Գարեջրի սիրահարներին
Մարդկանց մի մասը կարծում է, որ գարեջուրն օգտակար է, մյուսները՝ ոչ: Ո՞ր տեսակետն է ճիշտ:
Գարեջուրը հիանալի զովացնող միջոց է ամռան տապին: Պատահական չէ, որ գարեջուր են խմում նաեւ կանայք… Չէ՞ որ, տվյալների համաձայն, գարեջուր սկսել են պատրաստել մոտ 8 հազար տարի առաջ, եւ պատրաստում էին այն հենց տնային տնտեսուհիները: Իսկ երբ այն սկսեցին արտադրել վաճառքի համար, գործընթացին միացան նաեւ տղամարդիկ:
Գարեջրի օգտակարության մասին առաջին անգամ գիտականորեն խոսել է գիտնական Պարացելսը: Նա իր աշխատություններում գրել է. “Օգտակա՞ր է, թե՞ ոչ… ամեն ինչ կախված է ընդունման քանակից”: Նա կարծում էր, որ բուժիչ է գարեջրի օրական 2-3 բաժակ օգտագործումը:
Գարեջուրը պարունակում է մեծ քանակությամբ B խմբի վիտամիններ, երկաթ, պղինձ, ֆոսֆոր, մանգան եւ այլ միկրոտարրեր:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Ազգային տոքսիկոլոգիական լոբորատորիայի աշխատակիցների տեսության համաձայն՝ գարեջրում տոքսիկ ազդեցությունները զուգակցվում են դրականով:
Գարեջուրը, ինչպես եւ գինին, պարունակում են բիոֆլավոնոիդներ, որոնք արգելակում եւ կանխարգելում են քաղցկեղի շատ տեսակների զարգացումը, սրտանոթային համակարգի մի շարք հիվանդությունների առաջացումը:
Սակայն պետք չէ շատ տարվել գարեջրով, քանի որ այն բարձրացնում է արյան ճնշումը: Վերջապես, գարեջուրը եւ թունդ ալկոհոլը բարձրացնում են միզասեռական համակարգի օրգանների՝ քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Ինչո՞ւ է այդպես:
Ցավոք, ժամանակակից գարեջրում ֆլավոնոիդների քանակն անհամեմատ պակաս է, քան հին, բարի ժամանակներում: Հակաօքսիդանտները գարեջուր են թափանցում մատուտակի եւ գայլուկի միջոցով, սակայն մշակման եւ հատկապես ֆիլտրման ընթացքում շատ տարրեր կորչում են:
Առանց ֆիլտրման գարեջուրը բուժում եւ երիտասարդացնում է մաշկը, մազերին հաղորդում է ամրություն եւ փայլ: Գարեջրով բուժում են ֆուրունկուլոզը, մաշկային հիվանդությունները եւ ռեւմատիզմը: Երբ ֆլավոնոիդները շատ են, գարեջուրը մուգ գույնի է լինում, եւ գարեջուր արտադրողները աշխատում են ֆլավոնոիդները հեռացնել:
Գերմանիայում, օրինակ, ընդհակառակը, ըմպելիքին ավելացնում են ֆլավոնոիդներ: Հակաօքսիդանտային հատկությամբ այդպիսի խմիչքը ոչնչով չի զիջում կարմիր գինուն:
Իսկ մեր սպառողները չեն սիրում այն գարեջուրը, որի մեջ կարող է պղտոր նստվածք առաջանալ: Չնայած դառը համին՝ գարեջուրը պարունակում է բավականին քանակությամբ ածխաջրեր՝ մալտոզա (ոչ օգտակար շաքար), որը ներծծվում է արյան մեջ 1,4 անգամ ավելի արագ, քան խաղողաշաքարը: Գարեջուրը կարող է արյան մեջ անցնելով վերածվել ճարպի: Գարեջրում բավական մեծ է ֆիտոէստրոգենների քանակը, որը նման է իգածին հորմոնին՝ էստրոգենին: Ուստի գարեջրի հաճախակի օգտագործումից կարող են մեծանալ նաեւ կաթնագեղձերը, ինչպես նաեւ կարող է նվազել այրածին հորմոնների՝ անդրոգենների քանակն օրգանիզմում: Չափից շատ գարեջրի օգտագործումը կարող է առաջ բերել գլխացավ: Պատճառը սպիտակուցների քայքայման հետեւանքով առաջացած բիոգեն ամինների առկայությունն է: Բացի ցավից, նրանք կարող են առաջացնել երիկամների քայքայում:
Այդուհանդերձ, չի կարելի չնշել, որ գարեջուրը որոշ դեպքում երիկամների համար նաեւ օգտակար է: Օրական 1 բաժակ գարեջրի օգտագործումը կանխում է երիկամների քարերի առաջացումը:
Վերոհիշյալից կարելի է հետեւություն անել, որ ամեն ինչ չափի մեջ է օգտակար: Մեծ քանակությամբ գարեջուր օգտագործելը վնասակար է օրգանիզմի համար: Միայն չափավոր օգտագործման դեպքում կարելի է օգտվել հազարամյակներ շարունակ սիրված ըմպելիքի բուժիչ հատկություններից: