Փորլուծությունը ջրազրկում է օրգանիզմը
— Աղեստամոքսային հիվանդության հետ կապված ինձ մոտ ջրազրկում է նկատվում, ի՞նչ խորհուրդ կտաք:
Սոնա
Աղեստամոքսային ուղու գործունեության խանգարման հետեւանքով խախտվում է ողջ մարսողական գործընթացը: Այդ պատճառով տեղի է ունենում սննդանյութերի ոչ լրիվ ճեղքում, որը նպաստում է ստամոքս-աղիքային ուղում թունավոր նյութերի կուտակմանը եւ նպաստավոր միջավայր է ստեղծում աղիքային մանրէների բազմացման համար: Ֆերմենտատիվ մարսողությանը միանում է նաեւ բակտերիալը, որը պայմանավորում է սննդի ոչ լրիվ քայքայման հետեւանքով գոյացող թունավոր արգասիքների կուտակումը, ինչն էլ, բնականաբար, գրգռում է աղիների լորձաթաղանթը: Շարունակական բնույթ կրող լուծը հանգեցնում է օրգանիզմի ջրազրկման:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Թեմայի շուրջն ավելի մանրամասն զրուցեցինք թերապեւտ Հովիկ Խանսանամյանի հետ:
-Բժի՛շկ, առհասարակ ինչո՞ւ է առաջանում փորլուծություն:
-Փորլուծությունն աղիքների գործունեության խանգարումն է, որն ուղեկցվում է հաճախակի եւ հեղուկային արտաթորանքներով: Փորլուծության առաջացման պատճառները բազմազան են:
Լուծն առաջանում է աղիներում սննդի արագ առաջ շարժման հետեւանքով: Լուծ չի կարելի համարել կղելու հաճախականությունը, եթե կղանքը նորմալ խտության է: Արտաթորությունների հեղուկ վիճակը փորլուծության հիմնական նշանն է:
Լուծ կարող է առաջանալ նաեւ աղիների պարունակության անբավարար ներծծման կամ աղիքներում հաճախակի նքոց առաջացնող սաստիկ կծկումների հետեւանքով:
-Դուք նշեցիք, որ լուծի առաջացման պատճառները բազմազան են: Կարո՞ղ եք տեսակավորել եւ մանրամասնել մի քանի խոսքով:
-Այո, դրանք բազմազան են, կարելի է բաժանել մի քանի խմբի՝
1) Փորլուծություններ, որոնք կախված են սննդային պարունակության բնույթից, այսինքն դրա տեղային գրգռիչ հատկություններից: Դրանք առաջանում են առատ ուտելուց, շտապելու կամ ատամների բացակայության պատճառով վատ ծամված սննդից, կոշտ ուտելիքից, մեծ քանակությամբ մրգեր (հատկապես չհասած), որոշ տեսակի բանջարեղեն (վարունգ, կաղամբ) ուտելուց, սառը հեղուկներից կամ ուտելիքից:
2) Մարսողական օրգանների՝ ստամոքսի, աղիքների, ենթաստամոքսային գեղձի եւ լյարդի գործունեության խանգարումների հետեւանքով առաջացած փորլուծություններ:
3) Փորլուծություններ, որոնք առաջանում են աղիքների պատի լորձաթաղանթի հիվանդությունների հետեւանքով: Այդպիսի լուծերը կարող են լինել թունավոր կամ վարակային ծագմամբ:
Թունավոր լուծերն առաջանում են տարբեր բնույթի տեղային գրգռիչ թունավոր նյութերից, որոնք աղիքի պատում առաջացնում են բորբոքային փոփոխություններ:
Փորլուծությանն ամենից հաճախ նպաստում են մեծ չափաբաժիններով օգտագործված լուծողականները, թունավոր սնկերը, բոտուլիզմը:
Վարակիչ բորբոքային լուծերի պատճառը լինում է բարակ եւ հաստ աղիքների բորբոքում առաջացնող վարակը:
4) Նյարդածին լուծերն առաջանում են հոգեկան հուզումների, ինչպես, օրինակ, վախի, սարսափի, ուժեղ հոգեկան սթրեսի դեպքում:
-Իսկ եթե լուծը կրում է շարունակական բնույթ, այն կարո՞ղ է հանգեցնել օրգանիզմի ջրազրկման:
-Միանշանակ այո: Լուծը պետք է կանխել առաջացման առաջին իսկ օրերից, հատկապես երեխաների մոտ: Եթե լուծը տեւում է մի քանի օր, կղելու հաճախականությունը գերազանցում է օրական 8-10 անգամը, ապա միանգամայն պարզ է, որ օրգանիզմը ջրազրկվում է: Այդ դեպքում հիվանդի վիճակի ծանրությունն ուղիղ համեմատական է օրգանիզմի ջրազրկման աստիճանին:
Հիվանդությունը հաճախ սկսվում է գխտոցով, փսխումով, ապա միանում է նաեւ լուծը: Խմորման գործընթացների ուժեղացման հետեւանքով աղիներում գազեր են կուտակվում: Լուծի եւ փսխման պատճառով հիվանդը կորցնում է մեծ քանակությամբ հեղուկներ ու աղեր: Կապված կորցրած հեղուկում աղերի պարունակության հետ, զարգանում է. 1) ջրազրկում ջրի առավել կորստով, 2) ջրազրկում աղերի առավել կորստով, 3) ջրազրկում հեղուկների ու աղերի համարժեք կորստով: Վերջին ձեւը հանդիպում է համեմատաբար ավելի հաճախ:
Տարբերակվում են ջրազրկման 3 տեսակ՝ ջրային անբավարարության, աղային անբավարարության եւ իզոտոնիկ:
Ջրային անբավարարության ձեւն առաջանում է ջրի առավել կորստի դեպքում: Այս ձեւը զարգանում է բավականին արագ: Հատուկ է ընդհանուր գրգռվածությունը, անհանգստությունը, ծարավի զգացումը, մարմնի ջերմաստիճանը հաճախ լինում է բարձր:
Աղային անբավարարությունը, ի տարբերություն ջրայինի, հաճախ զարգանում է դանդաղ, աղիքային հիվանդության 3-4-րդ օրը: Սովորաբար հիվանդների վիճակը լինում է ծանր, կարող է լինել նաեւ գիտակցության կորուստ, ծարավի զգացումը բացակայում է: Մաշկը լինում է սառը, կապտավուն երանգ է ունենում: Օրգանիզմը կորցնում է ոչ միայն նատրիումի, այլեւ կալիումի աղեր:
Իզոտոնիկ ջրազրկման ժամանակ ջերմությունը լինում է նորմալ: Սա ջրի եւ աղերի համարժեք կորստի ձեւ է, որի ժամանակ նկատվում է թուլություն, քնկոտություն, հիվանդի մաշկը չոր է, գունատ: Կարող են դիտվել արյան շրջանառության խանգարման երեւույթներ:
-Բժի՛շկ, իսկ ինչպե՞ս է իրականացվում բուժումը:
-Նախ՝ ասեմ, որ ջրազրկման տարատեսակների որոշումը գործնականորեն կարեւոր նշանակություն ունի, քանի որ տարբերակիչ մոտեցումը բուժական առավելագույն արդյունքի հասնելու հնարավորություն է ընձեռում: Ջրազրկման աստիճանը որոշվում է կլինիկական հետազոտման եւ կշռման միջոցով:
Հասարակ լուծի բուժման ժամանակ անհրաժեշտ է առաջին հերթին օրգանիզմն ազատել աղիներում կուտակված սննդի ոչ վերջնական քայքայման արգասիքներից, այսինքն՝ նշանակվում է հոգնա: Աղեստամոքսային ուղու մաքրման եւ նրա գործունեության խնայման նպատակով նշանակվում է ջրա-թեյային սննդակարգ, այդ ընթացքում հիվանդները պիտի ստանան միայն հեղուկներ, քաղցր թեյեր եւ ոչ թե ժամկետանց <<բնական>> կամ գազավորված հյութեր: Ջրա-թեյային սննդակարգից հետո նշանակվում է սնունդ: Առաջին ուտելուց է հաճախ կախված հիվանդության ընթացքը եւ ելքը: Տրվող սնունդը չպետք է աղիներում գրգիռ առաջացնի, պետք է լավ ներծծվի ու յուրացվի:
Նպատակահարմար է բրնձի խիտ եփուկը, կարտոֆիլի խյուսը: 2-րդ օրն արդեն տրվում են կաթնամթերքների խառնուրդներ տարբեր նոսրացումներով, օգտակար է նաեւ մոշի տերեւներից պատրաստված թեյը: Ստամոքսի լորձաթաղանթը չգրգռելու եւ փսխում չառաջացնելու համար նպատակահարմար է սկզբնական շրջանում սնունդը տալ փոքր բաժիններով:
Դեղորայքային ինքնաբուժումը խորհուրդ չի տրվում, բուժումը պետք է իրականացվի միայն բժշկի խորհրդով:
-Եթե լուծը հասարակ բնույթ չի կրում ու վերածվել է թունավոր լուծի, ի՞նչ բուժում է հարկավոր:
-Թունավոր լուծը կարող է հասարակ լուծի զարգացման հետագա փուլը լինել, բայց կարող է զարգանալ եւ ինքնուրույն: Բոլոր այն գործոնները, որոնք նպաստում են հասարակ լուծի առաջացմանը, կարող են նաեւ թունավոր լուծի պատճառ հանդիսանալ: Թունավոր լուծը կարող է զարգանալ հասարակ լուծի ոչ ժամանակին եւ անորակ բուժման հետեւանքով: Այս տիպի լուծի բուժման համար պահանջվում է մեծ հմտություն եւ համբերություն: Բուժումը կազմակերպվում է անհապաղ, նույնիսկ նախքան պարզելը, թե ջրազրկման որ ձեւն ու աստիճանն է հիվանդի մոտ: Բոլոր թերապեւտիկ միջոցառումները պետք է անցկացվեն հիվանդանոցում: Բուժման ժամանակ անհրաժեշտ է ճիշտ խնամք, հիվանդասենյակի հաճախակի օդափոխում:
Եվ վերջում՝ ձեր խորհուրդը մեր ընթերցողներին:
-Հիվանդության կասկածի կամ սկզբնական առաջացման դեպքում դիմել բժշկի: Ավանդական ինքնաբուժման ժամանակ բուժումը կիսատ մի թողեք, քանի որ դա կարող է ավելի վտանգավոր բարդություններ առաջացնել: Օգտագործեք սովորականից շատ հեղուկներ, իսկ ապաքինման շրջանում օգտագործեք օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող միջոցներ: Շատ կարեւոր է խուսափել վերավարակումից՝ հատկապես երեխաների համար:
Եղե՛ք առողջ: