Մայրիկը փոքրիկի հետ
Փորձագետի խորհուրդներ

Ֆիմոզ. սպառնում է տղաներին

Ֆիմոզը առնանդամի ծայրային թլիպի խիստ նեղացումն է, որի հետեւանքով անհնար է դառնում առնանդամի գլխիկի լրիվ  մերկացումը: Թլիպանեղացումը կարող է լինել բնածին կամ ձեռքբերովի: Երեխաների մոտ ֆիմոզը կարող է խաթարել միզելը, իսկ հասուն տղամարդկանց մոտ` դժվարացնել սեռական կյանքը: Եվ ամբողջ ցավը նրանում է, որ տղա ունեցող ծնողների մեծամասնությունը նույնիսկ չի կռահում դիմել որոլոգի, իսկ խնդիրը, մնալով, հասուն տարիքում  բերում է տղամարդկանց անպտղության, ինչի մասին է վկայում մեզանում անպտուղ զույգերի աճող թիվը:
Թեմայի շուրջ զրուցեցինք ուրոլոգ Ռաֆֆի Ջանեցյանի հետ:

-Ի՞նչ է ֆիմոզ հիվանդությունը:
-Ֆիմոզը առնանդամի թլիպի ետ գնալու դժվարությունն է, ինչպես նաև այն երևույթը, երբ առնանդամի գլխիկն ամբողջությամբ չի բացվում: Պետք է նշել նաև, որ այս հիվանդությունը լինում է բնածին և ձեռքբերովի: Սովորաբար երեխաները ներարգանդային կյանքից սկսած մեծամասմաբ ունենում են «կեղծ» ֆիմոզ: Նորածիններին բնորոշ է թլիպի ներքին թերթիկի կպումը առնանդամի գլխիկին: Սովորաբար այս երևույթին ուշադրություն չեն դարձնում ո՛չ մանկաբույժները, ո՛չ էլ ծնողները: Ընդհանրապես կոշտ կամ բռնի ձևով չի կարելի թլիպը հետ քաշել, քանի որ դա կարող է բերել մաշկի բորբոքման, կպումների կամ «իսկական» ֆիմոզի զարգացման: Ի դեպ, առհասարակ երեխայի ծնունդից մեկ ամիս անց պետք է, որ երեխային զննի ուրոլոգը, քանի որ շատ ժամանակ մանկաբույժներն այդ խնդրին ուշադրություն չեն դարձնում:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

-Նշեցիք «իսկական ֆիմոզ» արտահայտությունը, ի՞նչ  է այն:
-Իսկական ֆիմոզը զարգանում է միայն այն ժամանակ, երբ ոչ ճիշտ խնամքի կամ մոտեցման պատճառով առաջանում է բորբոքում, կպումներ և մաշկի կազմափոխում: Հարկ է նշել, որ ֆիմոզն ունի իր աստիճանները, որոնց յուրաքանչյուրի դեպքում` կախված տարիքից և բարդության աստիճանից, առաջարկվում է համապատասխան բուժում կամ վիրահատական միջամտություն: Հարկ եմ համարում նշել նաև այն հանգամանքը, որ  շաքարախտի ժամանակ հիմնականում լինում են բորբոքումներ, բալանիտներ (ծեփուկաբորբ), որոնք  նույնպես  կարող են հանգեցնել ֆիմոզի, հետևաբար շաքարախտով հիվանդների բուժման ժամանակ  այս խնդիրն ավելի մեծ ուշադրություն է  պահանջում:

 -Տնային պայմաններում կարելի է՞  պայքարել այս հիվանդության դեմ:
-Այո, եթե, իհարկե, խոսքը վերաբերում է երեխաներին: Պարզապես ծնողները պետք է ճիշտ ժամանակին իմանան խնդրի առկայության  մասին և կատարեն ուրոլոգի խորհուրդները:

— Հիվանդությունը պահանջո՞ւմ է երկարատև բուժում, թե՞ ոչ:
-Նախ` պետք է պարզել ֆիմոզի առկայությունը, աստիճանն ու պատճառները: Սովորաբար բորբոքման և վարակների առկայության դեպքում պետք է կատարել դեղորայքային բուժում: Երբեմն դեղորայքային բուժման շնորհիվ հիվանդությունը լիարժեք բուժվում է, սակայն լինում են նաև կրկնություններ: Դեպքեր էլ կան, որ  առաջարկվում է վիրահատական միջամտություն:

-Ասում են, եթե տղամարդու մոտ գոյություն ունի ֆիմոզ, ապա նրա մոտ սեռավարակներով վարակվելու հավանականությունը մեծ է: Այդպե՞ս է:
-Ֆիմոզը սեռավարակների պատճառ չի կարող լինել, սակայն կա մի փաստ, որ թլպատվածներն ավելի քիչ ընկալունակ են սեռական վարակների հանդեպ, քան չթլպատվածները, քանզի խոնավ միջավայրը վարակի փոխանցման համար ավելի նպաստավոր է: Ի դեպ, սեռավարակներից խուսափելու համար լավագույնը մշտական զուգընկեր ունենալն է կամ գոնե պահպանակի օգտագործումը:

Զրույցի վերջում բժիշկ Ջանեցյանը մի քանի խորհուրդ տվեց.
Երեխաների դեպքում
Նախ` որդու մոտ ֆիմոզի և այլ ուրոլոգիական խնդիրների առկայության դեպքում ծնողները պետք է դիմեն ուրոլոգի խորհրդատվությանը` վաղ ախտորոշման և բուժման նպատակով:
Հարկավոր է առնանդամի մաշկը լվանալ գոլ ջրով, խուսափել գրգռող օճառների կամ սպունգի օգտագործումից, լվանալուց հետո չորացնել առնանդամը փափուկ շորով, այնուհետև թլիպը առաջ տանել:
Երեխաներին սովորեցնել վերոնշյալ հիգիենայի կանոնները:

Տղամարդկանց  դեպքում
Շատ կարևոր է անձնական և սեռական կյանքի հիգիենայի կանոններին հետևելը:
Ժամանակին դիմել ուրոլոգի խորհրդատվությանը` բալանոպոստիտների (առնանդամի գլխիկի և թլիպի բորբոքում) բուժման նպատակով:

Խուսափել սեռավարակներից:
Այսպիսով, շատ կարեւոր է ֆիմոզի վաղ ախտորոշումը: Ուստի սիրելի՛ ծնողներ, մի՛ մոռացեք ձեր փոքրիկ տղայի հետ դիմել ուրոլոգի խորհրդատվությանը: Ընդամենը մեկ այցի շնորհիվ դուք եւ ձեր որդին կարող եք խուսափել ճակատագրական խնդիրներից:

Հեղինակ՝ Մարիամ Հովունի

56 մեկնաբանույթուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։