Լավ հիշողությունը հմտություն է
-Ինչի՞ հետ է կապված հիշողության վատացումը 23 տ. անձի մոտ: Երեւույթն արտահայտվում է տեղեկությունը դժվարությամբ հիշելու, կարեւորը երկրորդականից զատել չկարողանալու, մարդկանց դեմքերն ու անունները չհիշելու ձեւով:
Աննա Գրիգորյան
Հիշողության վատացումները մեր հասարակության մեջ լայն տարածում ունեն: Ըստ վիճակագրության՝ հիշողության հետ կապված խնդիրներ ունենում է մեր մոլորակի ամեն չորրորդ մարդը:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Մեր ընթերցողին հուզող հարցերին պատասխանում է թերապևտ Նոնա Փոստոյանը:
—Բժշկուհի, ի՞նչ է հիշողությունը:
-Մարդկային հիշողությունը տեղեկության ընկալման, նրա պահպանման և այն ըստ նպատակի գործածել կարողանալու համակարգ է: Գործածել կարողանալը ենթադրում է անհրաժեշտ տեղեկությունը հիշել ճիշտ ժամանակին և օգտվել դրանից, ապա՝ ժամանակավոր մոռանալ:
—Որո՞նք են հիշողության համակարգի խախտումների պատճառները և ինչպե՞ս պայքարել դրանց դեմ:
— Այս խնդիրը կարող է ծագել ցանկացած տարիքում: Դրա պատճառները կարող են լինել բազմազան: Խոսենք դրանց մասին առանձին-առանձին:
Նախ՝ ցանկացած տարիքում հիշողության վատացման պատճառ կարող են հանդիսանալ ուղեղի վնասվածքները՝ ինչպես ուղղակի հարվածները, այնպես էլ ներքին արյունազեղումները, որոնք անմիջականորեն կապված են հիշելու գործընթացի հետ:
Սխալ սննդակարգը: Լիարժեք սննդակարգը բավականաչափ ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ ու վիտամիններ է պարունակում եւ ապահովում է ոչ միայն երկարակեցություն, այլ նաև լավագույն հիշողություն:
. Թթվածնի անբավարարությունը: Օրգանիզմում թթվածնի բավարար քանակությունն ապահովում է բարձր աշխատունակություն, ուղեղի ակտիվություն, հետևաբար և՝ լավ հիշողություն: Դրա համար պահանջվում է ֆիզիկական ակտիվություն: Պարտադիր չէ հաճախել մարզասրահներ և ուժասպառ լինել ծանրաձողերից: Բավական են ամենօրյա զբոսանքները, որոնք նպաստում են արյան շրջանառությանը, ուղեղին թթվածնի մատակարարմանը:
. Վնասակար սովորությունները: Իհարկե, ծխելու կամ ալկոհոլ օգտագործելու գործընթացն ինքնին չի վատացնում հիշողությունը, բայց հանգեցնում է մի շարք ներքին խանգարումների, որոնք էլ բերում են հիշողության հետ կապված խնդիրների:
Վատ հիշողության պատճառ կարող է լինել անքնությունը կամ քնատությունը: Առանց առողջ քնի հիշողությունը քիմիական մակարդակով չի կարող աշխատել ամբողջ ուժով: Մեզ բոլորիս, հատկապես երիտասարդներին, հարկ է հիշել, որ քնել անհրաժեշտ է հենց գիշերը՝ ոչ միայն այն պատճառով, որ մարդը հարմարեցված է օրվա ռիթմին, այլ նաև այն պատճառով, որ հենց օրվա մութ ժամերին են վերականգնվում ուղեղի բջիջները:
Հաճախակի վատ ինքնազգացողությունը: Սթրեսները, դեպրեսիաները, անհանգստությունը ևս կարող են դառնալ վատ հիշողության պատճառ: Հիշողության թուլացումն ուղիղ համեմատական է ներքին անհանգստության չափին:
. Ինֆորմացիոն ծանրաբեռնվածությունը: Կան մարդիկ, ովքեր փորձում են համատեղել եւ յուրացնել միաժամանակ մի քանի տեղեկություն: Նրանք այդ տեղեկությունը մոռանում են ավելի վաղ, քան կարող են: Հարկ է անընդհատ մարզել հիշողությունը: Ապացուցված է, որ նույնիսկ տարեց մարդիկ կարող են փայլուն հիշողություն պահպանել, եթե մտավոր աշխատանքով զբաղվեն: Խաղացեք սեղանի խաղեր (շախմատ, նարդի եւ այլն), կարդացեք թերթեր, ամսագրեր, լուծեք խաչբառեր: Իսկ եթե այս ամենն անլուրջ կթվա, փորձեք ուսունասիրել որևէ օտար լեզու:
Հիշողության վատացումները կարող են նաև մոտալուտ հիվանդության ահազանգ և նախանշան լինել: Այդ հիվանդությունների շարքին են պատկանում Պարկինսոնյան և Ալցհեյմերի հիվանդությունները, կարծրախտը: Այս պարագաներում կօգնի միայն բժիշկը:
Այն, որ հաճախ դուք չեք կարողանում մտապահել ինչ-որ բան, կարող է պայմանավորված լինել տվյալ առարկայի, անձի նկատմամբ հետաքրքրության բացակայությամբ եւս: Դա հեշտ է ստուգել: Վերլուծեք ինքներդ. արդյո՞ք կարողանում եք վերհիշել ձեր սիրելի առարկայի կամ նախասիրության հետ կապված դեմքեր, դեպքեր կամ վայրեր: Եթե այո, ապա վատ հիշողության մասին խոսք լինել չի կարող… Եթե չեք հիշում, ուրեմն բավականաչափ հետաքրքրված չեք, որ հիշեք: Այդ իսկ պատճառով ուշադրությունը շեղվում է, և ժամանակն անիմաստ կորչում է:
Իհարկե, վատ հիշողության հիմնական պատճառը հիմնականում նրանից օգտվել չկարողանալն է, եթե բացառենք հիվանդությունների եւ վիրահատության ժամանակ անզգայացման առկայությունը: Մարդու հիշողությունն աշխատում է իր սեփական կանոններով, որոնցից օգտվելով դուք հեշտացնում եք տեղեկության ընկալումն ու պահպանումը (նույնիսկ այն տեղեկության, որը ձեզ չի հուզում): Գրագիտորեն կրկնեք սովորածը՝ օգտվելով ասոցիացիաներից, տպավորություններից: Լավ հիշողությունը «Աստվածային պարգև» չէ, այլ հմտություն, որին կարելի է տիրապետել:
Հարկ եմ համարում ավելացնել նաև, որ վատ հիշողության պատճառները տարբեր մարդկանց մոտ նույնը լինել չեն կարող: Ինչպիսին էլ որ դրանք լինեն, հիշեք, որ ժամանակին սկսված բուժումը հաղթանակի կեսն է:
Լավ հիշողություն բոլորիդ…
Թող որ ձեր միտքը միշտ առույգ լինի…
Հեղինակ`Տաթեւիկ Սոֆյան
Մեկ մեկնաբանություն
Mar...
Inchpes anel vor harcer chdanjel