Առողջ ատամներ
Առողջություն եվ գեղեցկություն

Երբ շարժվում են ատամները

— 60 տ. եմ, ատամներս առողջ են, սակայն այժմ սկսել են շարժվել: Ի՞նչն է պատճառը եւ ի՞նչ անել:
Էմմա

Բոլորը,  առանց  բացառության, ցանկանում են  ոչ միայն ունենալ գեղեցիկ, առողջ  ատամնաշար, այլեւ պահպանել ատամները հնարավորինս երկար:  Երբեմն  լինում է, որ միանգամայն առողջ ատամներն սկսում են շարժվել: Ի՞նչ անել,  ի՞նչ է անհրաժեշտ  ատամների կորստից  խուսափելու համար:
Թեմայի շուրջ զրուցեցինք  ատամնաբույժ Հրաչ Մուրադյանի հետ:

-Ինչի՞  հետևանքով կարող են առողջ ատամները շարժվել:
-Այս դեպքում  անհրաժեշտ է խոսել լնդային հիվանդությունների մասին: Երբ լնդային եզրը կարմրում է, այտուցվում, ատամները լվանալիս առաջանում է լնդերի արյունահոսություն (գինգիվիտ): Հիվանդության զարգացման հետ լինդն ու ոսկրային հյուսվածքները դադարում են ատամն ամուր գրկելուց, մերկանում է ատամի արմատը, առաջանում է ատամի հենապահողական ապարատի քայքայում (հարատամնաբորբ), որը բերում է ատամի շարժունության: Լնդային հիվանդությունները կարող են ատամների կորստի պատճառ դառնալ: Նշանակություն ունի նաև ժառանգական նախատրամադրվածությունը:  Ատամները շարժվելուն նպաստում են նաեւ սխալ սննդակարգը եւ բերանի խոռոչի  վատ խմանքը:

-Ի՞նչ ասել է  սխալ սննդակարգ:
-Սխալ սննդակարգն այն է, երբ օրգանիզմը սննդի հետ չի ստանում բավարար քանակով մրգեր, բանջարեղեն, C և P վիտամիններ:

-Ի՞նչ է հարատամնաբորբը կամ պարոդոնտիտը:
-Դա ատամը շրջապատող հյուսվածքների քրոնիկական հիվանդություն է, որով հիմնականում հիվանդանում են հասուն և տարեց մարդիկ, երբեմն նաև՝ երիտասարդները: Հարատամնաբորբի առաջացմանն առավելապես նպաստում են հարատամնային հյուսվածքների բորբոքումը, քայքայված ատամները հեռացնելուց հետո մնացած ատամների գերբեռնվածությունը (ծամելիս), ինչպես նաև ատամնաքարերի առկայությունը լնդագրպանիկներում: Այդ ժամանակ առաջանում են ախտաբանական լնդագրպանիկներ, որոնք էլ բերում են ատամների շարժունության և դրանց վաղաժամ կորստի:

-Ինչպե՞ս խուսափել հարատամնաբորբից:
-Նախ՝ ասեմ, որ դրանց կանխարգելման մեջ կարևոր է սննդի բնույթը: Կոշտ սնունդը նպաստում է լնդերի բնական մերսմանը, ատամներից փափուկ նստվածքի հեռացմանը: Օգտակար են վիտամիններ պարունակող թարմ մրգերը կամ բանջարեղենը (խնձոր, գազար և այլն): Ատամները լվանալիս հարկավոր է 3-5 րոպե լնդերը մատերով լավ մերսել՝  վերև ու ներքև շարժումներով, վերջում բերանը ողողել ջրով կամ երիցուկի թուրմով:

-Ի՞նչ անել,  եթե առկա է այս հիվանդությունը, և  ատամները շարժվում են:
-Բուժումը խիստ անհատական է: Խորհուրդ չի տրվում առանց բժշկի նշանակման օգտագործել որևէ դեղամիջոց: Պետք է կանոնավոր և մանրակրկիտ մաքրել ատամները, լնդերն արյունահոսելիս`  ամեն օր բերանի խոռոչը ողողել կանաչ թեյով: Հարատամնաբորբը քրոնիկական հիվանդություն է, բայց ժամանակին սկսած բուժումը սովորաբար երկար ժամանակով կասեցնում է դրա խորացումը: Ատամնաբույժն առաջին հերթին պետք է ատամների ռենտգեն ուսումնասիրություն կատարի: Կախված  ատամների վիճակից՝ կատարվում է   համապատասխան բուժում, որը ներառում է նաեւ լնդագրպանիկների ատամնաքարերի մաքրում, լնդերի բուժում: Այս դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել փափուկ խոզանակ: Ատամները պետք է լվանալ օրը 2 անգամ. առավոտյան  և երեկոյան` վերջին չափաբաժինը ուտելուց հետո: Օրվա ընթացքում ուտելուց հետո ատամները պարզապես կարելի է ողողել գոլ  ջրով:

-Եվ վերջում,  ի՞նչ միջոցներ կարող եք առաջարկել ընթերցողին՝ տնային պայմաններում ատամներն ամրացնելու համար:
-Ատամների ամրացման համար  շատ կարեւոր է համապատասխան ատամի մածուկի ընտրությունը: Առաջարկեմ մի միջոց, որը հիանալի կերպով օգնում է ատամների ամրացմանը:

Սխտորն առանց մաքրելու մարինացնել: Արդեն պատրաստի թթու սխտորի վրա լցնել թթի դոշաբ այնքան, որ ծածկի սխտորը,  դնել  մութ վայրում: Այդպես կարելի է պահել 6 ամիս: Սխտորը պետք է ծամելով ուտել: Բայց սա  պետք է օգտագործել այն դեպքում, երբ ատամները հեռացնելու աստիճան շարժուն չեն: Դա էլ, իհարկե, ախտորոշում է ատամնաբույժը: Գոյություն ունեն ատամների շարժունության 1-3-րդ աստիճաններ: Երրորդ աստիճանի դեպքում ատամը հեռացվում է:

Մեկ այլ միջոց. ձիթապտղի յուղը խառնել կիտրոնի հյութին: Օրվա ընթացքում բերանը մի քանի անգամ ողողել այս խառնուրդով:

Պահպանե՛ք  ատամները:

Հեղինակ՝ Անահիտ Մնացականյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։