Հղի կին
Տղամարդ եվ կին,  Փորձագետի խորհուրդներ

Առողջ ընկերք, առողջ հղիություն

— Վտանգավո՞ր է արդյոք ընկերքի հաստացումը: Կարո՞ղ է այն բացասաբար ազդել պտղի վրա:
Անանուն

Հղիությունը մեծ իրադարձություն է կնոջ կյանքում: Դա մի շրջան է, որից կախված է ոչ միայն կնոջ, այլեւ նրա երեխայի առողջությունը: Հղիության ընթացքում պետք է միշտ խորհրդակցել գինեկոլոգի հետ, այդպիսով հղիության ամիսները դարձնել ապահով, իսկ ծննդաբերությունը՝ թեթեւ:  Մեր հարցերը սիրով պարզաբանեց մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Ավագյանը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

— Ե՞րբ պետք է առաջին անգամ այցելել կանանց կոնսուլտացիա:
— Խորհուրդ է տրվում բժշկի այցելել հղիությունը պլանավորելիս, քանի որ գինեկոլոգի մոտ նախնական ստուգումը  շատ կարեւոր է թե՛ կնոջ, թե՛ երեխայի համար: Իսկ եթե դա չի արվել, անհրաժեշտ է դիմել բժշկի հղիության առաջին նշանները զգալուց հետո: Եվ ընդհանրապես, ինչպես ընդունված է հայ ընտանիքներում, մի սպասեք խնդիրների եւ հարցերի առաջացմանը, որպեսզի դիմեք բժշկի: Հիշեք, որ եթե նախածննդյան խնամքը բացակայում է կամ վատ է կատարվում, ապա նույնիսկ նորմալ ընթացող հղիությունը կարող է վտանգվել:

— Ի՞նչ է ընկերքը եւ ի՞նչ դեր է խաղում այն հղիության ընթացքում:
— Ընկերքը կարեւոր օրգան է, որի միջոցով կատարվում է պտղի շնչառությունը, սնումը,  տեղի է ունենում նյութափոխանակություն մոր եւ պտղի միջեւ: Ընկերքը փոխարինում է թոքերի, մարսողական օրգանների, երիկամների, մաշկի եւ մյուս օրգանների ֆունկցիաներին:
— Քանի՞ շերտից է բաղկացած այն:
— Ընկերքը թիթեղանման է եւ ունի երկու մակերես՝ ներքին (պտղային) գոգավոր մակերես, որն ուղղված է դեպի արգանդի խոռոչ եւ արտաքին՝ մայրական, որն ուռուցիկ է, ամուր հպված արգանդապատի ներքին մակերեսին եւ առաջացել է ընկեցիկ թաղանթից: Ընկեցիկ թաղանթը ձեւավորվում է արգանդի լորձաթաղանթից՝ պրոգեստերոնի ազդեցության տակ:

— Երեխայի եւ մոր արյունը նու՞յնն է, թե՞ պտուղն ունի իր սեփական արյունը:
— Անհրաժեշտ է հատուկ նշել, որ պտուղն ունի իր սեփական արյունը եւ արյան շրջանառությունը, որը չի խառնվում մայրական արյան հետ: Ընկերքն ունակ է արգելակելու ոչ միայն մոր արյան բջջային տարրերի, այլեւ այլ նյութերի եւ մանրէների ներթափանցումը պտղի օրգանիզմ: Որոշ նյութեր չփոփոխված վիճակում մորից անցնում են պտղին (թթվածին) եւ հակառակը՝  պտղից մորը (ածխաթթու, միզանյութ):

— Ինչպե՞ս է հասունանում ընկերքը:
— Ընկերքը թավիկներով հյուսվածք է եւ հասունանում է պտղի հետ համատեղ: Հասունանալով՝ այն ամեն ամիս ստանում է անհրաժեշտ տեսք, չափ եւ հաստություն: Արտաքնապես ընկերքը նման է կլոր, հաստ, փափուկ բլիթի: Հղիության վերջում, ծննդաբերության պահին, ընկերքի տրամագիծը հասնում է 15-18 սմ, հաստությունը՝ 2-3 սմ, քաշը՝ 500-600 գ:

— Ի՞նչ է ընկերքի հաստացումը, եւ արդյո՞ք այն դիտվում է որպես բարդություն:
— Ընկերքի հաստացում բարդություն որպես այդպիսին չկա, քանի որ ընկերքը ճյուղավորված թավիկներ է: Այդ թավիկները խորասուզվում են մայրական արյունով լցված խորշիկների մեջ: Ճյուղավորված թավիկների շնորհիվ ապահովվում է մոր եւ սաղմի միջեւ նյութափոխանակության գործընթացը: Երկարությամբ կողք կողքի դասավորված բոլոր թավիկների երկարությունը կազմում է 50 կմ: Արյան շրջանառությունը տեղի է ունենում դանդաղ, քանի որ արգանդ-ընկերքային անոթները համեմատաբար բարակ են, միջթավիկային տարածությունը՝ լայն:

