Եղերդակ
Այլընտրանքային բժշկություն

Եղերդակի հատկությունները և կիրառումը

Հայկական տարանուններն են.
եղերդուկ, հյուղերդակ, ճարճատհնդիպե, ճառճռտուկ, հեղերդակ, ճարճատուկ:

Եղերդակը պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին, բազմամյա բույս է: Ցողունը ուղղաձիգ է, վերնամասում ճյուղավորված: Ծաղիկները կապտավուն են կամ սպիտակ: Պտուղները հասունանում են օգոստոս- հոկտեմբեր ամիսներին: Եղերդակը բազմանում է սերմերով, արմատները հյութալի են, հաստ և դառնահամ:Աճում է առվի ափերին, ճանապարհի եզրերին, հանդիպում է նաև անտառներում: Տարածված է Հայաստանում, Ուկրաինայում, Բելոռուսում, Կովկասում: Հայաստանում նրան անվանում են մեղրատու բույս: Օգտագործվում է որպես ուտելի մթերք, այն տապակում են, պատրաստում են աղցաններ: Բուժիչ է բույսն ամբողջությամբ  և արմատները: Եղերդակի արմատները պարունակում են խոլին, լակտուցին, պեկտին, գլիկոզիդներ, շաքար, դաբաղող, տտպող նյութեր, C և B խմբի վիտամիններ, կարոտին, ինուլին, խեժեր, թթուներ և այլն: Տերևներում պարունակվում են, բացի թվարկված նյութերից, նաև հանքային նյութեր, կալիումի և կալցիումի աղեր, մանգանի, երկաթի, ֆոսֆորի աղեր: Եղերդակն օժտված է օրգանիզմի գերզգայնությունը հանող, հակաբորբոքային, հակամանրէային, լեղամուղ հատկություններով, բարձրացնում է հյութազատումը, լավացնում ախորժակը: Ունի նաև ցավերը մեղմացնող հատկություն: Կանոնավորում է նյութափոխանակությունը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Եղերդակը հայտնի է վաղնջական ժամանակներից: Հայ բժշկագետ Մխիթար Հերացին իր «Ջերմաց մխիթարություն» գրքի մեջ եղերդակով դեղատոմսեր է առաջարկել սակավարյունությունը, դեղնախտն ու այտուցը բուժելու համար: Իսկ Ամիրդովլաթ Ամասիացին առաջարկում էր եղերդակի կաթով մաքրել արնակալած և սպիտակ փառով ծածկված աչքը: Նա գրել է, որ եղերդակի և ձիթապտղի յուղի համակցությամբ  բուժվում է սրտխառնոցը, կարգավորում է սրտի աշխատանքը:

Եղերդակից պատրաստված դեղամիջոց, որն օգտագործվում է շաքարախտի, ստամոքսի ցավերի, լյարդի, փայծաղի,արյան և երիկամների հիվանդություններ բուժելու համար:

Եղերդակի արմատները կամ վերգետնյա մասը 1:10 հարաբերակցությամբ 15 րոպե եռացնել և խմել օրական 3 անգամ, ճաշի գդալով:

Եփուկի թրջոցն  օգնում է վերքերի և այրվածքների բուժմանը:

Մեղուները հավաքում են բույսի նեկտարը, ցողունների վնասված մասերից կաուչուկի խեժային մասունքները, տուն բերելով խառնում են այլ խեժերի, մումիոյի, քարաքոսների և մոմի հետ, պատրաստում են ակնամոմ, որով պատում են անցքերը, ճեղքերը`   ձմռան ցրտից պաշտպանվելու համար:
Դեղաբույսը օգտակար է նաև լոգանքների համար:

Եղերդակը օժտված է նաև ճիճվամուղ հատկությամբ:

Ջրաթուրմը և եփուկը ունեն լեղամուղ և միզամուղ հատկություններ: Բույսի լեղամուղ հատկությունը հիմնավորվել է քրոնիկական խոլեցիստիտով և լեղապարկի դիսկինեզիայով հիվանդների բուժման ժամանակ: Դեղաբույսն 2-3 շաբաթ տևողությամբ ընդունելու շնորհիվ, մեղմացել կամ լրիվ դադարել են հիվանդների լեղապարկի հատվածի ցավերը, իր չափերով փոքրացել է մինչ այդ մեծացած լեղապարկը, կարգավորվել է հիվանդների ինքնազգացողությունը և մարսողությունը:
Որպես ընդհանուր կազդուրիչ և տոնուսավորող միջոց` կովկասյան ժողովուրդները տևականորեն օգտագործում են բույսի եփուկը կամ ջրաթուրմը:
Մատղաշ տերևներից պատրաստված աղցանը ուտում են որպես ընդհանուր կազդուրիչ և հիպոգլիկեմիկ միջոց:

Արմատի եփուկից պատրաստում են լոգանք՝ գեղձախտի և տարբեր բնույթի հոդաբորբերի ժամանակ, իսկ ծաղիկներից պատրաստված թուրմը հայտնի է որպես ընդհանուր հանգստացնող և սրտի աշխատանքը կարգավորող միջոց:

Դեղաբանական հետազոտություններով հիմնավորվել է բույսի ծաղիկներից ստացված ջրաթուրմի հանգստացնող ներգործությունը կենդանիների վրա, ինչպես նաև արմատի եփուկի և թուրմի հակաբորբոքիչ, պատող, մանրէասպան և հականեխիչ հատկությունները: Արմատները կիրառում են նաև հոմեոպաթիայում: Դեղաբույսը լայնորեն կիրառվում է եվրոպական մի շարք երկրներում:

Կիրառման եղանակները
Եփուկը պատրաստելու համար

20 գ մանրացրած, չոր արմատը 20 րոպե եփել 200 մլ ջրում, քամել, հովացնել, ապա ըմպել 1-ական ճաշի գդալ՝ օրական 5 — 6 անգամ:

40 գ չոր հումք ( ամբողջական բույսը) 1 լիտր ջրում եփել 30 րոպե, ապա ըմպել 1 — ական ճաշի գդալ՝ օրական 5 — 6 անգամ:

1 թեյի գդալ արմատը եռման ջրում եռացնել 30 րոպե, ապա ըմպել 1/3-1/2 բաժակ՝ ուտելուց առաջ:

Ջրաթուրմ  պատրաստելու  համար

1 — 2 թեյի գդալ մանրացված արմատը 1 բաժակ եռման ջրում թողնել 2 ժամ, ապա ըմպել 1/3-1/2 բաժակ՝ ուտելուց առաջ:

Արմատից 1/10-ի հարաբերակցությամբ պատրաստում են ջրաթուրմ, որն օգտագործում են արտաքին, թրջոցների կամ լոգանքների ձևով:

Ծաղիկներից ջրաթուրմ պատրաստելու համար 1 թեյի գդալ չոր հումքը թրմում են 1 բաժակ եռման ջրում և ըմպում  վերոհիշյալ եղանակով:

Արմատի  թարմ  հյութ

Կարելի է ընդունել կաթով` 1 ճաշի գդալ հյութը խառնելով 1 բաժակ կաթին:

Արմատից ոգեթուրմ պատրաստելու համար չոր հումքը 1:5 — ի հարաբերակցությամբ խառնում են սպիրտի հետ, պահում 1 շաբաթ, հետո ըմպում ջրով, 20-25-ական կաթիլ՝ օրական 4-5 անգամ:

Կայուն, չոր հազի ժամանակ արդյունավետ է հետևյալ հավաքածուն: Վերցնել  4 մաս դեղագործական տուղտ (արմատը),  3 մաս տատրակ (տերևները),   1 մաս սովորական խնկածաղիկ (խոտը), 1 մաս մերկ մատուտակ (արմատները): Խառնուրդի վրա լցնել 2 բաժակ եռման ջուր և փափկեցնել մարմանդ կրակի վրա 1 ժամվա ընթացքում: Ընդունել 2- ական ճաշի գդալ,  ամեն 3 ժամը մեկ:

Զարմանալի բուժիչ հատկությամբ է օժտված կեչու բողբոջների և լորենու ծաղիկներից պատրաստված թուրմը:

Վերցնել  յուրաքանչյուր  բույսից 1-ական ճաշի գդալ և ավելացնել 2 բաժակ եռման ջուր, թողնել 0.5 ժամ և թրմել: Ընդունել կեսական բաժակ, օրական 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:

Թոքաբորբի, ինչպես նաև մյուս լուրջ հիվանդությունների դեպքում մարդը տառապում է անքնությամբ և բարձր գրգռականությամբ: Այդպիսի հիվանդությունների ժամանակ անփոխարինելի է կապույտ իժախոտի թուրմը: Այս բույսն  օժտված է ոչ միայն ուժեղ հանգստացնող, այլ նաև խորխահան հատկությամբ:
Ճաշի գդալ մանրացված արմատները լցնել 1 բաժակ սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ և տաքացնել ջրային բաղնիքում 30 րոպե տևողությամբ:
Թողնել 10 րոպե, ապա քամել: Ընդունել կապույտ իժախոտի թուրմը օրական 3 անգամ, 1-ական ճաշի գդալ, ուտելուց հետո:

Թոքաբորբը մյուս հիվանդություններից տարբերվում է նաև նրանով, որ ունի նաև մնացորդային երևույթների շրջան, երբ բժիշկները համարում են ձեզ առողջ և փակում են հիվանդանոցային թերթիկը, իսկ դուք ձեզ թույլ եք զգում և ժամանակ առ ժամանակ հազում եք:Հայտնի՞ է  արդյոք ձեզ, որ եթե անգամ թոքաբորբը թեթև ձևով է ընթացել, թոքային հյուսվածքը  լիարժեք վերականգնվում է միայն  1.5-2 տարի  հետո:
Այսպես, ուրեմն, որպեսզի վերականգնումն արագ  ընթանա, մնացորդային երևույթների շրջանում անհրաժեշտ է հետևյալը.

Վերցնել 1-ական մաս նարգիզի ծաղիկներ, տատրակի տերևներ, դաղձ, եզան լեզվի (մեծ), սպանախի արմատներ: Բոլորը մանրացնել, խառնել, ավելացնել 1 բաժակ եռման ջուր: 20 րոպե անց քամել: Ընդունել թուրմը տաք վիճակում, 1/2 բաժակ, օրական 3-4 անգամ, ուտելուց առաջ:

Ուժերը վերականգնելու համար օգտակար է խմել բալի, սոխի, բողկի հյութեր: Նշված  բույսերն օժտված են խորխահան հատկությամբ և օգտակար են ոչ միայն թոքաբորբի, այլ նաև ուժեղ մրսածության, բրոնխաբորբի  և նույնիսկ կապույտ հազի ժամանակ: Հիշեք, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Բալի հյութը խմել 1/4 բաժակ, օրական 3-4 անգամ, ուտելուց հետո:

Սոխի և սև հաղարջի հյութը խառնել մեղրի հետ 1:1 հարաբերակցությամբ: Ընդունել ուտելուց հետո, ոչ հաճախ, քան օրական 3 անգամ:

Աղբյուր՝ «Տնային Առողջարան»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։