Ընտանիք
Փորձագետի խորհուրդներ

Զանազանող և կապող արյունը

— Խնդրում եմ գրել արյան խմբերի եւ ռեզուս-գործոնի մասին: Ինչպիսի՞ կապ կա այս տեսանկյունից ծնողի եւ երեխայի միջեւ:
Կորյուն:

Մեր օրերում յուրաքանչյուրը գիտե, թե ինչ է  նշանակում արյան խումբ: Մինչդեռ  հարյուր տարի առաջ բոլորը համոզված էին, որ մարդկանց երակներում նույն արյունն է հոսում: Սակայն, երբ պարզ դարձավ, որ արյան փոխներարկումը երբեմն հիվանդի մահվան պատճառ է դառնում, գիտնականները հասկացան, որ մարդկանց արյունը տարբեր է:

Արյունաբան Քրիստինա Աղաջանյանի հետ փորձենք պարզաբանել, թե ինչպիսի նշանակություն ու դեր ունի արյան խումբն ու  ռեզուս-գործոնը մեր օրգանիզմի համար:

 -Ի՞նչ  է  արյան խումբը:
-Արյան խումբը գենետիկորեն ժառանգվող հատկանիշ է, որը բնական պայմաններում կյանքի ընթացքում մնում է անփոփոխ: Արյան խումբը ժառանգելիս մարդը մի գենը ստանում է հորից, մյուսը՝ մորից:
Արյան պատկանելությունն այս կամ այն խմբին և արյան մեջ  որոշակի հակամարմինների առկայությունը խոսում են առանձին անձանց արյան համատեղելիության կամ անհամատեղելիության մասին:
Անհամատեղելիություն կարող է զարգանալ, օրինակ` հղիության ժամանակ մայրական օրգանիզմ պտղի արյան ներթափանցումից  (եթե մայրն ունի հակամարմիններ պտղի արյան հակածնի նկատմամբ), կամ այլ խմբի արյան փոխներարկման դեպքում:
1901թ. Լանդշտեյները հրապարակեց ուսումնասիրություններ մարդկանց արյան խմբի պատկանելության մասին և արյունը  բաժանեց 4 խմբի` I, II, III, IV: Ի դեպ, դրա համար 1930թ. ստացել է Նոբելյան մրցանակ:

Առաջին խմբի արյուն ունեցող ծնողները կարող են չանհանգստանալ. նրանց երեխան անպայման ունենում է նույն` առաջին խմբի արյուն:
Երկրորդ խմբի արյուն ունեցողների երեխան կարող է ծնվել առաջին կամ երկրորդ խմբի արյունով:
Երրորդ խմբի արյուն ունեցողների երեխան ունենում է առաջին կամ երրորդ խմբի արյուն:
Առաջին և երկրորդ խմբի արյուն ունեցողների երեխաները` առաջին կամ երկրորդ:
Առաջին եւ երրորդ խմբի արյուն ունեցողների երեխաները` առաջին կամ երրորդ:
Երկրորդ և  երրորդ խումբ ունեցողների երեխաները կարող են ծնվել որևէ խմբի արյունով:
Առաջին և չորրորդ խմբի արյուն ունեցող ծնողների երեխաները` երկրորդ և երրորդ:
Երկրորդ և չորրորդ խումբ ունեցող ծնողների երեխաները կարող են ծնվել երկրորդ, երրորդ և չորրորդ կարգի արյունով:
Երրորդ և  չորրորդ խմբի արյուն ունեցող ծնողների երեխաները ծնվում են երկրորդ, երրորդ և չորրորդ կարգի արյունով:
Չորրորդ խմբի արյուն ունեցող ծնողների երեխաները ծնվում են երկրորդ, երրորդ և չորրորդ խմբի արյունով:
Բժշկության տեսակետից սա օրինաչափություն է, իսկ սովորական ընտանիքներում անտեղյակության պատճառով կարող է և վիճաբանությունների թեմա դառնալ:

