Առողջ սնունդ
Առողջ ապրելակերպ,  Փորձագետի խորհուրդներ

Առողջ ապրելակերպն ու ուղիղ աղիքը

— Ես 16 տարեկան եմ, մոտ 4 տարի առաջ ունեցել եմ ուղիղ աղիքի ճաք, այն վիրահատել են: Դրանից հետո ինձ մոտ նկատվում է մազաթափություն, եղունգներս շերտավորվում են, խնդրում եմ օգնել:
Անանուն

Թերեւս շատերը կարող են “բծախնդրորեն” հարցնել՝  ի՞նչ կապ կա այս երկուսի միջեւ, բայց տրամաբանական որոշակի վերլուծությունը կբերի հետեւյալ եզրահանգման՝ կապը մեծ է եւ նույնիսկ ուղիղ համեմատական…աղիքին տրված անունից անկախ:
Կատակը մի կողմ թողնելով՝ուղիղ աղիքի խնդիրների՝ մասնավորապես ճաքի մասին լրջորեն զրուցեցինք  Ֆրունզե Բենիամինի Թոփլաղալցյանի հետ:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

-Ինչի՞ց է առաջանում  ուղիղ աղիքի ճաքը, եւ որո՞նք են դրան նպաստող հանգամանքները:
-Ուղիղ աղիքի ճաքը հիմնականում առաջանում է փորկապությունից՝ աղիքը դժվարությամբ դատարկելու հետեւանքով, թեթեւակի վնասվածքներից, որոնք կարող են առաջանալ հենց փորկապությունից, լուծից կամ օտար մարմիններից: Այս ամենի արդյունքում վնասվում է աղիքի լորձաթաղանթը, առաջանում են փոքրիկ վերքեր, որոնք հետագայում վերածվում են ճաքի: Նպաստող հանգամանք է նաեւ թութքի առկայությունը, ինչը հանգեցնում է լորձաթաղանթի պաշտպանիչ գործառույթի թուլացման եւ թեթեւակի ձգումից, պինդ կղանքի անցումից անգամ լորձաթաղանթը կարող է վնասվել՝ ճաքի համար բարենպաստ պայմաններ ստեղծելով:
Ուղիղ աղիքի հետ կապված խնդիրներ կարող է առաջացնել ընդհանրապես սխալ ապրելակերպը՝ երկարատեւ նստակյաց վիճակը, սխալ սնունդը, ալկոհոլի, սուր համեմունքների չարաշահումը: Թութքը, ճաքը հաճախ են հանդիպում վարորդների, հաշվապահների, համակարգչային ծրագրավորողների եւ օպերատորների մոտ, այսինքն` այս հիվանդությունները սպառնում են երկար ժամանակ նստած դիրքում մնացող մարդկանց: Նստած, անշարժ վիճակն առաջացնում է արյան շրջանառության կանգ՝ սրանից բխող բազմաթիվ բացասական հետեւանքներով: Նշված մասնագիտությունների տեր մարդիկ պետք է ձեռքից բաց չթողնեն քայլելու, զբոսնելու, թեթեւակի մարզանք կատարելու հնարավորությունը: Կանանց մոտ այս ախտերի զարգացմանը կարող է խթանել նաեւ հղիությունը:

-Ինչպիսի՞ ախտանշաններից հիվանդը կարող է հասկանալ, որ աղիքի ճաք ունի:
-Ճաքի դեպքում առաջին ախտանշանը ցավն է՝ աղիքի գործելու ժամանակ եւ հատկապես դրանից հետո: Դրանք անտանելի ցավեր են եւ հնարավոր չէ, որ հիվանդին չանհանգստացնեն: Մյուս դրսեւորումն արնախառն արտադրությունն է, որը կարող է լինել կղանքին խառնված, դրան քսված, կամ արտաթորելուց հետո՝ առանձին: Ի դեպ, այս ախտանշանները բնորոշ են նաեւ թութքին: Շատ հաճախ հիվանդները, խուսափելով սուր ցավերից, ուշ-ուշ են արտաթորում, ինչն առաջացնում է փորկապություն` ավելի սրելով իրավիճակը:
Տարբերակում ենք սուր եւ քրոնիկական ճաքեր: Առաջին դեպքում դիտարկվում է ճաքի սկսվելու պահից մինչեւ երեք ամիս, իսկ երկրորդ դեպքում՝ ավելի երկար ժամանակահատվածը:
Ճաքը, որպես կանոն, առաջանում է հիմնականում պերիանալ շրջանում:
Հիմա պարզաբանենք, թե ինչպե՞ս կարող է մի փոքրիկ վնասվածքը սարսափելի ցավերի պատճառ դառնալ: Վերքի առկայության դեպքում անալ հատվածի սեղմամկանները, մկանային ապարատը որպես հակազդեցություն, որպես պատասխան կծկվում են, առաջանում է կծկանք, ինչի հետեւանքով ճաքը սեղմվում է` սաստկացնելով ցավը: Միեւնույն պատճառով վերքը չի լավանում, ստեղծվում է արատավոր օղակ:

