Մեխակ
Այլընտրանքային բժշկություն

Մեխակ. և համեմունք, և շտապ օգնություն

Մեխակը ոչ միայն խոհանոցում է օգտագործվում, այլեւ բժշկության մեջ: Բանն այն է, որ այս համեմունքն օժտված  է բազմապիսի բուժիչ հատկություններով:

Եթե ուզում եք իմանալ մեխակի օգտակար հատկությունների մասին, ապա ուսումնասիրեք դրա քիմիական կազմը: Լայնորեն տարածված այս համեմունքը պարունակում է մեծ քանակությամբ եթերայուղեր (15%), ինչպես նաև A, C , B1, B2, PP վիտամիններ, իսկ հանքային նյութերից` կալցիում, ֆոսֆոր, մանգան, նատրիում, երկաթ:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Տարբեր երկրների բնաբույժները լայնորեն  կիրառում են մեխակի բուժիչ հատկությունները: Այն օգտագործվում է փորլուծության, ճիճվակրության դեմ, մարսողության լավացման, սնկային հիվանդությունների դեպքերում, սպաստիկ   (կծկանք) վիճակներում կիրառվող և խթանող միջոց: Բուսաբույժներն  այն օգտագործում են նաեւ աղեստամոքսային ուղու հիվանդությունների բուժման գործընթացում, իսկ եթերայուղն` ատամնաբուժության և վիրաբուժության մեջ:

Հնարավոր չէ չնշել նաև այն, որ մեխակը փակում է ախորժակը: Սրա համար անհրաժեշտ է մեխակի մի քանի հատիկ դնել փակվող ապակյա տարայի մեջ, իսկ երբ ցանկանաք ուտել մեծ կալորիականությամբ,  վնասակար  կամ էլ չնախատեսված որևէ սնունդ, բացեք տարայի բերանը և շնչեք մեխակի հոտը:
Մարսողության համար այս հիանալի համեմունքի օգտակարությունն ակնհայտ է: Օժտված լինելով խթանիչ հատկությամբ` այն կիրառվում է անմարսելիության և փորափքանքի դեմ: Բացի դրանից, այս համեմունքն ունի ցավազրկող ազդեցություն:

Եթե 1թ.գ. մեղրը խառնեք աղացած մեխակի հատիկների հետ և քիչ չափաբաժիններով խառնուրդը բերանում, կկանխեք սրտխառնոցը:

1թ.գ. մանրացված մեխակին ավելացնել 3 բաժակ եռացրած ջուր, թրմել 40 ր, քամել, խմել օրվա ընթացքում 3 բաժակ, ուտելուց կես ժամ առաջ: Սովորաբար 2-3 օրը բավական է ստամոքսի կծկանքի, ցավերի անհետացման համար:

Եթե անհանգստացնում է գլխացավը, ապա կարելի է մի քանի մեխակից թեյ պատրաստել, և դանդաղ ումպերով խմել տաք վիճակում: Շուտով գլխացավը կանհետանա:

Գլխացավի դեմ խորհուրդ է տրվում օգտվել հետևյալ բաղադրատոմսերից

Վերցնել աղացած մեխակ, դարչին և նուշ՝  յուրաքանչյուրից 5գ, խառնել ոչ մեծ քանակությամբ ջրի հետ մինչ մածուկանման զանգվածի վերածվելը եւ դնել ցավացող հատվածին:

1գ աղացած մեխակը խառնել 5մլ քափրենու յուղի հետ և դնել ցավացող տեղում:

Հնարավոր է նաև մածուկ պատրաստել աղացած մեխակի, աղի և կաթի խառնուրդից: Այդ խառնուրդը կիրառվում է վերոհիշյալ բաղադրատոմսերի ձեւով:

Սպաստիկ  հազի թեթեւացման համար խառնել  5 կաթիլ եթերայուղ, մի քիչ մեղր եւ սխտոր, ընդունել օրական 1 անգամ, քնելուց առաջ:

Նույն նպատակով կարելի է նաեւ թեյ պատրաստել՝  1 բաժակ եռացրած ջրին ավելացնելով 0,5 թ.գ. աղացած կոճապղպեղ, 0,25-ական թ.գ. աղացած մեխակ եւ դարչին:

Կոկորդի ցավի դեպքում անհրաժեշտ է պարզապես մեխակը երկար ժամանակ պահել բերանում` ծծելով այն:

Կոկորդի բորբոքման, ըմպանաբորբի եւ հազի թեթեւացման համար պետք է կոկորդը ողողել հետեւյալ միջոցով. գոլ ջրում լուծել ծովային աղի բյուրեղները կամ քարաղը եւ մեխակի փոշին:

Այս միջոցն ադյունավետ է ատամնացավի եւ ականջացավի դեպքերում: Այդ նպատակով պետք է 1 բաժակ յուղի մեջ (ավելի լավ է քնջութի) եռացնել 5 հատիկ մեխակ: Ականջացավի դեպքում յուրաքանչյուր ականջի մեջ կաթեցնել 3-ական կաթիլ գոլ յուղ: Ատամնացավի դեպքում բամբակե խծուծի վրա կաթեցնել 3 կաթիլ այդ յուղից եւ դնել ատամին:

Մեխակն օգտակար է ատամնացավի ժամանակ. մինչ ատամնաբույժին այցելելը կարելի է մեխակը ծամել, զուգընթաց կունենաք նաեւ թարմ շնչառություն: Ի դեպ, սա հատուկ է ասվում, քանզի ոչ ոքի խորհուրդ չի տրվում հետաձգել ատամնաբույժի այցելելը:

Ակնագարիկի (տիկնակլունձ) դեպքում 1 հատիկ մեխակի փոշին խառնել 2-3 կաթիլ ջրի հետ եւ քսել բորբոքված հատվածին:

Ուշադրություն. մեխակը շատ ուժեղ համեմունք է, այդ պատճառով այն խորհուրդ չի տրվում տալ մինչեւ 2 տարեկան երեխաներին:  Մեխակի օգտագործումը հակացուցված է արյան բարձր ճնշման ժամանակ: Բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի, ստամոքսի խոցի, գերլարվածության եւ գերհոգնածության դեպքում ավելի լավ է սահմանափակել այս համեմունքի օգտագործումը:
Այսպիսով,  մեխակի հատիկները ոչ միայն համեմունք են, այլեւ օգտակար նյութերի գանձարան, միայն թե օգտագործելիս մի՛ մոռացեք հակացուցումների մասին:

Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան

2 մեկնաբանույթուն

  • Anna

    Գայանե, հասկանալ, որ յուրաքանչյուր շատ օգտակար բազում առողջական խնդիրների դեպքում բույս, ունի նաև իր հակացուցումները, հայտնի երևույթ է, որն առկա է ոչ միայն բուսական աշխարհում։

  • Գայանե

    Բարև Ձեզ: Այս հոդվածում նշված է, որ մեխակը հակացուցված է արյան բարձր ճնշման դեպքում, իսկ մեկ այլ հոդվածում գրված է, որ <<Աղբյուր՝ life-okay.com>> շատ օգտակար է ինչպես հասկանալ: Մի թե չի վերահսկվում այս տեղեկատվությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։