների 30-40%:
Հիմնականում առաջանում է նյարդային եւ ներզատիչ համակարգերի խանգարումների, որեւէ ալերգենի հանդեպ օրգանիզմի գերզգայուն վիճակը պահպանող քրոնիկական վարակի օջախների, օրինակ՝ նշագեղձերի բորբոքման առկայության, աղեստամոքսային համակարգի եւ այլ հիվանդությունների դեպքերում: Այն նկատվում է նաեւ էքսուդատիվ դիաթեզ ունեցող երեխաների մոտ: Էկզեմայի ժամանակ այտուցված կարմիր մաշկի վրա առաջանում են տարբեր բնույթի ցաներ՝ թափանցիկ պարունակությամբ բշտիկներ: Դրանց պատռվելուց գոյանում են մանր թաց հատվածներ, միմյանց ձուլված վարդագույն հանգուցիկներ, առաջանում է սաստիկ քոր եւ անհանգստություն:
Մաշկը թեփոտվում է, առաջանում են ճաքեր, որոնք հետագայում կեղեւակալում եւ ցավ են պատճառում:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Էկզեմայի դեպքում ժողովրդական բժշկությունն առաջարկում է
Վերցնել եռագույն մանուշակ, տատրակի տերեւներ, խատուտիկի տերեւներ, նիվենու տերեւներ, կղմուխ, գիհու արմատներ, լորենու ծաղիկներ, ասեղնատերեւներ՝ հավասար քանակությամբ: Հավաքածուն մանրացնել, վերածել փոշու եւ խառնուրդից վերցնել 7 գրամ, ավելացնել 450մլ եռման ջուր, եռացնել 3 րոպե, թրմել 1,5 ժամ, ընդունել տաք վիճակում 1/3-1/4-ական բաժակ, օրական 3-4 անգամ, ուտելուց 20 րոպե հետո:
Վերցնել ձիաձետ, մոշի տերեւներ, դաշտային խորդենի, հապալասի ընձյուղներ, կղմուխ, եղինջի տերեւներ՝ հավասար քանակությամբ: Խառնուրդից վերցնել 4 գրամ, ավելացնել 350 մլ եռման ջուր, թրմել տաք տեղում 1 ժամ եւ օգտագործել տաք վիճակում, ուտելուց հետո:
Ենթաստամոքսային գեղձը խոշոր մարսողական գեղձ է: Այս գեղձի ներզատական գործունեությունը հիմնականում կապված է ինսուլինի եւ խաղողաշաքարի արտադրման հետ: Ենթաստամոքսային գեղձի ֆունկցիան խանգարվում է նրա բորբոքումների ժամանակ, որը լինում է սուր եւ քրոնիկական բնույթի:
Ապացուցված է, որ ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքումը պատահում է լեղուղիներով հիվանդների մոտ, հատկապես լեղաքարային հիվանդությունների ժամանակ:
Ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքումը կապված է նաեւ մեծ քանակությամբ ճարպային սննդի ընդունման հետ, սակայն հիվանդության զարգացման գործում մեծ դեր ունի նյարդաանոթային գործոնը, քանի որ ենթաստամոքսային գեղձը շատ զգայուն է նրանում կատարվող արյան մատակարարման նկատմամբ, ալերգիկ վիճակների, վնասվածքնների եւ հատկապես մեծաքանակ ճարպային, կծու, թթու, մսային սննդի ընդունման եւ վարակիչ, թունավոր ու այլ գործոնների առկայության նկատմամբ: Հիվանդության բուժման համար կարեւոր է հետեւել սննդակարգին:
Ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում ժողովրդական բժշկությունն առաջարկում է
Վերցնել կեչու տերեւներ, կատվախոտի արմատներ, մատիտեղ թռչնոց, սրոհունդ, վաղենակի ծաղիկներ, եղինջ, պղպեղադաղձ, երիցուկի ծաղիկներ՝ հավասար քանակությամբ: Այս հավաքածուից վերցնել 15 գրամ, ավելացնել 0,5 լիտր եռման ջուր, 8 ժամ թրմել թերմոսում եւ ընդունել տաք վիճակում, օրական 4 անգամ, 0,5-ական բաժակ, ուտելուց հետո, եւ 0,5-1 բաժակ՝ քնելուց առաջ:
Վերցնել անմեռուկի ծաղիկներ, մատիտեղ թռչնոց, սրոհունդ, խատուտիկի արմատներ, դառը օշինդր, մասուրի պտուղներ, տարկավան, կռատուկի արմատներ, սովորական ծորենի՝ հավասար քանակությամբ: Պատրաստել եւ օգտագործել նախորդ բաղադրատոմսի նման:
Բուժման տեւողությունը 2 ամիս է, կարելի է այդ ընթացքում հերթափոխել այս բաղադրատոմսերի ընդունումը, քանի որ արդյունավետությունն անհատական բնույթ ունի:
Սովորաբար բերանից տհաճհոտ առաջանում է բերանի խոռոչի լորձաթաղանթի, լնդերի, ատամների, աղեստամոքսային, ներզատիչ համակարգի հիվանդությունների դեպքում: Ուստի բերանի տհաճ հոտը կարող է այն հիվանդությունների հետեւանք լինել, որոնցից տառապում է Ձեր երեխան:
Այժմ Ձեզ ներկայացնում ենք այն միջոցները, որոնք կարող են պայքարել բերանի տհաճ հոտի դեմ:
Բուժման համար օգտագործում են մաղադանոսի հյութը, վիտամին C, խորհուրդ է տրվում նաեւ սրոհունդի եփուկը կամ թուրմը՝ որպես հակաբորբոքային եւ մանրէասպան, հյուսվածքները վերականգնող միջոց:
1 ճաշի գդալ սրոհունդի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, հովացնել եւ օգտագործել բերանը ողողելու համար:
Արդյունավետ է օգտագործել բաղեղի եփուկը: Վերցնել 2 ճաշի գդալ բաղեղի չորացրած, մանրացրած ցողուններ, ավելացնել 2 բաժակ ջուր, թեթեւակի եռացնել եւ օգտագործել բերանի ողողումների համար:
Խորհուրդ է տրվում օգտագործել նռան կեղեւի, եղեսպակի թուրմը կամ եփուկը ողողումների համար, օգտակար է նաեւ շիբը:
Եղեսպակի եփուկ. վերցնել 4 թեյի գդալ մանրացրած եղեսպակի տերեւներ, ավելացնել 2 բաժակ ջուր, եռացնել եւ օգտագործել բերանի ու կոկորդի ողողումների համար:
Օգտակար է նաեւ ողողումների համար օգտագործել կաղնու կեղեւի եփուկը: Կարելի է նաեւ կաղինը եփել եւ ուտել փափկացված վիճակում:
Եթե բերանից տհաճ հոտ է գալիս, արյունահոսում են լնդերը, ապա խորհուրդ է տրվում օրական 2 անգամ բերանը ողողել ոսկեբեղիկի հյութով կամ լնդերը մերսել ոսկեբեղիկի յուղով: