Անհանգստացնո՞ւմ է բերանաբորբը
— Երեխայի բերանի խոռոչում սպիտակ բշտիկներ են առաջանում, ապա կարմրում են: Դա տեղի է ունենում պարբերաբար, ընթացքը շատ ցավոտ է և տհաճ: Նշեմ, որ երեխաս 5 տարեկան է:
Արմինե, Երեւանից
Բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումը շատ տարածված հիվանդություն է: Հաճախ մենք ուշադրություն չենք դարձնում, երբ ցավում է լեզուն, մրմռում են լնդերը, մանավանդ, որ մի քանի օր հետո այդ տհաճ զգացողություններն անցնում են: Եվ դա կրկնվում է ժամանակ առ ժամանակ: Այդ հիվանդությունը կոչվում է բերանաբորբ:
Այս հարցի շուրջ զրուցեցինք ատամնաբույժ Հայկազ Ղազարյանի հետ:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
— Որո ՞նք են այն ախտանշանները, որ հուշում են սկսվող հիվանդության մասին:
-Բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա երևում է կարմրածություն: Ապա լորձաթաղանթի վրա աստիճանաբար առաջանում է խոց, որը լինում է ցավոտ: Այդ խոցերն ի հայտ են գալիս շուրթերի վրա, այտերի ներսի մակերեսին, բերանի խոռոչի հատակում` լեզվի տակ:
-Ի՞նչը կարող է բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքման պատճառ լինել:
-Նախ՝ նշեմ, որ յուրաքանչյուր օրգան-համակարգ ունի իր պաշտպանական մեխանիզմները: Երբ դրանք խախտվում են, արտաքին միջավայրից ներթափանցած, ինչպես նաև բերանի խոռոչում բնակվող մանրէները կարող են առաջացնել բորբոքում: Երեխաների մոտ նման բորբոքում կարող է առաջանալ հիմնականում վատ սովորությունների հետևանքով: Օրինակ` երբ գրիչ են դնում բերանը, եղունգներն են կրծում, տեղի է ունենում վարակի պարբերաբար թափանցում, եւ առաջանում է բորբոքում՝ խոցոտումների ձեւով, որոնք պատվում են սպիտակավուն փառով: Բացի դրանից, լորձաթաղանթի անզգույշ վնասումը կարող է բերանի խոռոչի բորբոքման պատճառ լինել: Սովորաբար այդ վերքերը շատ շուտ լավանում են, քանի որ բերանի խոռոչը լավ է արյունամատակարարվում:
-Բացի վերը նշված պատճառներից, բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումը կարո՞ղ է կապված լինել կոնկրետ հիվանդության հետ:
-Այո՛: Կան համակարգային հիվանդություններ, որոնք իրենց արտահայտումն են գտնում բերանի խոռոչում: Դրանցից են համակարգային կարմիր գայլախտը, կարմրուկը, բնածին ու վեներական շատ հիվանդություններ: Նման դեպքերում պետք է դիմել բժշկի: Ասեմ, որ տևական սթրեսը կարող է բերել իմունային համակարգի թուլացման, ինչն իր հերթին կարող է նպաստել բերանի խոռոչի հիվանդության առաջացմանը:
-Ի՞նչ կարող եք ասել բերանաբորբի ժամանակ ատամների հիգիենայի մասին:
-Նշեմ, որ բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքման ժամանակ ատամների հիգիենային պետք է կրկնակի ուշադրություն դարձնել՝ արտաքին միջավայրի մանրէների ներթափանցումը հնարավորինս կանխելու համար: Բնականաբար, առաջացած խոցերը բավական ցավոտ են, այդ պատճառով ատամները պետք է զգուշությամբ մաքրել:
-Ի՞նչ կառաջարկեք մայրիկին: Ինչպե՞ս կարող է տնային պայմաններում բուժել երեխայի բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումը:
-Առաջնահերթ պետք է պայքարել վատ սովորությունների վերացման դեմ, հետեւել, որ երեխան բերանը գրիչ կամ մատիտ չտանի, եղունգները չկրծի, քանի որ այդ տարիքի երեխաների մոտ հիվանդության պատճառ կարող են դրանք լինել:
Մայրիկին կառաջարկեմ տնային պայմաններում պատրաստել հակաբորբոքային լուծույթներ եւ օգնել, որ երեխան պարբերաբար բերանը ողողի այդ թուրմերով կամ լուծույթներով: Հատկապես օգտակար են եղեսպակի, անանուխի, երիցուկի թուրմերը: Խորհուրդ է տրվում օգտագործել շիբ, այն թքախթանիչ հատկություն ունի, իսկ թքի մեջ պաշտպանիչ շատ գործոններ կան: Կարելի է նաեւ ողողման համար օգտագործել կալիումի գերմանգանատի վարդագույն լուծույթը: Պետք է պատրաստել թույլ վարդագույն լուծույթ, ոչ թունդ, որպեսզի բուժիչ ազդեցության փոխարեն բերանի խոռոչի այրվածքներ չստանաք:
Շատ կարևոր է օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող ընդհանուր միջոցների կիրառումը (վիտամինների, հատկապես C վիտամինի օգտագործումը):
-Բերանաբորբի ժամանակ պե՞տք է հետեւել հատուկ սննդակարգի:
-Այսպես թե այնպես, հիվանդը պետք է հատուկ սննդակարգի անցնի, քանի որ նա չի կարողանա ամեն տեսակ սնունդ ընդունել: Սնունդը պետք է լինի վիտամիններով հարուստ եւ խնայող` ոչ շատ տաք, ոչ շատ սառը` գոլ վիճակում:
Առողջություն Ձեր փոքրիկին: