Նշագեղձերի հետազոտում
Երեխաներ,  Փորձագետի խորհուրդներ

Նշագեղձերը ենթակա՞ են հեռացման

— Ո՞ր դեպքում են նշագեղձերը ենթակա հեռացման: Խնդրում եմ ասել նաեւ, թե ո՞ր մեթոդն է ճիշտ՝ վիրաբուժակա՞ն, թե՞ կրիոթերապիայի:
Հասմիկ

Հաճախակի կրկնվող անգինաներ, ընդհանուր թուլություն, գլխացավեր, հոդացավեր… Նման երեւույթներ կարող են ի հայտ գալ նշագեղձերի գերաճի դեպքում:
Թեմայի շուրջ զրուցեցինք Շենգավիթի թիվ 13 պոլիկլինիկայի թերապեւտ Մարիամ Հովհաննիսյանի հետ:

-Ո՞ր տարիքում է հիմնականում հանդիպում քմային նշագեղձերի գերաճը, եւ որո՞նք են առաջացմանը նպաստող պայմանները:
-Քմային նշագեղձերի գերաճը հաճախ հանդիպում է մանկական հասակում եւ առաջացնում է շնչառության, կլլման եւ խոսակցական ֆունկցիաների խանգարումներ: Նշագեղձերի գերաճին նպաստում է հաճախակի կրկնվող շնչառական սուր հիվանդությունը՝ նշագեղձերի լակունաներում գտնվող թաքնված վարակը, որը կարող է նպաստել նրանց ֆիբրոզ դեգեներացիային, իսկ որոշակի դեպքերում՝ նաեւ քրոնիկական տոնզիլիտի զարգացմանը:

-Ինչպիսի՞ տեսք ունեն գերաճած նշագեղձերը եւ դրանց առկայության դեպքում օրգանիզմում ո՞ր ֆունկցիաներն են խանգարվում:
-Ընդհանրապես, նշագեղձերի գերաճի մասին խոսում են այն դեպքում, երբ դրանք հասնում են միջին գծին եւ իրենց ազատ մակերեսով գրեթե հպվում են միմյանց:
Գերաճի ընթացքում նշիկները հիմնականում ունեն փափուկ կառուցվածք, հարթ մակերես: Բորբոքային երեւույթներ հայտնաբերվում են միայն նշագեղձերի մակերեսին: Գերաճած նշագեղձերն իրենց ծավալի մեծացման շնորհիվ հանդիսանում են շնչառության եւ կլլման ակտի խանգարման պատճառ: Շնչառությունը խանգարվում է հատկապես այն ժամանակ, երբ քմային նշագեղձերի գերաճը զուգորդվում է նաեւ քիթ-ըմպանային նշագեղձի գերաճի հետ: Մեծացած նշիկներն առաջացնում են նաեւ հազ, հատկապես գիշերները:

-Ինչպե՞ս է կատարվում ախտորոշումը:
-Ախտորոշումը դժվարություն չի ներկայացնում: Այն կատարվում է ըմպանազննման միջոցով: Անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ, որ նշագեղձերի գերաճ կարող է առաջանալ տուբերկուլոզի, սիֆիլիսի կամ ուռուցքների ժամանակ:

-Ո՞ր դեպքերում են  նշագեղձերը ենթակա հեռացման:
-Եթե նշագեղձերի գերաճը թեթեւ է արտահայտված, նշանակում են հիմքային ողողումներ, յոդի եւ գլիցերինի քսումներ: Եթե պահպանողական բուժումն արդյունք չի տալիս, կատարվում է գերաճած նշագեղձերի մասնակի հեռացում: Իսկ եթե նշագեղձերի գերաճն ուղեկցվում է բորբոքումներով, ապա անհրաժեշտ է լինում նշագեղձերն ամբողջությամբ հեռացնել:

