Եթե առաջացել է ճողվածք
— Լեղապարկիս վիրահատությունից հետո ինձ մոտ առաջացել է լեղապարկի ճողվածք: Կարելի՞ է խուսափել ճողվածքի վիրահատությունից: Ի՞նչ խորհուրդ կտաք: Հուսով եմ, Ձեր խմբագրությունը որեւէ կերպ օգտակար կլինի ինձ:
Անահիտ, Երեւանից
Խմբագրություն դիմած ընթերցողի հարցին պատասխանելու համար դիմեցինք “Արմենիա” ՀԲԿ-ի թերապեւտ Ադելինա Կարախանյանին:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
— Ընդհանուր առմամբ ի՞նչ է ճողվածք հիվանդությունը:
— Ճողվածքը որովայնային խոռոչի օրգանների տեղաշարժն է բնածին կամ ձեռքբերովի ճեղքով` որովայնի պատի “թույլ տեղով” դեպի մաշկի տակ կամ հարեւան խոռոչ: Ի դեպ, պետք է նշել մեկ կարեւոր փաստ, որ ոչ կանայք, ոչ տղամարդիկ եւ ոչ էլ երեխաները ապահովագրված չեն այս հիվանդությունից, եւ այն կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում, կարող է լինել թե նորածինների եւ թե տարեցների մոտ:
— Ինչի՞ հետեւանքով կարող է առաջանալ ճողվածք:
— Այս հիվանդության առաջացման գործոնները տարբեր են, բայց պետք է հատկապես առանձնացնել ժառանգական նախատրամադրվածությունը, որոշ մարդկանց մոտ առկա շատ թույլ շարակցական հյուսվածքը, ինչպես նաեւ կոլագենի սինթեզի խախտումը: Հիմնականում այս երեւույթներն են հանգեցնում մի շարք հիվանդությունների ի հայտ գալուն, որոնց թվին է պատկանում ճողվածքը: Ճողվածքի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ նաեւ չափազանց մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, սպորտով ընդհանրապես չզբաղվելը, ճարպակալումը: Նաեւ լինում են դեպքեր, երբ ճողվածքն իրեն զգացնել է տալիս վիրահատությունից հետո:
— Ի՞նչը կարող է հետվիրահատական ճողվածքի պատճառ հանդիսանալ:
— Հետվիրահատական ճողվածքի կարող են հանգեցնել վիրահատական վերքի թարախակալումը, վերքի միջով որովայնային խոռոչի վիրախծուծումը (տամպոնումը), վիրահատական այնպիսի կտրվածքները, որոնց դեպքում հատվում են որովայնային պատի նյարդերը: Որպես կանոն, հետվիրահատական ճողվածքն ուղղվող չէ, եւ անպայման պետք է վիրահատվի: Սակայն պետք է հիվանդին հատուկ նախապատրաստել այդ վիրահատությանը:
— Կա՞ն հատուկ ախտանշաններ, որոնցից կարելի է ենթադրել, որ մարդու մոտ ճողվածք է:
— Ինչպես մյուս հիվանդությունների, այնպես էլ ճողվածքի դեպքում բժշկության մեջ ընդունված են մի քանի նախանշաններ, որոնք բնորոշում են այս հիվանդությունը: Հիմնականներն են ձգվող ցավերը, տհաճ զգացողությունները, անհարմարությունը ճողվածքի հատվածում, իսկ երբ արդեն ճողվածքը հասել է մեծ չափերի, ապա նման հիվանդների մոտ հնարավոր է քրոնիկական փորկապություն, որովայնի պարբերական փքում, կղանքի բացակայություն, միզարձակման խանգարումներ, շնչառության հետ կապված խնդիրներ:
— Երբ բժշկական հետազոտությունից պարզվում է, որ տվյալ հիվանդի մոտ առկա է ճողվածք, բժիշկներն այդ դեպքում ի՞նչ են առաջարկում անել:
— Ճողվածքն ինքնաբերաբար չի կարող վերանալ, ընդհակառակը, այն անընդհատ զարգանում է, եթե չի կատարվում վիրահատություն, ընդ որում ճողվածքի բուժման միակ տարբերակը վիրահատությունն է: Սխալ է այն տեսակետը, որ միայն բանդաժի օգտագործմամբ հնարավոր է բուժել ճողվածքը: Այն կարող է խորհուրդ տրվել միայն այն հիվանդներին, որոնց խստիվ արգելված է վիրահատությունը, օրինակ՝ հղիներին: Ու քանի որ բժշկությունը հասել է զարգացման բարձր մակարդակի, այսօր արդեն հիվանդներին առաջարկում են վիրահատության երկու տարբերակ՝ լապարոսկոպիկ եւ սովորական: Սակայն ընտրությունը, թե նրանցից որն է առավել արդյունավետ, պայմանավորված է կոնկրետ դեպքով եւ կախված է հիվանդի օրգանիզմից:
— Անդրադառնանք մեր ընթերցողի հարցին: Ընթերցողի մոտ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացել է լեղապարկի ճողվածք: Որպես բժիշկ, այս դեպքում ի՞նչ խորհուրդ կտաք:
— Շատ դեպքերում ե՛ւ հոգեբանորեն, ե՛ւ ֆիզիկապես դժվար է լինում մի վիրահատությունից հետո կատարել մեկ այլ վիրահատություն, սակայն այս հիվանդի դեպքում պետք է կատարվի վիրահատություն, որովհետեւ որոշ ժամանակ անց ճողվածքը կարող է բաժանվել առանձին հատվածների եւ առաջացնել բազմախուց ճողվածք, որի վիրահատությունն էլ ավելի դժվար է ու բարդ, ինչպես նաեւ կարող է երկարացնել վիրահատական միջամտության ընթացքը: Իսկ ինչ վերաբերում է տնային պայմաններում բուժվելուն, մասնավորապես բանդաժի օգտագործմանը, ապա այս դեպքում այն հակացուցված է:
— Հայտնի է, որ լեղապարկի վիրահատությունից հետո հիվանդը պետք է հետեւի սննդակարգին:
— Ընդհանրապես լեղապարկի վիրահատությունը բարդ գործընթաց է, եւ կարեւոր է, որ հիվանդն ուշադիր լինի իր առողջության նկատմամբ: Դա նաեւ կապված է հետվիրահատական շրջանի հետ: Հիվանդը պետք է մեծ ուշադրություն դարձնի իր սննդակարգին: Ողջ կյանքի ընթացքում նա պետք է իր սննդակարգից հանի կծուն, թթուն, լոլիկը, տոմատի մածուկը, աղի կերակուրները, յուղը, տարբեր տեսակի տապակաները, այսինքն՝ նրա սննդակարգում պետք է բացարձակապես գերակշռեն խաշած ուտեստները: Նման հիվանդները չպետք է զբաղվեն ֆիզիկական աշխատանքով, թռչկոտեն, ռիթմիկ պարեր պարեն, այսինքն՝ պետք է վարեն պասիվ կյանք: Սա է նման հիվանդների առողջության միակ գրավականը:
— Ամփոփելով հարցազրույցը՝ ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:
— Որպես բժիշկ` միակ ցանկությունս եւ բարեմաղթանքս այն է, որ բոլորը մտածեն իրենց առողջության մասին: Մի փորձեք անել այն, ինչը հակացուցված է Ձեր օրգանիզմին: Սնվեք միայն թարմ բանջարեղենով, զբաղվեք սպորտով եւ պահպանեք Ձեր թանկագին առողջությունը:
— Շնորհակալություն հետաքրքիր զրույցի եւ օգտակար խորհուրդների համար: