Սրտի հետ խաղ չեն անի
— 84 տ. եմ, ունեմ աորտայի նեղացում, ճնշումս բարձր է: Օգտագործում եմ ճնշումն իջեցնող դեղորայք, բայց չի օգնում: Ճնշման դեղերը հակացուցված են աորտայի նեղացման դեպքում: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Լեւոն Խաչատրյան, Ղարաբաղ,
ք. Մարտունի:
Ժողովրդական այս ասացվածքը, հորդորը տեղին է թե՛ ուղիղ եւ թե՛ փոխաբերական առումներով: Պատահական չէ, որ սիրտը գրեթե բոլոր ազգերի մոտ կյանքի եւ սիրո խորհրդանիշ է համարվում, ինչը փաստում է, որ դրա հետ կապված բոլոր խնդիրները, լինեն հոգեբանական թե ֆիզիկական, ենթակա են անհապաղ լուծման եւ պահանջում են մշտական, սեւեռուն ուշադրություն:
Սրտի եւ հատկապես աորտայի հիվանդությունների մասին զրուցեցինք Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցի սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու, “Հայբուսակ” բժշկական համալսարանի ներքին հիվանդությունների ամբիոնի վարիչ Նարինե Ֆրունզեի Գրիգորյանի հետ:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
-Նախ՝ բնութագրենք, թե ինչ դերակատարություն ունի աորտան մեր օրգանիզմում:
-Աորտան մեր օրգանիզմի ամենամեծ զարկերակն է, որը դուրս է գալիս սրտի ձախ փորոքից եւ զարկերակային, թթվածնով հարուստ արյուն մատակարարում ամբողջ օրգանիզմին: Այն հիմնական՝ մայր անոթ է, որը սրտից դուրս բաժանվում է երկու մասի՝ կրծքային եւ որովայնային աորտաների: Առաջինը սնում է ուղեղը, ինչպես նաեւ կրծքավանդակի, իսկ երկրորդը՝ որովայնախոռոչի բոլոր օրգանները:
-Ինչպե՞ս է առաջանում աորտայի նեղացումը:
-Աորտայի նեղացումը լինում է մի քանի տեսակի. հնարավոր է, որ նեղանա ձախ փորոքից դեպի աորտա տանող բացվածքը, արյան հետհոսքը կանխող փականը, կամ հենց բուն աորտան:
-Իսկ որո՞նք են նման խանգարումների պատճառները:
-Դրանք կարող են լինել բնածին եւ ձեռքբերովի՝ այս կամ այն հիվանդությունների հետեւանքով: Բնածին խանգարումներն առաջանում են դեռեւս պտղի ներարգանդային զարգացման ընթացքում: Աորտայի նեղացման ձեռքբերովի պատճառներից կարող է լինել ռեւմատիզմը: Սա վարակիչ, իմունաալերգիկ հիվանդություն է, որն առաջանում, զարգանում է մանուկ եւ երիտասարդ հասակում: Հաճախակի անգինան, նշագեղձերի բորբոքումը, ըմպանաբորբը, ոսկրափուտով ախտահարված ատամները կարող են անդրադառնալ սրտի գործունեության եւ աորտայի վրա: Բոլորին է հայտնի, որ այդ հիվանդությունները հրահրողը ստրեպտոկոկերն են, իսկ այս մանրէները շատ են “սիրում” աորտան եւ արյան միջոցով տեղակայվում են հենց այնտեղ՝ առաջացնելով բորբոքումներ: Հետագայում՝ ռեւմատիզմի մեկ-երկու գրոհից հետո, եթե հիվանդը ուշադրություն չի դարձնում դրան եւ որոշակի միջոցներ չի ձեռնարկում, տեղի են ունենում փականի, անոթի ձեւափոխումներ, նեղացումներ:
Աորտայի նեղացման պատճառ կարող է լինել նաեւ բոլորին հայտնի եւ Հայաստանում շատ տարածված աթերոսկլերոզը, որը արյան մեջ խոլեստերինի եւ այլ ճարպային միացությունների մակարդակի բարձրացման հետեւանք է: Այս հիվանդության արդյունքում անոթների պատերին առաջանում են կուտակումներ, հետագայում դրանք վերածվում են թիթեղիկների, որոնք աստիճանաբար նեղացնում են անոթները: Աթերոսկլերոզի ախտահարումից կարող են խցանվել սրտի պսակաձեւ անոթները, ինչը բերում է սրտամկանի ինֆարկտի: Կա մեկ այլ վտանգ եւս՝ աորտայի պատի վնասման դեպքում կարող է սկսվել շերտազատում, այնուհետեւ՝ անոթի թափածակում: Բանն այն է, որ աորտալ արատն ունի շատ երկար կոմպենսացված շրջան եւ հիվանդը կարող է նույնիսկ չիմանալ, որ տեղի է ունեցել ռեւմատիզմի հետեւանքով առաջացած լուրջ բարդություն, բայց երբ սպառվում են օրգանիզմի պաշտպանողական, հարմարվողական հատկությունները, հիվանդությունը դառնում է դեկոմպենսացված եւ, ի տարբերություն սրտի այլ արատների, աորտայի արատը կլինիկորեն շատ ծանր ընթացք է ունենում՝ դժվար է ենթարկվում դեղորայքային բուժման:
-Իսկ ինչպիսի՞ ախտանիշներ են ի հայտ գալիս աորտայի հետ կապված խնդիրների ժամանակ:
-Առաջին հերթին մարդը չի կարողանում դիմանալ ֆիզիկական լարվածությանը, դրա արդյունքում շատ շուտ է հոգնում, հեւում է, ցավեր է զգում սրտի շրջանում: Երկրորդը՝ հիվանդն ունենում է հաճախակի գլխացավեր, աղմուկ ականջներում, հնարավոր են անգամ գիտակցության կարճատեւ կորուստներ: Աորտալ արատ ունեցող մարդիկ աչքի են ընկնում մաշկի գունատությամբ, ինչը պայմանավորվում է արյան վատ մատակարարմամբ եւ մաշկի պերիֆերիկ կծկանքով:
-Իսկ ինչի՞ մասին է վկայում հիվանդի մաշկի եւ շուրթերի կապտավուն երանգը:
-Սրտի հիվանդությունները բաժանվում են “գունատ” եւ “կապույտ” արատների: Այն արատները, որոնց հետեւանքով առաջանում է մաշկի կապտություն՝ ցիանոզ, կոչվում են կապույտ արատներ: Դրանք վկայում են, որ սրտի, միջնապատի կամ որեւէ այլ խանգարման պատճառով միմյանց են խառնվում երակային եւ զարկերակային արյունները: Առողջ օրգանիզմում այս երկուսը երբեւէ չեն խառնվում: Զարկերակային արյան ճնշումն ավելի բարձր է, քան երակայինինը, եւ խանգարման հետեւանքով, բնականաբար, հեղուկը հոսում է դեպի ցածր ճնշմամբ վայրը ու երակայնացվում է՝ մարմնի վերջույթներին, քթի ծայրին եւ շուրթերին հաղորդելով կապույտ երանգ: Ամբողջ օրգանիզմում սկսվում է թթվածնային քաղց:
-Տղամարդի՞կ, թե՞ կանայք, եւ տարիքային ո՞ր խմբերն են առավել հակված զարկերակային անոթի նեղացման:
-Տղամարդկանց մոտ առավել հաճախ հանդիպում է զարկերակային անոթի աթերոսկլերոտիկ նեղացում, իսկ կանանց մոտ այն հիմնականում ռեւմատիկ բնույթ ունի: Բայց խիստ սահմանազատում չկա: Տարիքի առումով ամեն ինչ ավելի հստակ է. զարկերակային անոթի փոփոխությունները ռեւմատիկ-բորբոքային հիվանդությունների հետեւանքով նկատվում են երիտասարդ շրջանում՝ մինչեւ 25-27 տարեկանը: Ավելի հասուն տարիքում մեծանում է զարկերակային անոթի աթերոսկլերոտիկ արատի հավանականությունը:
-Ի՞նչն է հակացուցված սրտի եւ աորտալ արատներ ունեցող հիվանդներին:
-Գոյություն ունեն ռիսկի գործոններ, որոնք նպաստում են այս կամ այն հիվանդության առաջացմանը: Օրինակ՝ աթերոսկլերոզի առաջացման պատճառներից է թերշարժունությունը. մեր դարում մարդիկ շատ քիչ են շարժվում, խոլեստերինը կուտակվում է արյունատար անոթներում եւ ախտահարում դրանք: Շարժումը նպաստավոր է թե՛ անոթների աշխատանքի եւ թե՛ հենաշարժողական ապարատի համար: Սակայն, կա մի նրբություն, ֆիզիկական լարվածությունը խիստ հակացուցված է աորտալ ստենոզի, սրտի կաթվածի դեպքերում: Երկրորդ տարածված պատճառը սննդի չարաշահումն է: Չի կարելի ուտել շատ ճարպոտ սնունդ, չի կարելի սնվել քնելուց առաջ՝ ուշ ժամերին: Մեծ վնասներ են պատճառում օրգանիզմին նաեւ վնասակար սովորությունները՝ ծխելը, ալկոհոլ օգտագործելը, սուրճի չարաշահումը: Սրանք եւս խթանում են աթերոսկլերոզը: Պետք է կանխարգելել զարկերակային արյան բարձր ճնշումը, քանի որ այն հանգեցնում է անոթների կծկանքի եւ խոլեստերինի կուտակման: Աորտայի ռեւմատիկ բնույթի արատը կանխարգելելու համար պետք է հետեւել բերանի խոռոչի հիգիենային, կանխել քրոնիկական բորբոքային գործընթացները:
-Բժիշկ, մի քանի խոսք աորտայի նեղացման բուժման եղանակների մասին:
-Ինչպես եւ բոլոր հիվանդությունները, սա եւս ունի երկու շրջան. առաջինը դեղորայքային բուժման փուլն է, իսկ երկրորդը՝ վիրահատական միջամտությունը: Հիվանդն անպայման պետք է դիմի բժշկին, որն առաջին հերթին կկատարի սրտի ուլտրաձայնային հետազոտություն, ինչը հստակ կտա նշված հարցի պատասխանը՝ բուժե՞լ, թե՞ վիրահատել:
-Անդրադառնանք մեր ընթերցողի հարցին. նա ունի աորտալ արատ եւ զարկերակային արյան բարձր ճնշում, որի իջեցման համար օգտագործում է դեղորայք եւ կասկածներ ունի, որ դա կարող է սրել աորտայի նեղացումը:
-Աորտայի նեղացումը կարող է հանգեցնել զարկերակային ճնշման բարձրացման: Մտահոգությունն իսկապես տեղին է, քանի որ կան հիպոտենզիվ (ճնշումն իջեցնող) պատրաստուկների խմբեր, որոնք հակացուցված են աորտայի նեղացման դեպքում: Դրանցից է “Կապտոպրիլը”, նիտրոգլիցերինային դեղերի խումբը: Սրանք լայնացնում են ոչ թե զարկերակները, այլ երակները, ուստի հակացուցված են աորտալ արատով տառապողներին:
Զարկերակները լայնացնում են բետապաշարիչ եւ կալցիանտագոնիստ խմբերի դեղերը:
Ցավոք, մարդիկ չեն պարզում իրենց ճնշման բարձրացման պատճառները եւ մտածում են, որ հարեւանին, բարեկամին օգնած դեղն իրենց էլ կօգնի: Ու, առանց մասնագետի դիմելու, խմում են դրանք, մինչդեռ բարձր ճնշման պատճառները կարող են տարբեր լինել եւ հնարավոր է, որ մեկին օգնած հաբը վնասի մյուսին: Կան հինգ տասնյակից ավելի հիվանդություններ, որոնք կարող են հանգեցնել զարկերակային ճնշման բարձրացման: Ուստի, չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում անհրաժեշտ է մասնագիտական խորհրդատվություն եւ լուրջ հետազոտություններ:
-Ի՞նչ կմաղթեիք մեր ընթերցողներին:
-Եղե՛ք հետեւողական սեփական առողջության նկատմամբ, մի՛ դիմեք ինքնաբուժության, պահպանե՛ք առողջ ապրելակերպի կանոններն ու առաջնորդվեք դրանցով, ջանացե՛ք հասնել ներքին ներդաշնակության եւ ամեն ինչ լավ կլինի:
Մեկ մեկնաբանություն
Գօհար
ամբողջովին ջուր էր, ինչ կարծիք, լեզուն արհեստական , բուժման միջօցները խառնիխուռն։ Պրակտիկ ոչ մի լուծում ։ գոնե ասեր աղը նվազագույնի հասցրեք, կամ հետևեք խոլոստերոնային պանելին , լավ և վատ խոլեստերինի քանակքւթյունը որոշեք, տրիգլիցերիդները ստուգեք։ Զևական պտիչկա է։