— Ինչպե՞ս է ընկերքն ամրանում  արգանդին:
— Ընկերքը սովորաբար ամրանում է արգանդի առջեւի կամ հետեւի պատի վերին հատվածին: Հատակի մասի եւ փողային անկյունների ամրացում հազվադեպ է պատահում: Ճարպակալումը, ինչպես նաեւ սոմատիկ եւ էքստրագենիտալ որոշ հիվանդություններ, կարող են հանգեցնել ընկերքի անբավարարության, որի հետեւանքով ունենում ենք պտղի թերաճ, թթվածնի քաղց: Այս երեւույթները անկենսունակ պտուղների առաջացման եւ կենսունակության նվազման պատճառ են հանդիսանում:

— Դուք նշեցիք, որ ընկերքի հաստացումը բարդություն չէ, սակայն ընկերքը կարող է առաջացնել բարդություններ: Որո՞նք են դրանք:
— Պտղի աճի զարգացման բնականոն ընթացքը կախված է մայր-ընկերք-պտուղ ամբողջությունից: Այս երեքից յուրաքանչյուրի քրոնիկական փոփոխությունը կարող է հանգեցնել աճի խանգարման: Ընկերքի բարդություններից է ընկերքի շերտազատումը, որի պատճառ կարող է լինել արգանդի կծկողական ֆունկցիայի թուլացումը, որն էլ իր հերթին առաջանում է հղիի լարված վիճակից: Շերտազատման ժամանակ ընկերքն անջատվում է արգանդի պատից, եւ  արյուն է հավաքվում նրանց արանքում: Միակ ախտանիշը արյունահոսությունն է, որի ծավալը կախված է ընկերքի շերտազատված մակերեսի չափսից: Երբեմն ստորին հատվածի կծկման հետեւանքով արյունը պահվում է արգանդում, եւ հղիի մոտ նկատվում է մաշկի գունատություն, ընդհանուր թուլություն, գլխապտույտ, ճնշման անկում: Իսկ ընկերքում զարգացող պտղին սպառնում է աճի խանգարում, քաշի նվազում, թերաճում, մտավոր եւ ֆիզիկական թերզարգացում, ընդհուպ  վիժում:

— Արտաքին վտանգավոր ազդակներից ի՞նչն է անցնում պտղին ընկերքի միջոցով:
— Բոլոր արտաքին եւ ներքին վտանգները, կարելի է ասել, ուղիղ կերպով ազդում են պտղի վրա: Հատկապես կնոջ ծխելը կամ նույնիսկ ծուխը շնչելը ուղիղ համեմատական եւ անբարենպաստ ձեւով  է ազդում  երեխայի զարգացման վրա: Երեխաները ծնվում են փոքր քաշով, որն էլ մինչեւ մեկ տարեկան երեխաների հաճախակի հիվանդացության հիմնական պատճառն է: Ծխող կամ պարբերաբար ծուխ շնչող մայրերի երեխաներն ավելի հաճախ են ունենում ֆիզիկական եւ մտավոր թերզարգացում, վատ հիշողություն հետագայում, ինչպես նաեւ այդ երեխաներն ավելի  նյարդային են, չափից դուրս լարված:
Ծուխը թունավորում է պտղին ածխածնի մոնօքսիդով եւ կրճատում թթվածնի ներծծումը ընկերքի միջոցով: Երեխան մնում է փակված <<ծխով>> լցված արգանդում: Նրա սիրտը սկսում է արագ աշխատել, եւ անբավարար թթվածնի պատճառով նա չի կարող աճել ու նորմալ զարգանալ: Ծուխը մեծացնում է հղիության բարդությունների լայն շրջանակը: Ամենավտանգավորներն են արյունահոսությունը, ընկերքի ոչ նորմալ տեղակայումը,  վաղաժամ պոկվելը եւ վաղ ծննդաբերությունը:

— Հղիությունը համարելով կնոջ համար կարեւոր շրջան՝ ի՞նչ խորհուրդ կտաք մեր ապագա մայրերին:
— Հղիության փաստի հաստատումից հետո աշխատեք հետեւել ձեր գինեկոլոգի կողմից կազմված այցելությունների գրաֆիկին: Մի խախտեք այն, իսկ եթե ունեք խնդիրներ, ապա պետք չէ սպասել մինչեւ հաջորդ այցելությունը: Սնվեք ճիշտ եւ սննդարար, քանի որ <<երկու հոգու փոխարեն>> ուտելը վերաբերում է ուտելիքի որակին, ոչ թե քանակին:
Հրաժարվեք վնասակար սովորություններից (ալկոհոլ, ծխախոտ): Եվ բացի դրանից, ծննդյան պահին առողջ երեխան  չի նշանակում առողջ երեխա հետագայում: Որոշ ֆիզիկական եւ մտավոր թերություններ ի հայտ են գալիս ոչ անմիջապես: Հետեւեք ձեր բժշկի խորհուրդներին եւ համոզված եղեք, որ կունենաք առողջ երեխա ու կխուսափեք բազմաթիվ բարդություններից:

— Շնորհակալություն սպառիչ պատասխանների համար:

Հեղինակ՝ Գոհար Թևանյան

148 մեկնաբանույթուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։