-Իսկ ի՞նչ կասեք քմային նշագեղձերի քրոնիկական տոնզիլիտի՝ բորբոքման մասին:
-Այն շատ տարածված հիվանդություն է եւ հիմնականում հանդիպում է մանկական ու երիտասարդ հասակում: Տվյալ հիվանդության առաջացման հիմնական պատճառը հաճախակի կրկնվող անգինաներն են, ինչպես նաեւ մանկական սուր վարակիչ հիվանդությունները (քութեշ, կարմրուկ, դիզենտերիա), որոնք ընթանում են ըմպանի ավշային հյուսվածքի ախտահարումով: Հիվանդության զարգացման հարցում զգալի դեր են խաղում նաեւ ադենոիդային վեգետացիան, քթի միջնապատի ծռվածությունը, ստորին խեցիների գերաճը, քթի հարակից խոռոչների թարախային բորբոքումները, փչացած ատամները, լնդերի հիվանդությունները:

-Ի՞նչ գանգատներ են ունենում այս հիվանդությունից տառապողները:
-Նրանք սովորաբար գանգատվում են հաճախակի կրկնվող անգինաներից, ըմպանում տհաճ զգացումից, բերանի տհաճ հոտից, ընդհանուր թուլությունից, գլխացավից, հոդացավից, նշում են, որ ախորժակ չունեն, դարձել են դյուրագրգիռ ու քմահաճ, մեծացել են ենթածնոտային ավշագեղձերը: Հիվանդներից շատերը, հատկապես հիվանդ երեխաների ծնողները հայտնում են, որ սառը ջուր խմելու կամ պաղպաղակ ուտելու հաջորդ օրն իսկ սկսվում են անգինայի երեւույթները: Սակայն քրոնիկական տոնզիլիտը կարող է առաջանալ եւ ընթանալ առանց անգինաների:

-Ի՞նչ հիվանդությունների առաջացման պատճառ կարող է լինել քրոնիկական տոնզիլիտը:
-Քրոնիկական տոնզիլիտը կարող է լինել մի շարք օրգան-համակարգերի՝ սրտի, երիկամների եւ հոդերի ծանր ախտահարման պատճառ:
Հիվանդության ելքը բուժական է կամ վիրահատական: Վիրահատական է այն դեպքում, երբ բուժումներն ապարդյուն են անցնում:

-Տիկի՛ն Հովհաննիսյան, մեր ընթերցողը ցանկանում է իմանալ՝  նշագեղձերի գերաճի դեպքում ո՞ր մեթոդն է ճիշտ կիրառել՝ վիրահատակա՞ն, թե՞ կրիոթերապիայի: Եվ ընդհանրապես, ի՞նչ ասել է կրիոթերապիա: 
-Մեզանում կրիոթերապիան նոր երեւույթ է եւ կիրառվում է փորձարարական վիճակում: Բժշկության մեջ այն  նոր թերապեւտիկ ուղղություն է: Բառացի նշանակում է բուժում կամ երիտասարդացում ցրտի միջոցով: Կրիոթերապիայով զբաղվող մասնագետները նշում են, որ այն կիրառվում է կոսմետոլոգիական, նյարդային, գինեկոլոգիական խնդիրների դեպքում, շնչառական օրգանների հիվանդությունների բուժման, օրգանիզմի դիմադրողականության բարձրացման, ծանր մարմնական, վարակիչ եւ վիրահատական հիվանդություններից հետո՝ վերականգնման նպատակով: Կրիոթերապիայի դրական կամ բացասական արդյունքների մասին այժմ խոսելը ճիշտ չեմ համարում, քանի որ չեմ ուզում գովազդ կամ հակագովազդ հնչեցնել: Յուրաքանչյուր բժիշկ ունի այս կամ այն հարցի վերաբերյալ իր տեսակետը՝ վաստակած տարիների ընթացքում կուտակած գիտելիքներով: Ինչպես ձեր ընթերցողին, այնպես էլ բոլորին խորհուրդ եմ տալիս առողջական խնդիրներ ունենալու դեպքում խորհրդակցել բժշկի հետ: Եվ, ինչպես ասում էր Սիլվա Կապուտիկյանն իր «Ջահել չես» բանաստեղծության մեջ. «Սուտ մարդկանց ականջ մի՛ կախեք, մի՛ վիճեք, ժամանակ չկա…»:

Հեղինակ՝ Յանա Գալստյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։