Լինզաներ. նորաձեւությո՞ւն, թե՞ անհրաժեշտություն
Այժմ մեր շուկան ողողված է տարբեր տեսակի լինզաներով: Դրանք կարելի է օգտագործել ակնոցի փոխարեն, ինչպես նաեւ աչքերի գույնը փոխելու համար:
Թեմայի շուրջ զրուցեցինք ակնաբույժ Լուսինե Ռափյանի հետ:
-Տիկին Ռափյան առհասարակ քանի՞ տեսակ են լինում լինզաները եւ ի՞նչ նպատակի են ծառայում:
-Եթե խոսքը վերաբերում է օպտիկական լինզաներին, ապա դրանք լինում են փափուկ եւ կոշտ: Իսկ ընդհանրապես կոնտակտային լինզաները լինում են օպտիկական եւ գունավոր: Գունավորը կիրառվում է գունային գամա ստեղծելու նպատակով, իսկ օպտիկական լինզաները կիրառվում են ակնոցի փոխարեն տեսողությունը լավացնելու նպատակով: Այս լինզաները խորհուրդ են տրվում հատկապես այն հիվանդներին, որոնց մոտ բեկումները տարբեր են լինում: Եվ այն աչքին, որի բեկումը նորմալ չէ, դրվում է համապատասխան կոնտակտային լինզան: Օպտիկական լինզաներ կրում են հատկապես նրանք, ովքեր չեն հարմարվում ակնոցի հետ, կամ էլ ամաչում են ակնոց դնելուց (հիմնականում երիտասարդները): Լինզաները լինում են տարբեր ժամկետներով՝ բնականաբար կախված գնային արժեքից, եւ պահվում են հատուկ հեղուկների մեջ
-Ի՞նչ կասեք այն լինզաների մասին, որոնք ե՛ւ օպտիկական են, ե՛ւ գունավոր: Արդյո՞ք անվտանգ են դրանք աչքի համար:
-Գունավոր կոնտակտային լինզաները նախատեսված չեն մշտական օգտագործման համար: Դրանք պետք է օգտագործել յուրահատուկ դեպքերում, մեկ օրվա մեջ 4-6 ժամ: Այսպիսի լինզաների մշտական օգտագործումը նման է մշտապես երեկոյան զգեստ եւ բարձրակրունկ կոշիկներ հագնելուն: Գունավոր լինզաների չափից շատ օգտագործումը կարող է բերել եղջերաթաղանթի թթվածնաքաղցի, կարող է հանգեցնել տխուր հետեւանքների, օրինակ`մշտական կարմիր աչքերի:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
-Գունավոր լինզաներ դնելուց առաջ պարտադի՞ր է ակնաբոււյժի հետազոտություն անցնելը:
-Բնականաբար, պարտադիր է: Սխալ ընտրված կոնտակտային լինզաներն առաջացնում են եղջերաթաղանթի բորբոքում եւ անոթների ներաճ եղջերաթաղանթի մեջ:
-Կարելի՞ է օգտագործել լինզաներ, եթե օգտագործվում են աչքի կաթիլներ բուժման նպատակով:
-Ոչ մի տեսակի կաթիլներ չի կարելի օգտագործել լինզան դրած ժամանակ: Եվ առհասարակ, եթե առկա է աչքի որեւէ հիվանդություն, ապա խորհուրդ չի տրվում կիրառել լինզաներ: Դա արվում է բուժումն արհեստականորեն չերկարացնելու եւ աչքը բակտերիաներից զերծ պահելու նպատակով: Լինզաները հակացուցված չեն նույնիսկ հղիության ժամանակ, եթե տվյալ անձը հետազոտվել է եւ չունի աչքի որեւէ խնդիր: Միայն թե ամեն ինչ (նույնիսկ լինզաներ օգտագործելը) պետք է արվի չափի մեջ՝ մեր անձը զանազան խնդիրներից զերծ պահելու եւ առողջ ապրելու, ինչպես նաեւ առողջ զավակներ լույս աշխարհ բերելու նպատակով:
-Որո՞նք են հակացուցումները:
-Կոնտակտային լինզաները հակացուցված են աչքի բորբոքային հիվանդությունների ժամանակ, ինչպես նաեւ խորհուրդ չի տրվում կիրառել վարակիչ հիվանդությունների դեպքում (սուր շնչառական վիրուսային վարակ, գրիպ, անգինա եւ այլն): Խոհուրդ չի տրվում լինզաներ դնել նաեւ այն մարդկանց, որոնց հոգեբանորեն նյարդայնացնում է լինզաներ դնել-հանելու փաստը: Այս դեպքում օգնության են հասնում մեզ քաջածանոթ ակնոցները, որոնց օդտագործումն ավելորդ նյարդեր չի պահանջում:
-Եվ վերջապես, խորհուրդ բոլոր նրանց, ովքեր, այնուամենայնիվ, սիրում են լինզաներ դնել:
— Պահպանեք հիգիենայի կանոնները, հաճախ լվացեք ձեռքերը, հատկապես լինզաները դնելուց առաջ եւ հանելուց հետո: Եվ ընդհանրապես, եղեք մաքրասեր ու այդպիսով կազատվեք մի շարք հնարավոր խնդիրներից: