
Երբ «պայթել» են մազանոթները
— 21 տարեկան եմ, նկատում եմ, որ ոտքերիս մազանոթները տեղ—տեղ պայթում են եւ ակնհայտ դառնում: Ինչպե՞ս կարելի է պայքարել այս երեւույթի դեմ: Նշեմ, որ մայրիկիս եւ տատիկիս մոտ ավելի խորն արտահայտված տարբերակներն են:
Արեւիկ
Ժողովուրդն ասում է, որ գեղեցկությունը զոհեր է պահանջում: Սակայն շատ հաճախ հենց այդ զոհերի գնով ձեռք բերված գեղեցկությունն է, որ հանգեցնում է առոջության հետ կապված տարբեր խնդիրների եւ անդառնալի տգեղության: Այո, դժվար է հրաժարվել բարձրակրունկ կոշիկներից, բայց, սիրելի՛ աղջիկներ, եթե չեք ցանկանում կորցնել նաեւ ձեր բնական գեղեցկությունը եւ առողջությունը, ապա ուժ գտեք ձեր մեջ եւ դեն նետեք «կործանող» կոշիկները: Եվ հիշեք, որ գեղեցիկ լինելուց առաջ նախ պետք է լինել առողջ: Իսկ «հիվանդոտ» գեղեցկությամբ այսօր ոչ ոքի չես զարմացնի:
Այս նախաբանն ուղիղ համեմատական է մեր ընթերցողի ուղղած հարցի պատասխանին: Թեման պարզաբանեցինք Շենգավիթի թիվ 13 պոլիկլինիկայի թերապեւտ Մարիամ Հովհաննիսյանի հետ:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
-Տիկին Հովհաննիսյան, ընթերցողը նշում է, որ ոտքերի մազանոթները տեղ-տեղ “պայթում են” եւ ակնհայտ դառնում: Նա նշում է նաեւ, որ մոր եւ տատիկի մոտ վերը նշվածի խորը արտահայտված տարբերակներն են: Ի՞նչ է տվյալ երեւույթը եւ ի՞նչ պատճառներով է առաջանում:
-Երբ խախտվում է մազանոթի պատի թափանցելիությունը, արյան տարրերը դուրս են գալիս անոթի պատից եւ տեղի է ունենում վերը նշված երեւույթը: Այն ունի կապույտի եւ վարդագույնի խառը երանգ: Տվյալ վիճակը կարող է առաջանալ արյան հիվանդությունների ժամանակ՝ արյան անոթների պատի ախտահարման հետեւանքով, վնասվածքներից հետո, ֆիզիկական լարվածությունից, երբ լարվածությունն ուղղված է դեպի ստորին վերջույթները, երկար ժամանակ բարձր կրունկով կոշիկների վրա կանգնելուց կամ քայլելուց: Հղիության ժամանակ կնոջ քաշն ավելանում է եւ ըստ այդմ արյան անոթներում կարող է առաջանալ կանգ, եւ դա նույնպես հանգեցնում է մազանոթների պայթելուն:
Այս երեւույթը հիմնականում հանդիպում է երիտասարդ եւ միջին տարիքի կանանց մոտ, տվյալ դեպքում մեծ նշանակություն ունի նաեւ ժառանգականությունը: Ակներեւ է, որ այդ աղջկա դեպքն էլ դրա մասին է վկայում:
-Ինչպե՞ս պայքարել այդ երեւույթի դեմ:
-Մազանոթների պայթելու դեմ պայքարելու համար անհրաժեշտ է լրջորեն հետեւել սննդակարգին, չգիրանալ, պետք է հագնել ոտքերի կառուցվածքին համապատասխան եւ հարմար կոշիկներ, ճիշտ դիրքում պահել ողնաշարը՝ հատկապես հղիության ժամանակ, ճիշտ ընտրել հանգստի դիրքը: Պետք է խուսափել ծանր իրեր բարձրացնելուց կամ ընդհանրապես ծանրություն կրելուց, ինչպես նաեւ երկար նստելուց: Այս ամենին հետեւելու եւ առօրյան ճիշտ կազմակերպելու դեպքում (եթե, իհարկե, ժառանգականության մեջ նման նախադրյալներ չկան) զերծ կմնաք այդ տհաճ վիճակից:
-Իսկ այն ընթերցողներին, ովքեր արդեն ունեն այդ խնդիրը, ի՞նչ խորհուրդ կտաք:
-Նրանց էլ խորհուրդ եմ տալիս օգտագործել շատ բանջարեղեն եւ մրգեր, հատկապես ցիտրուսներ, քանի որ դրանք լավացնում են ինքնազգացողությունը, կարգավորում են նյութափոխանակությունը եւ սրտամկանի աշխատանքը: Աշխատեք հնարավորինս քիչ մնալ ոտքի վրա, հարկավոր է ոտքերը պահել հորիզոնական դիրքում, հատկապես երեկոյան հեռուստացույց դիտելիս կամ գիրք կարդալիս: Պառկելու համար ընտրեք ուղիղ դիրքը եւ եթե կարող եք՝ առանց բարձի, որպեսզի արյան շրջանառությունը կատարվի լիարժեք ու հավասարաչափ: Կտրականապես հրաժարվեք սեղմող գոտիներ կամ կիսագուլպաներ կրելուց: Օրգանիզմը թարմ եւ առողջ պահելու համար խորհուրդ եմ տալիս լոգանք ընդունել գոլից մի փոքր տաք, այլ ոչ թե եռման ջրով: Եվ վերջում հավելեմ, որ ոտքերը հանգստացնող ամենապարզ, բայց եւ արդյունավետ միջոցներից է ոտքերը կիսագոլ ջրի մեջ դնելը, որտեղ նախօրոք պետք է լցնել մի փոքր աղ:
Հարգելի՛ ընթերցող, քանի որ Ձեզ մոտ նոր են սկսվում նման երեւույթները եւ դեռեւս թեթեւ են արտահայտված, շտապ ձեռնարկված միջոցները կօգնեն խուսափել հետագա բարդություններից (որպես կանոն՝ երակների վարիկոզ լայնացում), ուստի հետեւեք բժշկի խորհուրդներին:

Զգուշացեք ցիտոմեգալովիրուսից

Ֆիմոզ. սպառնում է տղաներին
Հարակից նյութեր

Պիլինգ. ամեն մաշկ իրենն է պահանջում
Հուլիսի 20, 2014
Ինչպե՞ս խնամել մաշկը բնական միջոցներով
Ապրիլի 24, 2013