 -Իսկ ի՞նչ է ռեզուս-գործոնը:
-Սկսած 1940թ.ից` շրջանառվում է արյան ռեզուս-գործոն հասկացությունը:
Ռեզուսը սպիտակուցային մարմին է, որն առաջին անգամ հայտնաբերվել է ռեզուս-մակակուս կապիկների մոտ:
Ռեզուսները երկուսն են` դրական եւ բացասական:
Երեխայի ռեզուս-գործոնը ժառանգվում է ծնողներից:
Մարդկանց 85 %-ի  մոտ այն դրական է, 15%-ի մոտ` բացասական: Ռեզուս-դրական և բացասական արյուններն անհամատեղելի են:
Եթե մայրն ու հայրը ռեզուս-բացասական են, երեխան նույնպես  միայն ռեզուս-բացասական գործոն կունենա և երբևէ ռեզուս-հակադրում չի առաջանա:
Եթե հայրը ռեզուս-դրական է, 75 % հավանականությամբ  երեխան նույնպես ռեզուս-դրական կլինի:

25%-ի պարագայում դրական ռեզուսով հոր երեխան կարող է ունենալ բացասական ռեզուս: Այս պարագայում մոր մոտ հակամարմիններ չեն առաջանում,  ռեզուս-հակադրման խնդիր չկա:
Ռեզուս-հակադրումը ծագում է կա՛մ ռեզուս-անհամատեղելի արյան փոխներարկման դեպքում, կա՛մ բացասական ռեզուսով հղի կնոջ մոտ, երբ պտղի արյունը ռեզուս-դրական է:
Երբ մոր արյան մեջ ներթափանցում են պտղի` իրենց վրա ռեզուս համակարգի սպիտակուցներ կրող էրիթրոցիտները, դրանք մոր իմունային համակարգի կողմից ընկալվում են որպես օտարածին: Օրգանիզմն սկսում է արտադրել հակամարմիններ` երեխայի էրիթրոցիտները ոչնչացնելու համար:  Քանի որ պտղի էրիթրոցիտներն անդադար ոչնչացվում են, նրա լյարդը և փայծաղը ջանում են արագացնել նոր էրիթրոցիտների արտադրումը և չափերով մեծանում են: Վերջիվերջո, դրանք այլևս չեն կարողանում լրացնել էրիթրոցիտների պակասը, և զարգանում է սաստիկ թթվածնային քաղց, ինչը հանգեցնում է նոր լուրջ խախտումների: Ամենածանր դեպքերում սա բերում է պտղի մահվան:

Քանի որ ռեզուս-գործոնը ժառանգաբար է փոխանցվում, ուստի ռեզուս-հակադրում սպառնում է միայն այն դեպքում, երբ ապագա մայրը ռեզուս-բացասական է, իսկ հայրը` ռեզուս-դրական: Այս դեպքում 75%-ով մայրը և երեխան ռեզուս-անհամատեղելի կլինեն:
Սակայն դա ընտանիք կազմելուց հրաժարվելու պատճառ չէ:
Ամենայն հավանականությամբ, նման զույգի առաջին հղիությունը կանցնի նորմալ: Եթե կինը նախկինում չի հանդիպել ռեզուս-դրական արյան հետ, ապա նա չունի հակամարմիններ, հետևաբար, չկա պտղի հետ ռեզուս-հակադրման հավանականություն: Առաջին հղիության ժամանակ արտադրված հակամարմինների քանակը շատ չէ (սա “առաջին հանդիպումն” է): Իսկ եթե պտղի էրիթրոցիտները մեծ քանակությամբ են ներխուժել մոր արյան մեջ, ապա մոր օրգանիզմում պահպանվում են “հիշողության բջիջներ”, որոնք հետագա հղիությունների ժամանակ կազմակերպում են ռեզուս-գործոնի դեմ հակամարմինների արագ արտադրում:
Նման դեպքում անհրաժեշտ է բուժում մասնագիտացված կենտրոնում, որտեղ և՛ կինը, և՛ երեխան անդադար կլինեն հսկողության տակ:

Երբեմն տղամարդիկ, արյան խմբերի տարբեր լինելու մասին չիմանալով, կանանց մեղադրում են դավաճանության մեջ, այնինչ՝ դա ժառանգականության տարօրինակ, բայց և միաժամանակ հետաքրքիր օրինաչափություն է, թեպետ  մյուս կողմից էլ արյան խմբային հատկանիշները  որոշվում են ժառանգական գործոններով: Դա թույլ է տալիս որոշել  վիճելի հայրության բարդ հարցերը: Օրինակ`  IV խմբի արյուն ունեցող տղամարդը չի կարող ունենալ I խմբի արյուն ունեցող երեխա: Սակայն սա բոլորովին այլ պատմություն է:

Հեղինակ՝  Անահիտ Հունանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։