Տոնական սեղան
Առողջ ապրելակերպ

Ինչպես «մարսել» տոները

Ամանորին սպասում ենք մեծ խանդավառությամբ: Սակայն մեր օրգանիզմը հենց այդ օրերին է ենթարկվում ամենամեծ ծանրաբեռնվածության: Մեղավորն առողջ սննդի շարքին դժվար թե դասելի տարատեսակ համեղ ուտեստներով առատ տոնական սեղանն է:

Խնջույքների մյուս ուղեկիցը ալկոհոլն է: Ճիշտ է, այն օրգանիզմից դուրս է գալիս 40 ժամում, բայց տոնական ուտեստների բաղադրիչ հանդիսացող ճարպն ու մյուս տարրերը հարկադրում են, որպեսզի լյարդն ու ստամոքսը գերլարվեն: Երբեմն նման ծանրաբեռնվածությունը հասնում է սովորական աշխատանքի 30-40%-ին: Ավելորդ ճարպերը դուրս են գալիս երկու շաբաթվա ընթացքում: Բնականաբար, այս ամենը փոխանցվում է օրգանիզմին, եւ մենք ծանրաբեռնվածությունն զգում ենք ամբողջ մարմնով: Ուրեմն, ինչպե՞ս նվազագույնի հասցնենք տոների հետեւանքներն ու մաքրենք օրգանիզմը դրանցից:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Ուղղակի գրագետ մոտենանք խնջույքի սեղանին

  1. Խնջույքների ընթացքում հանքային ջուր խմեք, եւ որքան շատ, այնքան՝ լավ:
  2. Նախքան խնջույքն անհրաժեշտ է շիլա ուտել: Բանն այն է, որ ալկոհոլային թունավորման դեմ շատ լավ է օգնում ջրով պատրաստված հնդկաձավարի կամ վարսակի շիլան: Բավական է լուրջ կերուխումից կես կամ մեկ ժամ առաջ մի ափսե շիլա ուտեք, որպեսզի սթափ լինեք այն ժամանակ, երբ մյուսները խմելուց կկորցնեն գիտակցությունը:
  3. Տոների նախօրեին ակտիվացված ածուխ գնեք: Առաջին բաժակից հետո 10-15 րոպե առաջ ամենաքիչը 4 հաբ ակտիվացված ածուխ խմեք: Ածուխն ալկոհոլը ստամոքս ներթափանցելուն պես ներծծում է այն եւ խոչընդոտում հետագա ընթացքը, ինչը նշանակում է, կանխարգելում է օրգանիզմի թունավորումը: Լավ արդյունքը հատկապես նկատելի կլինի, եթե ակտիվացված ածուխը խմեք խնջույքին համընթաց՝ 2 ժամը մեկ:
  4. Կերեք խմելուց թե՛ առաջ եւ թե՛ հետո, հիշեք, որ սնունդը նվազեցնում է ալկոհոլի ներթափանցումը:
  5. Ալկոհոլի ոչ մեծ չափաբաժնով խումարից բուժվել կարելի է, դա բավականին գործուն միջոց է, բայց վտանգ կա, որ այդ չափաբաժնին կհետեւի եւս մեկը, հետո էլի, եւ այդ ժամանակ ամբողջ գործընթացն ապարդյուն կանցնի:

Ինչպե՞ս չվնասել օրգանիզմը
Խմելուց առաջ օգտակար է ուտել կամ խմել որեւէ ճարպոտ կամ յուղոտ բան: Կարագը, ձուն խոչընդոտում են ալկոհոլի ներծծմանը:
Բժիշկները խորհուրդ են տալիս խնջույքից առաջ խմել կիտրոնով կամ անանուխով թունդ թեյ կամ կիտրոնով սուրճ:
Ոչ մի դեպքում չի կարելի օղին խառնել գարեջրի հետ: Օղին եւ կոնյակը նվազեցնում են արյան մեջ շաքարի մակարդակը, իսկ գարեջուրն, ընդհակառակը, բարձրացնում է: Անոթները ստանում են երկու տարբեր հրահանգներ, եւ մարդն իրեն վատ է զգում: Չի կարելի խառնել խաղողից ստացված մթերքը ածիկից պատրաստվածի հետ:

Օղու անվտանգ կիրառում
Օղին առանց ուտեստի 100%-ոց թույն է օրգանիզմի համար: Օղի խմելիս անհրաժեշտ է ուտել այն չեզոքացնող մթերք՝ շատ աղի կամ թթու: Ցանկալի չէ ուտել այնպիսի մթերք, ինչից օղին կարող է «եփ գալ»՝ լոլիկ, պանիր, մաղադանոս: Խորհուրդ չի տրվում օղու հետ ուտել խաշած ձուկ, ոչխարի մսից պատրաստված ուտեստներ: Օղին վատ է համադրվում երշիկեղենի հետ: Լավ կլինի օղու հետ հաց ուտել: Օղի խմելուց հետո խմեք քաղցր թունդ թեյ, սովորական ջուր կամ թունդ սուրճ:

Խումարի եւ թունավորման դեմ
Քնելուց առաջ կաթ կամ հանքային ջուր խմեք: C վիտամինով որեւէ բան ընդունեք. լոռամրգի, մասուր, կիտրոն, գրեյպֆրուտ. շատ լավ է օգնում ասկորբինաթթուն, ակտիվացված ածուխ խմեք:
Առավոտից որքան հնարավոր է շատ ջուր խմեք: Ակտիվացված ածուխ խմեք:

Գիտնականները հաստատում են
Շարունակական խնջույքի սեղանները բարեհաջող կանցկացնեք մեղրի օգնությամբ: Նրանք պարզել են, որ այդ քաղցր բնամթերքը հիանալի կերպով օրգանիզմից դուրս է բերում թունանյութերը՝ չնայած Ամանորի գիշերվա տոներին մեծածավալ ալկոհոլի ընդունմանը:

Տոնական սեղանը պատրաստողներին
. Սիրելի՛ կանայք, մի՛ պատրաստեք ուտեստները նախապես եւ շատ: Բոլորս էլ գիտենք դեպքեր, երբ պասուց տոլման պատրաստում են դեկտեմբերի 20-25, դրանով հյուրասիրում մինչեւ հունվարի 13-ը:
. Աղցանները պատրաստեք 1 օրվա համար:
. Արագ փչացող մսային ուտեստները, օրինակ՝ բլինչիկները, պահեք սառցախցիկում եւ տապակեք ցպահանջ:
. Երբեք մի թողեք տոնական սեղանը ուտեստներով շարած թեկուզ եւ 3-4 ժամ:
Իսկ մենք ի՞նչ ենք անում: Ում տունը մտնես, ամանորյա տոներին ընդհուպ հունվարի 7-ը սեղանը պատրաստ է, այնպիսի տպավորություն է, որ դեկտեմբերի 31-ից չի էլ հավաքվել: Իսկ սենյակային պայմաններում բոլոր ուտեստներն էլ շատ արագ են փչանում, հատկապես աղցանները:

Խուսափեք մայոնեզով աղցաններից, հատկապես տոնական օրերին, քանի որ մայոնեզն ավելի կալորիական է, քան թթվասերը, իսկ տոնական ուտեստներն առանց այդ էլ ճարպոտ են: Ուստի ճիշտ կլինի տոնական սեղանին մատուցել թեթեւ աղցաններ՝ համեմված խնձորի քացախով, մի քիչ սեւ պղպեղով, կիտրոնի հյութով, այսինքն՝ այնպիսի մթերքներով, որոնք նպաստում են ճարպերի յուրացմանը եւ օրգանիզմի մարսողությանը, այլ ոչ թե հակառակը:
Ամեն դեպքում ե՛ւ թթվասերը, ե՛ւ մայոնեզը, ե՛ւ ձեթը  աղցանին ավելացրեք անմիջապես մատուցելուց առաջ եւ ոչ մի դեպքում նախապես, ինչպես շատերն են անում: Սիրելի՛ կանայք, մի՛ մոռացեք, որ ամանորյա տոներին շատանում են թունավորման դեպքերը, եւ Ձեր ընտանիքի ու բարեկամների առողջությունը տվյալ դեպքում  Ձեր ձեռքերում է:

Սիրելի՛ ընթերցողներ, վերոհիշյալ խորհուրդներին հետեւելու դեպքում ոչինչ չի փչացնի Ձեր տոնական եւ հետտոնական օրերը:

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։