Վիրտուալ կյանք
Հոգեբանություն

Ընտանի՞քը, թե՞ վիրտուալ կյանքը

— Տղայիս ընտանիքը բաժանության եզրին է, նա ամբողջ օրն անցկացնում է համացանցում: Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ անել:
Անանուն:

Մեր օրերում բոլորը տարված են համացանցով, համակարգչային կախվածություն ախտորոշումը ծանոթ է շատերին: Արդյունքում տուժում են բոլոր հարաբերությունները՝ ընդհուպ ամուսնական եւ սեռական: Բացառություն չի կազմում, ցավոք, նաեւ մեր ընթերցողի որդին: Խմբագրություն դիմած ընթերցողի հարցին պատասխանելու համար դիմեցինք մասնագետների օգնությանը:
Բժիշկ-սեքսոլոգ Վրեժ Շահրամանյան:

Ամուսնական կյանքում սոցիալ-հոգեբանական նման «ամպեր» հաճախ են կուտակվում: Դժվար է լինում հատկապես այն մարդկանց համար, ովքեր աշխատասեր են, ընդունակ եւ պատասխանատու: Ընտանիքի անդամները պետք է համբերատար լինեն, ամենակարեւորը` կարողանան ապրումնակցել: Փորձեք երեկոյան ժամերին նրա հետ զբոսանքի դուրս գալ, զբոսնել: Պետք չէ անդադար պախարակել ու քննադատել նրան: Ժամանակի ընթացքում նրա ներաշխարհի եղանակը կփոխվի: Ձեր ամուսինը հիմա հոգեբանական աջակցության կարիք ունի, հետեւաբար ապահարզանի մասին մտածելը, առավել եւս այս դեպքում, անիմաստ է:
Ձեզ ենք ներկայացնում հոգեբան, հոգեվերլուծող Արա Չալիկյանի կարծիքը:

Մենք, որպես մասնագետ, ընդհանրապես խորհուրդներ չենք տալիս: Չգիտես ինչու տարածված կարծիք կա, որ  հոգեբաններն ու հոգեբույժները խորհուրդներ են տալիս, ինչը սխալ է: Ովքեր խորհուրդներ են տալիս, որպես կանոն լավ մասնագետներ չեն: Խորհուրդ տալը ենթադրում է հիվանդի ամբողջ պատմությանը մանրամասն ծանոթ լինել: Իսկ այս դեպքում, օրինակ, մենք գիտենք, որ ընթերցողի որդուն ամբողջովին կլանել են համացանում առկա սոցիալական կայքերը: Եվ բանը անգամ հասնում է ապահարզանի: Հնարավոր է, որ կինը շփում չի ապահովում ամուսնու համար եւ նա մտել է սոցիալական ցանց: Միգուցե, նրանք ուրիշ խնդիրներ էլ ունեին: Շատ բաց տեղեր կան, որոնք պարզելու համար անհրաժեշտ է զրուցել նամակագրի հետ, ինչպես նաեւ լսել երկրոդ կողմին` նամակագրի որդուն: Նամակագիրը մեզ մանրամասներ չի պատմում: Նույնն է, թե ասի՝ մեկի ձեռքը սեւացել է, ի՞նչ դեղ կտաք, որ խմի:  Հնարավոր է՝ պարզապես մուր է քսվել… արդյունքում չենք կարող որեւէ հիվանդության ժամանակ օգուտ տվող դեղ նշանակել: Այս ամենը հիշեցնում է մոմ թափելու, թուղթ ու գիր անողի մոտ գնալու գործընթաց: Անհնար է սեւ արկղը չբացած խորհուրդ տալ: Հնարավոր է մեկ խորհուրդ տալ, եւ կինը կփոխվի, արդյունքում կփոխվի նաեւ ամուսինը, չէ՞ որ ընտանիքը համակարգ է: Բայց որպեսզի կինը ճիշտ փոխվի, մեծ ծավալի աշխատանք պետք է տարվի նախ ինքնաճանաչման ասպարեզում, իսկ իրենք պարզունակ խորհուրդ են ուզում: Այս դեպքում մենք գործ ունենք սեւ արկղերի հետ, իսկ ուրիշի հոգին սեւ արկղ է համարվում: Այդ մարդը հարց է տալիս սեւ արկղից, բայց իր ներսը ցույց չի տալիս:

Սովորաբար, երբ մարդը որեւէ կախվածության մեջ է ընկնում` համակարգիչ, ալկոհոլ, թմրանյութ, խաղատուն, նշանակում է՝ ինչ-որ բան նրա կյանքում պակասում է: Փոխհատուցելու, պակասը լրացնելու խնդիր կա:
Եթե մարդն ունի նորմալ շփում, կին-ամուսին հարաբերություններում ամեն ինչ կարգին է,  աշխատում է, ապա  սոցիալական կայքում ժամերով նստելու ժամանակ էլ չի ունենա: Ո՞վ է զբաղվում թմրանյութերով, խաղատներ այցելությամբ. իհարկե՝ նրանք, ովքեր բան ու գործ չունեն: Հիմնականում այդ կարգի մարդիկ խնդիրներ ունեն, հուզական մարդիկ են ու իրենց հուզականությունը լուծել չկարողանալով տրվում են ինչ-որ կախվածությունների: Այդ կախվածությունների հիմքում երկու հակառակ ուղղության ուժեր կան մարդու հոգեկանում: Մեկը` ինչ-որ շատ ուժեղ ցանկություն եւ հակառակը՝ այդ ցանկության ինքնաարգելք: Ասենք, մեկը ուզում է փողոցում բղավել, բայց  փողոցում բղավելը ամոթ է, եւ նա զսպում է, ինչի հետեւանքով առաջանում է ներքին կոնֆլիկտ, լարում: Արդյունքում ստացվում են կպչուն վիճակներ: Կպչուն վիճակները շատ նման են կախվածությանը:  Մարդը գտնում է երրորդ ուղղություն` զբաղվելով ինչ-որ բանով, մոռանում է ներսի կոնֆլիկտները: Հենց վերցնում ես ձեռքից այդ կախվածությունը, նա վատանում է: Այս դեպքում էլ, հարգարժան նամակագիր, հարկավոր է գտնել այդ մարդու ներքին խնդիրը եւ օգնել լուծել: Լուծելուն պես կախվածությունն ինքնաբերաբար կանհետանա: Անհրաժեշտ է դիմել մասնագետի: Այս դեպքում պարտադիր է հոգեվերլուծողի խորհուրդ ստանալը:

Հեղինակ՝ Վլադ Մուրադյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։