Ատամի զարդաքար
Առողջություն եվ գեղեցկություն

Ատամի զարդաքարեր. գեղեցկությո՞ւն, թե՞ նորաձևություն

Ժամանակակից երիտասարդությունը այսօր սկսել է  հետաքրքրվել այնպիսի նորաձեւ մի երեւույթով, ինչպիսին ատամների վրա զարդաքարեր տեղադրելն է: Զարդաքարը հիմնականում տեղադրվում է վերին ծնոտի ժանիքի վրա: Թեմայի շուրջ զրուցեցինք ատամնաբույժ Արմինե Սարգսյանի հետ:

— Ինչո՞ւ են երիտասարդները ատամներին զարդաքարեր տեղադրում: Դա ուղղակի նորաձեւության տա՞րր է, թե՞…
— Դա իսկապես նորաձեւության տարր է` ատամի դիզայն: Եթե հաշվի առնեք իմ կարծիքը, ապա պետք է ասեմ, որ ես դեմ եմ, երբեք խորհուրդ չեմ տալիս ատամին քար տեղադրել, որովհետեւ այդ դեպքում առաջին հերթին  վնասվում է ատամը: Բայց այդ երեւույթն արդեն ներթափանցել է Հայաստան եւ կան մարդիկ, հատկապես երիտասարդներ, ովքեր դա համարում են նորաձեւ, գեղեցիկ, եւ  ամենեւին էլ չեն մտածում ատամի վնասման մասին:
Այստեղ կարեւոր է այցելուի կարծիքը: Եթե նա ցանկանում է, իհարկե, կարող ենք տեղադրել զարդաքար, դա բարդ գործընթաց չէ: Լինում են դեպքեր, երբ արդեն ինչ-որ մի տեղ տեղադրել են, բայց լավ չի ստացվել, պոկվել է, այդ դեպքում նորից ենք տեղադրում: Կարելի է, ինչո՞ւ ոչ: Ականջները ծակելը նույնպես վնաս է, սակայն այսօր գրեթե յուրաքանչյուր ոք կրում է ականջօղ:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

— Ինչպե՞ս են զարդաքարը տեղադրում:
— Ատամի վրա փոքր խոռոչ են բացում, որի մեջ էլ տեղադրում են քարը:
Պետք է նշել, որ քարը հնարավոր է հանել, հնարավոր է վերականգնել խոռոչը: Կարելի է համարել, որ ատամների ոսկրափուտ (կարիես) է  եղել, սակայն հետո բուժվել եւ ատամը վերականգնվել է: Ես ցանկանում եմ նշել, որ երեւույթը սարսափելի չէ, սակայն ցանկալի էլ չէ:

— Կա՞ն ցուցումներ կամ հակացուցումներ:
— Ցուցումներ ու հակացուցումներ չկան: Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է, կարող է իր ատամի վրա քար տեղադրել:

— Արդյո՞ք դրանք հատուկ քարեր են:
— Քարերը հիմնականում այցելուներն են բերում իրենց նախընտրությամբ` մեծ մասամբ փոքր չափսի ադամանդներ:

— Քարի տեղադրումից հետո ինչպիսի՞ն պետք է լինի ատամների խնամքը:
— Առաջին հերթին ատամի մաքրելուն պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել: Քարի շրջակայքը կարծես ռեցենզիոն կետ լինի,  չի կարող ատամի էմալի նման հարթ լինել, եւ ավելի լավ է հավաքում իր վրա ատամնափառը: Ատամը լավ չմաքրելու դեպքում տվյալ տեղում կարող է առաջանալ  ատամների երկրորդային ոսկրափուտ:

— Հնարավո՞ր է զարդաքար տեղադրել` ատամի թերությունները քողարկելու համար:
— Այո, իհարկե: Լինում են այդպիսի դեպքեր, սակայն դա լինում է ոչ թե ատամի ոսկրափուտի, այլ էմալի վնասման դեպքում: Սա հիմնականում առաջանում է երեխայի ձեւավորման ընթացքում: Եթե այդ վնասվածքը գտնվում է ատամի այն մասում, ուր հնարավոր է տեղադրել, ապա` այո:

— Զրույցի ավարտին ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
— Ապրեք առողջ եւ պահպանեք Ձեր ատամները` ճիշտ խնամելով եւ ժամանակին բուժելով դրանք: Առաջին հերթին հետեւեք առողջությանը, հետո միայն` նորաձեւությանը:
Մի՛ դարձեք ներաձեւության զոհ:

Հեղինակ՝ Արաքս Գևորգյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։