Զգուշացեք ցիտոմեգալովիրուսից
— Կցանկանայի իմանալ` բուժվո՞ւմ է ցիտոմեգալովիրուսը, թե՞ ոչ:
Լիլիթ, Երևանից
Ըստ ամերիկյան տվյալների` ԱՄՆ-ում նորածինների 1-2%-ի մոտ ծնվելիս հայտնաբերվում է ցիտոմեգալովիրուս. մինչև մեկ տարեկան երեխաների վարակվածությունը կազմում է 10-20%, մինչև 35 տարեկանը՝ 40 %, մինչև 50 տարեկանը վարակվածությունը կազմում է 80%: Վարակի աղբյուրը քրոնիկական վիրուսակիրներնեն:
Այս թեմայի շուրջ զրուցեցինք գինեկոլոգ-սեքսոպաթոլոգ Մարիաննա Բեգլարյանի հետ:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
-Ի՞նչ է ցիտոմեգալովիրուսը:
-Այն մի վիրուս է, որն, անցնելով մեր օրգանիզմ, մնում է այնտեղ ողջ կյանքում: Վիրուսը վտանգավոր է այնքանով, որ կարող է առաջացնել նաև ցիտոմեգալիա հիվանդությունը: Ի դեպ, պետք է նշել, որ վիրուսը պատկանում է տենդաբշտիկի վիրուսի խմբին:
-Ի՞նչ ճանապարհով է այն հայտնվում մեր օրգանիզմում:
-Վարակման ուղիները տարբեր են` համբույրից մինչև սեռական հարաբերություններ: Վիրուսը հիմնականում գտնվում է թքի, արյան, մեզի, մայրական կաթի, սերմնահեղուկի, անգամ արգանդի վզիկի մեջ: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ երեխան կարող է միանգամից ծնվել ցիտոմեգալովիրուսով կամ այն ձեռք բերել մայրական կաթի միջոցով: Ինչպես տեսնում եք, վիրուսը մեր օրգանիզմում կարող է հայտնվել տարբեր ճանապարհներով:
-Արդյո՞ք այն լիարժեք հնարավոր է բուժել, թե՞ ոչ:
-Վիրուսը լիարժեք բուժել հնարավոր չէ, կարելի է միայն վիրուսին ապաակտիվացնել, քանի որ ոչ ակտիվ վիճակում վիրուսն օրգանիզմին վնաս տալ չի կարող: Դրա համար պետք է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը:
-Իսկ վրանգավո՞ր է ցիտոմեգալովիրուսը հղիության ժամանակ:
-Հղիության ժամանակ նկատվում է օրգանիզմի դիմադրողականության անկում, հենց այս պատճառով էլ վիրուսը գլուխ է բարձրացնում հղիության ընթացքում: Հղիության ընթացքում գոյություն ունի 50% հավանականություն, որ վիրուսը կանցի պտղին: Պետք է նշել, որ այն կարող է բերել այնպիսի լուրջ խնդիրների, ինչպիսին են միկրոցեֆալիան (փոքրգլխություն), հիդրոցեֆալիան (գլխուղեղի ջրակալում), տեսողության և լսողության խանգարումները, նյարդային համակարգի խախտումները, այն կարող է նույնիսկ պտղի մահվան պատճառ լինել: Սա հատկապես վտանգավոր է հղիության 1-ին և 2 -րդ եռամսյակների ընթացքում:
-Որո՞նք են ցիտոմեգալովիրուսի ախտանիշները:
-Եթե վիրուսը գտնվում է պասիվ վիճակում, ապա այն ոչ մի կերպ չի արտահայտվում, իսկ եթե այն ակտիվ վիճակում է, ապա հնարավոր է անձի մոտ նկատվի ընդհանուր թուլություն, գլխացավ, ջերմության բարձրացում, մկանային ցավեր և այլն:
-Այս վիրուսն ինչպիսի՞ բուժում է պահանջում:
-Հիմնականում անհրաժեշտ է ամեն ինչ անել օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար, որպեսզի վիրուսն ակտիվ չլինի: Ի դեպ, բուժման շրջանում շատ կարևոր է ճիշտ սնվելը, սննդի հիգիենան պահպանելը, հատկապես, երբ խոսքը մսի մասին է:
Պետք Է նշել, որ հուզական լարվածությունից կրկին տուժում է օրգանիզմի դիմադրողականությունը:
Վերջում մի քանի խորհուրդ. եթե ցանկանում եք բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը`
Օրվա վերջում 30-40 րոպե զբաղվեք սիրած գործով, որը ձեզ բավականություն է պատճառում:
Շատ բանջարեղեն ու միրգ օգտագործեք, որոնք հարուստ են ցինկով, երկաթով ու C վիտամինով, օրինակ` կիտրոն, կանաչ լոբի, մասուր, կաղամբ, դդում, սև հաղարջ, սոխ, սև սալոր, խնձոր:
Առավոտյան, երբ արթնանում եք, համտեսեք կիվի, որը հատկապես հարուստ է C վիտամինով: Կիվին, մաքրելով օրգանիզմը, բարձրացնում է ձեր դիմադրողականությունը:
Իսկ ահա ցիտոմեգալովիրուսի դեմ պայքարելու համար միայն մրգերն ու բանջարեղենը քիչ են, ուստի հարկավոր է նաև դեղորայքային միջամտություն: Սա հատկապես կարևոր է ապագա մայրերի համար, չէ՞ որ առողջ մայրիկը լույս աշխարհ է բերում առողջ բալիկ: