Հարթաթաթ ոտքեր
Երեխաներ,  Փորձագետի խորհուրդներ

Կանխարգելեք հարթաթաթությունը

Ցանկացած  հիվանդություն հեշտ է հաղթահարել, եթե ժամանակին է կատարվում ախտորոշումը եւ բուժումը: Այսօր կխոսենք տափակաթաթություն կամ հարթաթաթություն հիվանդության մասին: Ինչպես պարզեցինք, այն լինում է թե՛ բնածին, թե՛ ձեռքբերովի: Թեմայի շուրջ զրուցեցինք օրթոպեդ-վնասվածքաբան Քրիստափոր Պետրոսյանի հետ:

-Ասացե՛ք, ի՞նչ է հարթաթաթությունը:
-Հարթաթաթությունը մարդու ոտնաթաթի ձեւափոխությունն է, որի ժամանակ, ի տարբերություն բնական վիճակի, առաջանում է դրա կամարների խախտում: Այն կարող է լինել ձեռքբերովի՝ տարբեր վնասվածքների, ինչպես նաեւ կոշիկի ոչ ճիշտ ընտրության, ծռաթաթության, ներբանի մկանակապանային ապարատի թուլության,  ստորին ծայրանդամի լուծանքների պատճառով: Հարթաթաթությունը կարող է լինել նաեւ ժառանգական:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

-Ինչպիսի՞ նախանշաններ ունի հարթաթաթությունը:
-Հիվանդության առավել վաղ ախտանշաններն են ոտքերի արագ հոգնելը, ցավերը սրունքի, ոտքի շրջանում, լինում են նաեւ մեջքի ցավեր, գլխացավեր:

-Ի՞նչ պատճառներ են ընկած տափակաթաթության առաջացման հիմքում:
-Պատճառները հիմնականում գալիս են մանկական տարիքում  ծնողների անուշադիր վերաբերմունքից: Երեխաները շատ են ծանրաբեռնում իրենց ոտքերը, հագնում են սխալ կոշիկ, չեն մարզվում: ՈՒստի, լավ կլինի, որպեսզի մանկապարտեզներում եւ դպրոցներում, բացի ֆիզկուլտուրայից, դասերի ժամանակ ուշադրություն դարձվի ոտնաթաթերի վարժություններին, որոնք քիչ թե շատ կկանխեն այս հիվանդության առաջացումը:

-Իսկ ի՞նչ բարդություններ կարող է առաջացնել  հարթաթաթությունը:
-Մեծահասակների մոտ, եթե բուժումը լիարժեք չի կատարվում կամ ընդհանրապես չի կատարվում, կարող է զարգանալ հոդախտ: Այս դեպքում հիվանդության բուժումն ավելի է բարդանում:

-Իսկ որքա՞ն է տեւում բուժումը եւ ի՞նչ միջոցներ կան դրա համար:
— Ճիշտ է, հարթաթաթության ախտորոշումը շատ հեշտ է կատարվում, սակայն բուժումը պահանջում է երկարատեւ ու համբերատար աշխատանք: Միջին հաշվով, բուժման տեւողությունը  6 ամսից 1 տարի է, ընդ որում, բուժումը պետք է կատարվի կանոնավոր կերպով: Բուժումն իր մեջ ներառում է ոտնաթաթի հատուկ լիցքային վարժություններ, որոնք կատարվում են ամեն օր, բժշկի հսկողությամբ: Շատ օգտակար է հանքային ջրերում, ծովափում լողանալը, նաեւ մերսումներ կատարելը: Տաք եղանակին օգտակար է անհարթ գետնի, ավազի վրա ոտաբոբիկ քայլելը:

-Ինչպե՞ս կարելի է կանխարգելել հարթաթաթության առաջացումը:
-Հիվանդության կանխարգելման համար կարեւոր դեր ունի կոշիկի ճիշտ ընտրությունը՝ այն չպետք է նեղ կամ չափից ավելի լայն լինի: Անհրաժեշտ է հետեւել երեխայի կեցվածքին, որպեսզի նա միշտ իրանը եւ գլուխն ուղիղ պահի, քայլելիս ոտնաթաթերը լայն չբացի: Կարեւոր է փոքր հասակից սպորտով զբաղվելը:

-Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
-Կմաղթեմ, որ ծնողները մշտապես հետեւեն իրենց երեխաների աճին ու զարգացմանը, նրանց նկատմամբ լինեն համբերատար եւ ուշադիր, որեւէ շեղում նկատելուն պես անպայման դիմեն բժշկի օգնությանը:
Հարթաթաթության ժամանակ հանձնարարվող վարժությունների  համալիրը.

1. Պետք է կատարել կրունկների զատում եւ առբերում՝ առանց ոտնաթաթի  ծայրերը հատակից կտրելու:

2. Այնուհետեւ վերցնել գնդակ, այն ներբաններով բռնել եւ  բարձրացնել:

3. Օգտակար է ոտնաթաթի առավելագույն ծալումը եւ տարածումը,

ոտքի մատներով գորգակտորը (կամ լաթը) ծալքերի հավաքելը,

մասնագետները խորհուրդ են տալիս մատների օգնությամբ ոտնաթաթը հետ ու առաջ սահեցնել,

հարթաթաթության դեպքում արդյունավետ է նաեւ  ոտնաթաթով ռետինե գնդակը սեղմելը,

ոտքերի մատներով տարբեր  առարկաներ բռնելը եւ բարձրացնելը,

ներբաններով ձող  գլորելը:

4. Առաջարկվող հաջորդ վարժությունը կրունկներից ոտնաթաթի ծայրերին տեղափոխվելն է եւ  հակառակը:

5. Օգտակար է նաեւ ոտնաթաթի ծայրերին կիսակքանստելը եւ կքանստելը՝  ձեռքերը դեպի կողմ, վեր եւ առաջ տարածելով:

6. Խորհուրդ է տրվում քայլք  մարմնամարզական ձողի վրայով, ինչպես նաեւ քայլք թեք մակերեսներով  չորսուի վրայով,  ոտնաթաթերով քայլք վերեւ եւ ներքեւ՝ թեք  մակերեսներով, ինչպես նաեւ քայլք պորոլոնե ներքնակի վրա:

Ահա այսքանը: Կարծում ենք, Ձեր երեխաները հաճույքով կկատարեն այս վարժությունները: Սիրելի՛ ընթերցողներ, իսկ Դուք եղեք հետեւողական եւ համբերատար:

Հեղինակ՝ Սուսաննա Պողոսյան

Մեկ մեկնաբանություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։