Գեղեցիկ ոտքեր
Առողջություն եվ գեղեցկություն,  Փորձագետի խորհուրդներ

Նրբագեղ ոտքեր

— Կարելի՞ է ոտքերի մազահեռացումը կատարել դեպիլյատորով, եթե առկա է երակների վարիկոզ լայնացում:
Մշտ. ընթ. Երեւանից

Չգիտես ինչու մենք մշտապես մեր արտաքինում ինչ-որ թերություններ ենք փնտրում. մե՛կ քիթն է մեծ, մե՛կ կուրծքը հպարտություն չի ներշնչում, մե՛կ մատներն են հաստ, մե՛կ ոտքերը գեղեցիկ չեն…
Ցավոք, կատարյալ մարդիկ առհասարակ գոյություն չունեն:  Նույնիսկ ամսագրերի շապիկների գեղեցկուհիները, որ առաջին հայացքից անթերի են թվում, հեռու են իդեալականից: Այնուամենայնիվ, պետք չէ բարդույթավորվել, բողոքել թերություններից դրանով գործը գլուխ չեք բերի:
Դրա փոխարեն եկեք միասին փորձենք շտկել կամ թաքցնել մեզ անհանգստացնող թերությունները: Սկսենք ոտքերի խնամքից: Սիրունիկ ոտքերը կանացի բարեմասնություններից մեկն են, որոնք հմայում են ցանկացած տղամարդու: Իսկ ո՞ր կինը չի ցանկանա, որ տղամարդիկ խելագարվեն իր համար: Կանացի այդ զենքը՝ ոտքերը, համապատասխան խնամք ու վերաբերմունք է պահանջում: Որպեսզի ոտքերի մաշկը նուրբ լինի, հարկավոր է պարբերաբար այն մշակել սկրաբով, այնուհետեւ խոնավացնող միջոցներ քսել: Բնականաբար, այդ ամենը հարկավոր է անել ոտքերը մաքուր լվանալուց հետո:
Եվ այսպես, եթե մաշկն արդեն խնամված է, հարթ եւ մետաքսի պես նուրբ, մնում է միայն հոգ տանել ոտքերը մազերից ազատելու մասին, այլապես ձեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն:  Այնպես որ, այժմ եկեք մազահեռացման բազմաթիվ  միջոցներից ընտրենք Ձեզ համապատասխանը:
Խմբագրություն դիմած ընթերցողի հարցի պարզաբանման  եւ առհասարակ անցանկալի մազերի դեմ պայքարի միջոցների մասին զրուցեցինք բժիշկ-կոսմետոլոգ Աղավնի Խաչատրյանի  հետ.


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

— Ոտքերի մազահեռացման ի՞նչ արդյունավետ միջոցներ կան:
-Դրանք շատ բազմազան են՝ սկսած ժողովրդական մեթոդներից,  վերջացրած նորագույն սարքավորումների միջոցով մազահեռացումը:  Կոսմետոլոգիան երբեք իր տեղում կանգնած չէ, եւ նրա նվաճումներն  օրեցօր ավելանում են: Ժողովրդի մեջ ավելի տարածված է  մազահեռացումը շաքարի միջոցով, որը կոսմետոլոգիայում կոչվում է  շուգարինգ: Այս մեթոդը լայնորեն կիրառվում է գեղեցկության  սրահներում: Բացի շաքարից, այս մեթոդի ժամանակ կիրառվում է  վաքսը, որը նույն ազդեցությունն ունի: Բավականին ցավոտ  մեթոդ է, բայց շատ հարմար է մեծ տարածքների մազահեռացման համար, հատկապես ոտքերի շրջանում: Մազահեռացման  ժամանակ մազարմատները վնասվում են, եւ ամեն անգամ մազերն աճում են ավելի բարակ կամ ընդհանրապես չեն աճում: Իհարկե,  գոյություն ունեն նորագույն, անցավ, մեթոդներ: Դրանք են  ֆոտոէպիլյացիայի, լազերային էպիլյացիայի մեթոդները, որոնք եւս բարձր  արդյունավետություն են ապահովում, գործընթացներն անցավ են եւ  պահանջում են մի քանի այցելություն:

— Կարելի՞ է, արդյոք, ոտքերի մազահեռացումը կատարել դեպիլյատորով, եթե առկա է երակների վարիկոզ լայնացում:
-Քիմիական դեպիլյատորների  (քսուքներ) միջոցով երակների վարիկոզ լայնացման ժամանակ մազահեռացում թույլատրվում է, իսկ մեխանիկական էպիլյատորների գործածումը վարիկոզ լայնացման ժամանակ արգելվում է, քանի որ դրանք նպաստում են նրանց էլ ավելի շատացմանը եւ թրոմբների առաջացմանը: Նման դեպքերում նաեւ խորհուրդ է տրվում մազահեռացումը կատարել ֆոտոէպիլյացիայի եղանակով:

— Արդյո՞ք ճիշտ է բիկինիի շրջանում մազերի հեռացումը:
-Հիգիենայի տեսանկյունից շատ գովելի է, եթե մազահեռացումը  կատարվում է վաքսինգ, շուգարինգ մեթոդներով, իսկ սափրման  ժամանակ առաջանում են ներաճած մազեր, որոնք դառնում են  բորբոքման պատճառ՝ ավելի գրգռելով եւ տգեղացնելով մաշկը:  Սակայն մազահեռացման վերը նշված երկու եղանակների ժամանակ էլ որոշ  չափով նվազում է զգայունությունը այդ շրջաններում, որն էլ  ազդում է սեռական զգացողությունների վրա:

— Ճի՞շտ եք համարում ոտքերի մազահեռացումն անչափահաս  աղջիկների մոտ եւ արդյո՞ք ժամանակից շուտ մազահեռացումը ավելի առատ մազագոյացման խթան  չի հանդիսանա:
-Մազահեռացման բոլոր մեթոդները ցանկալի է կիրառել  սեռական հասունացումը սկսելուց հետո, քանի որ, ինչպես բոլորիս  հայտնի է, այդ ժամանակահատվածում տեղի է ունենում հորմոնալ  վերադասավորում կամ կարգավորում, որն ինքն իրեն կարող է բերել  կա՛մ առատ մազակալման, կա՛մ ընդհակառակը: Ուստի մազահեռացում  կարելի է կատարել 13-14 տարեկանից սկսած, բայց մյուս տեսանկյունից այնքան էլ սխալ չէ ժամանակից շուտ  մազահեռացումը, քանի որ մազերի առկայությունը դեռահաս աղջիկների  մոտ կարող է բարդույթներ ու հոգեկան ճնշվածություն առաջացնել:  Այնպես որ, այս հարցը խիստ անձնական է: Բայց ոչ միշտ է պետք է առաջնորդվել «գեղեցկությունը  զոհեր է պահանջում» արտահայտությամբ, առաջնահերթ պետք է  հետամուտ լինել եւ հետեւել օրգանիզմն առողջ պահպանելու  կանոններին:
Այսպիսով՝ ամփոփելով  զրույցը, նշենք, որ բավական չէ ունենալ միայն գեղեցիկ եւ սլացիկ ոտքեր, կարեւոր է նաեւ դրանց գրավչությունը պահպանել, ընդգծել նաեւ երկարատեւ ու համբերատար խնամքի միջոցով: Իսկ մազահեռացման միջոց ընտրելիս անպայման հաշվի առեք  Ձեր օրգանիզմի առանձնահատկություններն ու առողջական վիճակը:

Հեղինակ՝ Արևիկ Հովհաննիսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։