Գարեջուր
Փորձագետի խորհուրդներ

Ո՞ր գարեջուրն է ամրացնում ոսկրերը

Չափավոր քանակությամբ գարեջուրը կարող է օգուտ տալ մարդու առողջությանը, մասնավորապես՝ ամրացնել ոսկրային հյուսվածքը:

Պարզվում է, որ փրփրաշատ այս ըմպելիքը պարունակում է  կայծքար, որը կարեւոր կենսագենային տարր է եւ մտնում է մկանային, ոսկրային հյուսվածքների, արյան կազմության մեջ: Սակայն կա մեկ վերապահում: Կայծքարի պարունակության նորման պայմանավորված է գարեջրի տեսակով եւ եփման եղանակով: Այս իսկ պատճառով նրանք, ովքեր ցանկանում են պահպանել առողջությունը, պետք է չափը չանցնեն եւ չկոնծեն ինչ պատահի:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Այսպիսի եզրահանգում են կատարել Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողներ Չարլզ Բամֆորտը եւ Թրոյ Քեյսին: Նրանք հետաքրքրության համար անցկացրել են գարեջրի բաղադրիչների քիմիական քննություն, այնուհետեւ որոշել են կայծքարի պարունակությունը ԱՄՆ-ում վաճառվող 100 տեսակի փրփրաշատ ըմպելիքներում: Արդյունքում պարզվել է, որ յուրաքանչյուր լիտրում կա 6.4-ից մինչեւ 56.5մգ կայծքար: Միջինը ստացվում է 30մգ: Միացյալ նահանգներում այս հեղուկի միջոցով մարդու օրգանիզմ է մտնում օրական միջինը 20-25մգ կայծքար։

«Գարեջուրն անհրաժեշտ է ընտրել: Այն պետք է չափավոր խմել»,- նախազգուշացնում է Բամֆորտը: Նա եւ իր  գործընկերը նկատել են, որ գարեջրի եփման գործընթացն ինքնին չի արտացոլում ածիկի մեջ կայծքարի պարունակությունը, սակայն այս տարրը բաց գույնի ածիկում ավելի շատ է, քան, օրինակ, բոված ածիկի, գարու կամ շոկոլադի մեջ: «Կայծքարով ամենահարուստ գարեջրերը գարու ածիկի բարձր պարունակությամբ տեսակներն են: Ցորենում կայծքարն ավելի քիչ է, քան գարու մեջ, քանի որ տարրը հիմնականում պարունակվում է գարեհատիկի պատյանում: Գարեջրի եփման գործընթացում կայծքարի  համեմատաբար էական քանակությունն անցնում է գարեջրի քաղցուին եւ գրեթե անվնաս նստվածք տալիս վերջնական արտադրանքում»,- պարզաբանում է հետազոտողը:

Նա մատնանշում է նաեւ, որ սննդի եւ հեղուկների բաղադրության մեջ եղած կայծքարն ամբողջությամբ չի յուրացվում մարդու օրգանիզմի կողմից: Օրինակ՝ գարեջրում տարրն օրտոկայծքարաթթվային ձեւով է: Այն յուրացվում է 50%-ով: Ընդ որում, ինչպես նշում են փորձագետները, բանանը շատ ավելի հարուստ է կայծքարով, բայց նրանից յուրացնում ենք ընդամենը 5% կայծքար:

Ավելի վաղ Բոստոնի (Մասաչուսեթս) գիտնականները հաստատել էին, որ գարեջրի կամ գինու կանոնավոր օգտագործումը բարձրացնում է ոսկրերի հանքային խտությունը եւ նույնիսկ կարող է կանխել օստեոպորոզի զարգացումը: Ընդ որում, նշվում է, որ դրական արդյունք տալիս է փոքր չափաբաժնով ալկոհոլը, իսկ չարաշահումը, ընդհակառակը, հանգեցնում է ոսկրային զանգվածի կորստի:
Մեզ մնում է միայն հիշեցնել մեր օգտատերերին, որ գարեջրի օրական օգտակար չափաբաժինը 200-300 մլ է:

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։