-Բժի՛շկ, իսկ ինչպե՞ս է բուժվում ճաքը. դեղորայքայի՞ն, թե՞ վիրահատական եղանակով:
-Երկու տարբերակն էլ հնարավոր են: Ժամանակակից բժշկությունը բազմաթիվ մեթոդներ եւ միջոցներ է առաջարկում: Սուր ճաքը բուժում են հիմնականում  դեղորայքային, իսկ քրոնիկականը՝ վիրահատական եղանակով: Կոնսերվատիվ բուժման ընթացքում կիրառվում են ցավը հանգստացնող եւ կծկանքը թուլացնող քսուքներ: Եթե հաջողվի վերացնել մկանի կծկվածությունը, ապա վերքը կսկսի լավանալ. հիմնական խնդիրը սա է:
Արտերկրի որոշ կլինիկաներում աղիքի ճաքը չեն հեռացնում, ընդամենը կատարում են կողմնային սեղմամկանի (սֆինկտեր) հատում, որի արդյունքում այն այլեւս չի կծկվում ու չի խոչընդոտում ճաքի ապաքինմանը:
Հայաստանում քրոնիկական ճաքը հեռացվում է եւ կատարվում է կողմնային սեղմամկանի հատում: Պրակտիկայում սուր եւ մինչեւ մեկ տարվա վաղեմության ճաքերի բուժման համար կիրառում են դեղորայքային եղանակը՝ հատուկ մշակված մեթոդով:

-Ինչպե՞ս կարելի է կանխել ուղիղ աղիքի ճաքի առաջացումը:
-Հայտնի է, որ հիվանդությունների մեծամասնության պատճառը սխալ սնվելն է: Օրաբաժնում պետք է ընդգրկել ավելի շատ բջջանյութ պարունակող, բուսական ծագում ունեցող մթերք՝ միրգ, բանջարեղեն, ինչպես նաեւ կաթնամթերք, խուսափել կենդանական ճարպերից, դրանք փոխարինելով ձեթով: Կարեւոր է նաեւ ռեժիմի պահպանումը. սնվե՛ք ժամանակին, մի՛ օգտվեք սննդի արագ պատրաստման կետերից: Եթե ունեք քրոնիկական փորկապություն կամ լուծ, անպայման զբաղվեք դրանց բուժմամբ, հետեւե՛ք, որ աղիներն ամեն օր գործեն: Ցավով պետք է նշեմ, որ բժշկական գործունեությանս վերջին տարիներին նկատել եմ փորկապությամբ տառապող  հատկապես երիտասարդների թվի մեծացում, եւ մի տեսակ անլուրջ վերաբերմունք է դրսեւորվում դրա նկատմամբ, ինչը, թերեւս, տեղեկացված չլինելու հետեւանք է: Ուրեմն՝ հիշե՛ք, որ աղիների հետ կապված ցանկացած խնդիր պետք է անհապաղ լուծել: Բացի այդ, պահպանե՛ք անձնական հիգիենայի կանոնները, արտաթորելուց հետո մի՛ բավարարվեք միայն թղթով սրբելով, հետանցքը լվացեք օճառով եւ գոլ ջրով: Օգտագործեք բնական օճառներ, որոնք չեն պարունակում ներկանյութեր եւ հոտավետությունն ապահովող զանազան քիմիական նյութեր:

-Բժի՛կ, անդրադառնանք մեր ընթերցողին հուզող հարցին: Նա վիրահատվել է 12 տարեկանում, 4 տարի է անցել, ուղիղ աղիքի ճաքն այլեւս չկա, բայց վիրահատությունից հետո սկսվել է մազաթափություն, եղունգները դարձել են դյուրաբեկ եւ անհարթ, այտուցվում եւ քոր են գալիս սեռական օրգանները: Կա՞  որեւէ կապ նշված երեւույթների եւ վիրահատության միջեւ:
-Նախ՝ սկսենք նրանից, որ այդքան վաղ տարիքում ճաքը պետք չէր վիրահատել, կարելի էր կիրառել դեղորայքային բուժում: Երկրորդ՝ որեւէ անմիջական կապ թվարկվածի եւ վիրահատության միջեւ չեմ տեսնում: Երիտասարդին խորհուրդ կտամ անպայման դիմել մասնագետների,  կատարել լաբորատոր հետազոտություն եւ ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ:

-Ի՞նչ կմաղթեիք “Տնային առողջարանի” ընթերցողներին:
-Մասնագիտության բերումով՝ ձեր պարբերականի ընթերցողներին առաջին հերթին մաղթում եմ առողջություն: Ժամանակները փոխվել են. ժողովրդի սոցիալական ծանր վիճակը, լարված առօրյան, աղտոտված միջավայրն ու կասկածելի որակի սնունդը կատարում են իրենց “սեւ” գործը. հաշվի առնելով այս ամենը` պետք է ավելի ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ: Առողջություն չունեցող մարդը ոչինչ չունի, պահպանե՛ք այն:

Հեղինակ՝  Արփինե Անդրեասյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։