Մկրտեկ փոքրիկին
Այլ

Մկրտության խորհուրդը

— Ճի՞շտ է երեխային մինչեւ 1 տարեկանը կնքելը (մկրտելը): Չէ՞ որ նա ոչինչ չի հասկանում:
Մշտ. ընթ. Երեւանից:

«Մկրտություն» բառը նշանակում է մաքրություն, լվացում: Կրոնական իմաստով դա այն արարողությունն է, որը կատարվում է ջրով սրբելու, մկրտվողի մեղքը մաքրելու համար:
Թեմայի շուրջ զրուցեցինք հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանայի հետ:

Տեր Վազգեն, ի՞նչ է մկրտությունը:
-Մկրտությունը մարդու վերստին, այսինքն երկրորդ՝ հոգևոր ծնունդն է: Մենք մեկ անգամ ծնվում ենք մեր ծնողներից, որը կոչվում է ֆիզիկական ծնունդ, և մեկ անգամ էլ, մկրտվելով, ծնվում ենք Սուրբ ավազանից, և այն կոչում ենք  հոգևոր ծնունդ: Մկրտվելով մարդը դառնում է քրիստոնյա, եկեղեցու անդամ, որդեգրվում է Աստծուն և ազատվում ադամական մեղքից: Նախապես մեր նախահայր Ադամն անմահ էր ստեղծվել և Աստծու ներկայության մեջ երջանիկ ու խաղաղ կյանքով էր ապրում, սակայն տրվելով չարի գայթակղությանը՝ խախտեց Արարչի սահմանած պատվիրանը, որի հետևանքով էլ թե՛ ինքը, և թե՛ իր ժառանգները զրկվեցին անմահությունից և դատապարտվեցին մահվան: Պողոս առաքյալն ասում է. «Ինչպես որ մեկ մարդով մեղքը աշխարհ մտավ և մեղքով էլ մահը, այնպես էլ բոլոր մարդկանց մեջ տարածվեց մահը… Մահը թագավորեց Ադամից մինչև Մովսես նույնիսկ նրանց վրա, որոնք Ադամի հանցանքի նման հանցանք չգործեցին» (Հռոմ 5.12-14): Թվում էր, թե մարդկանց համար այլևս մահից փրկություն չկա սակայն տեղի ունեցավ Աստվածային սիրո մեծագույն դրսևորումը. «Քրիստոս մեզ համար մահացավ» (Հռոմ 5.8), և երրորդ օրը, հարություն առնելով, մեզ հավիտենական կյանքը ժառանգելու հնարավորություն տվեց. «Մկրտությամբ թաղվեցինք նրա հետ մահվան մեջ, որպեսզի, ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես և մենք քայլենք նոր կյանքով» (Հռոմ 6.4):

Մկրտություն, կնունք, դրոշմ՝  կներկայացնե՞ք սրանց սահմանազատումն ու ընդհանրական գիծը:
-Հայ Առաքելական եկեղեցում մկրտության խորհրդին հաջորդում են ևս երկու խորհուրդներ: Առաջին՝ մկրտությունը կատարվում է ջրով, որով մարդը վերստին ծնվում է, երկրորդ՝ Սուրբ Մյուռոնով  կնքվում կամ դրոշմվում է (այս երկուսը հոմանիշ բառեր են), որով Սուրբ Հոգին բնակվում է մկրտվողի մեջ և նրան հոգևոր շնորհներ բաշխում, և երրորդ՝ մկրտվողն առաջին անգամ իրավունք է ստանում Սուրբ Հաղորդություն ստանալու:

Ո՞րն է մկրտության պայմանը:
-Մկրտության կարևոր պայմանը հավատքն է և հավատքի այն դրույթները, որոնք ընդունեց ընդհանրական եկեղեցին 325 թվականին՝ Նիկիայի առաջին տիեզերական ժողովի ժամանակ: Այդ դրույթներին մենք Հավատամք ենք կոչում:

Ո՞րն է կնքահոր դերը Մկրտության ժամանակ և կնքահայր ընտրելու նախապայմանը:
-Կնքահայրը, որպես քրիստոնյա և եկեղեցու անդամ, միջնորդն ու երաշխավորն է մկրտվողի: Նրա պարտականությունների մեջ են մտնում սանիկի հոգևոր ու բարոյական դաստիարակությունը: Ընդունված է, որ կնքահայրն է հոգում մկրտության համար անհրաժեշտ պարագաները (խաչ, սրբիչ, մոմեր), և քահանայի հարցին, թե ի՞նչ է կամենում մկրտվողը, պատասխանում է՝ հավատք, հույս, սեր և մկրտություն՝ մկրտվել և արդարանալ, մաքրվել մեղքերից, ազատվել դևերից ու ծառայել Աստծուն: Կնքահայր ընտրելիս պետք է նախ և առաջ հաշվի առնել մարդու քրիստոնեական և բարոյական նկարագիրը:

Կա՞ն արդյոք Մկրտության հետ կապված որոշակի կանոններ:
-Մկրտություն կատարողը պետք է ունենա քահանայական ձեռնադրություն, խորհուրդը պետք է կատարվի Եկեղեցու Սուրբ Ավազանից, մկրտվողը պետք է ունենա քրիստոնյա կնքահայր:

Որո՞նք են անհրաժեշտ պարագաները:
-Մկրտվողն իր հետ պետք է ունենա խաչ, նարոտ, սրբիչ և երկու մոմ:

Ո՞րն է ճիշտ քառասուն օրում գտնվող երեխայի մկրտությու՞նը, թե՞ հասուն տարիքը, այս արարողությունն առավել բովանդակությամբ ընկալելու համար:
-Մեր Եկեղեցու կանոնակարգի համաձայն՝ մկրտությունը կատարվում էր բացառապես ծննդյան  ութերորդ օրը: Որոշ պատմական իրադարձությունների պատճառով այս կարգը խախտվեց, սակայն ծննդյան ութերորդ օրից սկսած, ծնողները կարող են իրենց երեխային եկեղեցի բերել և մկրտել; Մեր եկեղեցին, ի տարբերություն այլ մոտեցումների, կարևորում է երեխաների մկրտությունը՝ հենվելով Հիսուսի հետևյալ խոսքերի վրա. “Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծու արքայությունը մտնել” (Հովհ. 3.5):  Ցավոք սրտի, մեզանում երեխաները նույնպես մահանում են, և մեր Եկեղեցին չի ցանկանում նրանց զրկել Աստծու այս մեծագույն շնորհից:

Իսկ ի՞նչ կարծիքի եք կրկնամկրտության մասին:
-Ինչպես որ մեկ անգամ ծնվում ենք մեր ծնողներից, այնպես էլ մկրտվում ենք մեկ անգամ: Կրկնամկրտությունը մեղք է:

Մկրտության վայրը մի՞շտ է առանց բացառության եկեղեցին լինում:
-Մկրտությունը միշտ կատարվում է եկեղեցում, բացառություն են կազմում որոշ ծայրահեղ վիճակներ, եթե, օրինակ, մկրտվել ցանկացողը հիվանդ է և տեղաշարժվել չի կարող, կամ տվյալ շրջանում եկեղեցի չկա և այլն:
Թող Աստծու սերն ու խաղաղությունը թագավորեն մեր սրտերում: Աստված օրհնի ամենքիս: Ամեն:

Հեղինակ՝ Էթերի Մամուլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։