Առողջ եղունգների գրավականը
Կանացի գրավչության կարեւոր տարրերից են առողջ եւ խնամված եղունգները: Շերտավորված եւ դյուրաբեկ եղունգները մեր ժամանակներում հաճախակի հանդիպող խնդիրներից են: Այժմ վաճառքում կան եղունգների խնամքի համար նախատեսված շատ միջոցներ, բայց չէ՞ որ դրանք, վերջիվերջո, քիմիական ծագում ունեն: Կարեւոր է իմանալ, թե ինչ է անհրաժեշտ Ձեր եղունգներին եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել: Իսկ արդյունքները երկար սպասեցնել չեն տա:
Եղունգները սովորաբար կոտրատվում են կալցիումի, կայծքարի անբավարարությունից: Հենց կայծքարն է եղունգներին տալիս ճկունություն եւ ամրություն:
Եղունգները շերտավորվում են նաեւ սնկերի առկայությունից կամ A վիտամինի անբավարարությունից: Ինչպե՞ս տարբերել` եղունգների շերտավորումը սնկային հիվանդությա՞ն, թե՞ A վիտամինի անբավարարության արդյունք է:
Շատ պարզ. եթե մաշկը մաքուր է, ապա եղունգների հիվանդությունը վիտամինների անբավարարության արդյունք է:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Եղունգների առողջության համար անհրաժեշտ է օգտագործել ճարպեր (եղունգներում այն պետք է լինի 14%). առանց ճարպերի չեն ներծծվում A, D, E, K վիտամինները:
Օգտակար է եղունգներին կիտրոն, սխտոր, սոխ քսելը:
Եղունգների աճի համար անհրաժեշտ վիտամիններն ու միկրոտարրերն են`
A վիտամինը, որը կա դդմի, քաղցր տաքդեղի, սեխի, սրոհունդի, դեղձի, մաղադանոսի, հազարի, կանաչ սոխի մեջ:
Ծծումբը. պարունակվում է կաթնաշոռի, սխտորի, ծնեբեկի մեջ:
Կալցիումը, որով հարուստ են կաղամբը, կաթը, պանիրը, կաթնաշոռը, արեւածաղիկը, ընկույզը:
Ցինկը. պարունակվում է ծովաբույսերի, տավարի մսի, լյարդի, ծովակաղամբի, սոխի մեջ
Մագնեզիումը. պարունակվում է բանանի, ձավարեղենի, նուշի, լոբու, ոսպի մեջ:
Բացի նշվածներից, եղունգների աճման համար անհրաժեշտ է մարմնամարզության միջոցով ամրացնել անոթները, քանի որ անոթների վիճակով է պայմանավորված եղունգների ամուր լինելը:
Լաքը չորացնում է եղունգները: Դրանք կոտրատվելուց պաշտպանելու համար օգտակար է հետեւյալ միջոցը. 5 րոպե մատերի եղունգներն ընկղմեք գոլորշու վրա տաքացրած 15գ կարագից եւ 85գ ձիթապտղի յուղից պատրաստված թանձրուկի մեջ: Հետեւեք, որ տաք թանձրուկը ծածկի եղունգները: Նույնը կրկնեք ամեն երեկո, 8 օրվա ընթացքում: Թանձրուկից կարելի է օգտվել մի քանի անգամ՝ այն տաքացնելով գոլորշու վրա:
Որպեսզի եղունգները ամուր լինեն եւ չկոտրվեն, հարկավոր է թրջոցներ դնել հետեւյալ խառնուրդով՝ 5գ շիբ, 25գ գլիցերին եւ 70գ ջուր:
Որոշ հիվանդությունների կամ սխալ սննդակարգի դեպքում եղունգները բարակում են եւ կոտրատվում: Նման դեպքերում խորհուրդ է տրվում եղունգներին քսել կիտրոնի հյութ կամ մերսել հետեւյալ քսուքով. 30 գ յոդի թուրմ, 30 գ գլիցերին եւ 30 գ 700 գինու սպիրտ: Օգտակար է նաեւ 20-30 օրվա ընթացքում եղունգները 10-15 րոպե պահել մի փոքր տաքացրած բուսական (ձիթապտղի, նշի, գերչակի) յուղի մեջ:
Սիրելի՛ ընթերցողներ, այսպիսով, եղունգների հետ կապված խնդիրների դեպքում նախ պետք է պարզել վիտամինային անբավարարության պատճառը, եւ քանի որ դա կարող է լինել որեւէ հիվանդության հետեւանք, ուստի պետք է վերացնել բուն պատճառը: