Նևրոզով տառապող կին
Հոգեբանություն

Նևրոզը` դարի հիվանդություն

-Ինձ մոտ ախտորոշել էին նեւրոզ: Բուժումն ընդունելուց հետո ասացին, որ ապաքինվել եմ: Սակայն ինձ այժմ անհանգստացնում են հետեւյալ ախտանիշները. վախի զգացում, ճնշվածություն, սրտխփոց, գլխացավեր, խառը մտքեր… Ի՞նչ անեմ, ի՞նչ խորհուրդ կտաք:
Ալվարդ

Նեւրոզները հոգեծին, նյարդահոգեկան խանգարումներ են, որոնք առաջանում են մարդու կյանքի կարեւոր հարաբերությունների խանգարման ժամանակ, արտահայտվում են կլինիկական ֆենոմեններով եւ բնորոշվում են պսիխոտիկ երեւույթների բացակայությամբ:  Ցավոք, տարբեր գործոններով պայմանավորված, նեւրոզով հիվանդների թիվը գնալով աճում է:
“Նեւրոզ” կոչվող հիվանդության սահմանումն անգամ ցույց է տալիս, որ խնդիրը հոգեբանական, հոգեկան ոլորտում է, հետեւաբար մեր ընթերցող Ալվարդի նամակին հնարավորինս արդյունավետ արձագանքելու համար զրուցեցինք ե՛ւ հոգեբանի, ե՛ւ հոգեբույժի հետ:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Ինչպես նշեց հոգեբան Մարինե Սահակյանը՝
-Անձը գերբարձր արժեք է, նրան ուղղակի մոտենալ չի կարելի, հատկապես եթե նեւրոզն է խնդիրը: Պետք է անպայման խոսել հիվանդի հետ եւ մանրամասներն իմանալ, պետք է պարզել, թե ո՞ր դաշտն է ախտահարված, որտեղի՞ց է խնդիրը, ի՞նչ բնույթի է, ի՞նչ դրսեւորում ունի, առաջացման ինչպիսի՞ պատճառներ կան՝ ժառանգական, հոգեբանական, սեռական անբավարարվածության. չէ՞ որ կան պաթոլոգիայի դրսեւորման տարբեր տարատեսակներ: Իսկ եթե հիվանդը գանգատվում է՝ ասելով, որ ունի վախի զգացողություն, ճնշվածություն, խառը մտքեր, գլխացավ, սրտխփոցներ, խնդիր այստեղ, իհարկե, կա, եւ դա նեւրոտիկ բնույթի է, որն առաջանում է անորոշությունից, կպչուն մտքերից:
Իսկ ահա, մյուս զրուցակիցս՝ հոգեբույժ Գոհար Շիրինի Սրապյանը, նեւրոզների հետ կապված իր մեկնաբանությունը տվեց:

-Ի՞նչ է նեւրոզը, ի՞նչ տեսակներ ունի:
-Նեւրոզը հավաքական հիվանդություն է, որն ունի ֆունկցիոնալ բնույթ (օրգանական հիվանդությամբ պայմանավորված չէ) ունի որոշակի սկիզբ, պատճառ, չի ուղեկցվում հոգեկան խանգարումներով, եւ հիվանդը չի կորցնում իրականության զգացումը: Նեւրոզների համախտանիշներն ու տեսակները բազմազան են՝ ասթենիկ, նեւրասթենիկ, տագնապային եւ դեպրեսիվ, օբսեսիվ եւ ֆոբիկ, ինչպես նաեւ դեպերսոնալիզացիայի եւ դեռեալիզացիայի համախտանիշներ, դեզադապտատիվ եւ սթրեսային հակազդեցություններ, հիպոքոնդրիկ եւ հիսթերիկ խանգարումներ: Նշված տեսակներից ամենաթեթեւը նեւրասթենիկն է (նյարդաթուլություն), որ կազմում է նրանցից յուրաքանչյուրի հիմքը: Այն արտահայտվում է դյուրագրգռությամբ, դյուրաբորբոքությամբ, աղմուկից վիճակի վատթարացմամբ, թուլությամբ, լացկանությամբ, ոչ կայուն դեպրեսիայով, տրամադրության փոփոխականությամբ:


-Նեւրոզները պարտադիր ունենու՞մ են առաջացման պատճառ:
-Կան այնպիսինները, որոնք ունեն առաջացման կոնկրետ պատճառ, կան նաեւ այնպիսիք, որոնք տարիքի հետ են կապված եւ առաջանում են աթերոսկլերոզից, անոթային խնդիրներից, սթրեսներից, կյանքի անբարենպաստ պայմաններից, շատ մեծ նշանակություն ունի նաեւ անձի տեսակը, հոգեբանական որակները: Օրինակ՝ հարմոնիկ մարդկանց մոտ հազվադեպ են նեւրոզներ առաջանում, նեւրոզները հիմնականում բնորոշ են ինչ-որ շեշտվածություն ունեցող մարդկանց:
Մեծ նշանակություն ունեն նաեւ ժառանգականությունը, ծննդաբերության ժամանակ երեխայի ունեցած վնասվածքները՝ երբ փոքրիկը ծնվում է պորտալարը պարանոցին փաթաթված կամ, ինչպես ասում են, խեղդված. սրանք խնդիրներ են, որոնք աչքի համար ոչ տեսանելի են եւ անգամ ժամանակակից հետազոտություններով հնարավոր չէ հայտնաբերել, բայց հետագայում առաջանում են խնդիրներ բնավորության հետ կապված, որն էլ հող է նախապատրաստում նեւրոզների համար: Կարեւոր է նաեւ դաստիարակությունը, ընտանիքի պայմանները, միջանձնային փոխհարաբերությունները. անհամերաշխությունն ու փոխզիջման բացակայությունը միանշանակ կարող են դառնալ նեւրոզի առաջացման պատճառ:

— Ի՞նչ հիմքեր կարող է ունենալ հասուն տարիքում ի հայտ եկած նեւրոզը:
-Շատ կարեւոր է, թե այժմ անձն ինչ խնդիրներ ունի, ինչ պայմաններում է ապրում, որովհետեւ նախկինում տարած սթրեսները կարծես թե թարմանում են նոր վնասվածքներով եւ բերում նեւրոզների: Օրինակ՝ կենցաղային խնդիրները, ֆինանսական դժվարությունները քիչ-քիչ խաթարում են նյարդային համակարգը, ինչն էլ հետո արտահայտվում է հակազդեցություններով: Մեծ նշանակություն ունեն նաեւ նախկինում ունեցած հիվանդությունները, անզգայացումները,  ուղեղի ցնցումները, գանգուղեղային վնասվածքները, կանանց կլիմաքսի շրջանը:

-Բուժման դեղատոմս առաջարկելիս ի՞նչն եք հաշվի առնում:
-Նեւրոզի ախտորոշման համար պետք է շատ մանրամասն տեղեկություն ունենալ:
Գոյություն ունեն նեւրոզներ, որոնք դեղորայքային լուրջ բուժում են պահանջում, չնայած բոլոր դեպքերում պետք է սկսել նվազագույն չափաբաժնից՝ անկախ նրանից, թե նեւրոզի ինչ աստիճան է հիվանդի մոտ նկատվում: Հիմնականում բուժման ընթացքը համակցվում է հոգեթերապիայի՝ հոգեբանի եւ հոգեբույժի ներգրավմամբ:

-Իսկ ո՞րն է պատճառը, որ մեր ընթերցողի մոտ բուժումից հետո խնդիրը կրկին ի հայտ է եկել:
-Կա երկու տարբերակ՝ կամ բուժումը կիսատ է մնացել, կամ լիարժեք չի եղել: Նեւրոզով հիվանդը պետք է իմանա իր խնդրի առաջացման պատճառն ու կարողանա համապատասխան լուծում գտնել դրա համար, կանխել եւ դեղորայք չօգտագործելուց հետո հասնել նրան, որ հիվանդությունը նորից չկրկնվի: Միգուցե խնդիրը շատ ավելի բարդ է եղել, իսկ հիմա սա է մնացել, ինչը նկարագրում է անձը: Բայց եթե կա գանգատ, որն անհանգստացնում է նրան, պետք է դիմի մասնագետի:

-Իսկ ինչպե՞ս, ի՞նչ խորհրդով կարող եք օգնել մեր ընթերցողին:
-Հիվանդի միայն մի քանի գանգատներով դժվար է կողմնորոշվել: Նույնիսկ անձի տեսքը բավականին բան է ասում՝սանրվածքը, դիմահարդարումը, դեմքի արտահայտությունը: Օրինակ՝ դեպրեսիան բնորոշվում է դեմքի թախծոտ, տխուր արտահայտությամբ, լարվածությամբ: Օգնելու համար անգամ կարիք է լինում դիմել հարազատների միջամտությանը: Հիվանդը հաճախ որոշ կարեւոր բաներ չի հիշում, չի ասում, չի կարողանում պատմել, իսկ հարազատները բավականին շատ տեղեկություն են տալիս: Երբեմն հիվանդները մեզ մոտ ծանր գանգատներ են ներկայացնում, բայց տանն իրենց լավ են զգում, կամ հակառակը՝ հիվանդի վիճակը թեթեւանում է, բայց մտերիմներին ասում է, որ ամբողջ օրն  ինքը տանը լաց է լինում:
Ալվարդին կարող եմ առաջարկել բուժման չեզոք տարբերակ, որը նեւրոզի ցանկացած դրսեւորման դեպքում չի վնասի՝ կանոնավոր գրաֆիկով կատվախոտի կաթիլներ  խմել, օրական 3 անգամ, 30-ական կաթիլ:  “Պերսեն Ֆորտեն” կկարգավորի սրտխփոցի խնդիրը: Նեւրոզների բուժման համար շատ լավ են  օգնում նաեւ հանգիստը, պարը, աէրոբիկան, շեյփինգը, լոգանքը, ֆիզիկական այն աշխատանքը, որը հաճելի է: Իսկ լողը նեւրոզի բուժման համար նշվածներից ամենաարդյունավետ տարբերակն է:

-Հայաստանում շա՞տ են նեւրոզով հիվանդ մարդիկ:
-Շա՜տ-շա՜տ: Դրանում վստահ եմ:

-Հնարավո՞ր է  նեւրոզ ունենալ եւ չիմանալ դրա մասին:
-Նեւրոզն այն հիվանդություններից է, որն անհանգստացնում է անգամ ամենափոքր աստիճանի դեպքում, նույնիսկ չնչին տագնապից մարդն սկսում է գանգատվել: Սա թաքնված հիվանդություն չէ, հիվանդը միանգամից արձագանքում է եւ պահանջում, որ իրեն լսեն, օգնեն:

Հուսով ենք՝ մեր տված տեղեկություններն ինչ-որ չափով կօգնեն Ձեզ հաղթահարել բոլոր տեսակի հոգեբանական խնդիրներն ու  հնարավորինս խուսափել նեւրոզից:

Հեղինակ՝ Էթերի Մամուլյան

7,130 մեկնաբանույթուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։