Վարիկոզի վարժություններ
Առողջություն եվ գեղեցկություն

Մարզումներն ընդդեմ վարիկոզի

Լսել եմ, որ կան վարժություններ, որոնց օգնությամբ կարելի է կանխարգելել երակների վարիկոզային լայնացումը: Ճի՞շտ է դա:
Լուսինե, Երեւանից

Շատերը մինչեւ հիմա էլ համոզված են, որ հնարավոր չէ խուսափել երակների վարիկոզային լայնացումից. վաղ թե ուշ ի հայտ կգա երակների տգեղ ցանցը, որն այլանդակում է ամենագեղեցիկ ոտքերն անգամ, «կկապվեն» վարիկոզային հանգույցները, ամենաչնչին ծանրաբեռնվածությունից անգամ մկաններում կզգացվի ցավ եւ հոգնածություն, ինչպես նաեւ` ընդհանուր թուլություն արյան շրջանառության խանգարման պատճառով:

Պարզվում է՝ դա ճիշտ չէ: Վերջ հոռետեսությանն ու դատապարտվածությանը: Պատկերացրեք, հիվանդությունից հնարավոր է փախչել դահուկներով կամ լողալով: Դահուկային մեկժամյա անշտապ զբոսանքը (կարճատեւ պարտադիր հանգստյան ընդմիջումով, որի ընթացքում լավ կլինի, որ նստեք) կօգնի կարգավորել արյան շրջանառությունը: Դանդաղ եւ միջին արագությամբ լողալը սպորտի լավագույն տեսակն է, քանի որ մարզումների ժամանակ օրգանիզմը գտնվում է լիցքաթափվող` հորիզոնական դիրքում, իսկ ջրի ճնշումը տոնուսավորող ազդեցություն է ունենում անոթների վրա: Լողացեք շաբաթական 3-4 անգամ, 25-30 րոպե տեւողությամբ պարապմունքների ընթացքում: Դրանից հետո «ախտահարված» անոթներին քսեք այն  քսուքը, որը նշանակել է Ձեր բժիշկը:

Կանխարգելիչ հիանալի միջոց է հատուկ վարժությունների համալիրը: Այն կօգնի նաեւ նրանց, ովքեր արդեն ունեն երակների վարիկոզային լայնացում: Վարժությունները կատարեք օրական երկու անգամ, առավոտյան` նախքան անկողնուց վեր կենալը եւ քնելուց 2.5-3 ժամ առաջ: Արդյունքները երկար սպասել չեն տա: Յուրաքանչյուր վարժությունից հետո, ձեռքերը փորին դնելով, ներշնչեք. որովայնապատը բարձրանում է, իսկ արտաշնչելիս` իջնում (կատարել 2-4 անգամ):

1-3 վարժությունների ելման դիրքը. գլխի տակ փոքրիկ բարձ դրած, մեջքի վրա պառկած վիճակ: Ոտքերն ուղիղ են, ձեռքերը՝ գլխի տակ, արմունկները՝ տարածած:

1. Թեթեւակի բարձրացնելով` ոտքերը հերթականությամբ ծալեք եւ ուղղեք ծնկահոդերում, յուրաքանչյուրը կատարել 6-8 անգամ:
2. Իրար միացրած ոտքերը բարձրացրեք 45 աստիճանի անկյան տակ: Կատարել 3-4 անգամ:
3. Ներշնչելով` առավելագույն չափով տարածեք ուղղած ոտքերը` չբարձրացնելով դրանք, արտաշնչեք` ոտքերը մոտեցնելով: Կատարել 4-6 անգամ:

4-9 վարժությունների ելման դիրքը` գլխի տակ ոչ մեծ բարձ, մեջքի վրա պառկած: Ոտքերն ուղիղ, ձեռքերը` մարմնի երկայնքով:

4.Հերթականությամբ բարձրացրեք ուղղած ոտքերը: Կատարել 4-6 անգամ:
5. Հերթով բարձրացնելով ուղիղ պահած ոտքերը` փոքր-ինչ թափահարեք յուրաքանչյուրը (4-6 անգամ):
6. Բարձրացնելով ոտքերը` հեծանիվ քշելու նման 2-4 վարժություն արեք, նախ՝ դեպի առաջ, ապա՝ դեպի ետ:
7. Բարձրացրեք եւ ծալեք ոտքերը, առավելագույն չափով հեռացրեք ծնկները, ապա միացրեք, ուղղեք ոտքերը եւ ընդունեք ելման դիրք: Վարժությունը կատարել 6-8 անգամ:
8. Ուղղած ոտքերը հերթով տարեք դեպի կողք` չբարձրացնելով դրանք (կատարել 4-6 անգամ):
9. Հերթով բարձրացնելով ոտքերը` յուրաքանչյուրով 8-10 անգամ շրջան գծեք:

Ելման դիրք 10 եւ 12 վարժությունների համար. աջ կողքի վրա պառկած, աջ ձեռքը` ծոծրակին:

10.Ձախ ոտքն ուղղած` տարեք վերեւ 6-8 անգամ: Նույնը կատարեք՝ շրջվելով ձախ կողմի վրա:
Ելման դիրք 11 եւ 13 վարժությունների համար. ձախ կողքի վրա պառկած, ձախ ձեռքը ծոծրակին, աջը` մարմնի երկայնքով:
11. Ծալեք աջ ոտքը եւ ծունկը սեղմեք փորին: Ոտքն ուղղեք եւ որքան հնարավոր է ետ տարեք (6-8 անգամ): Նույնը կատարեք աջ կողքի վրա պառկած:
12. Ձախ ոտքն ուղիղ պահած 8-10 անգամ կատարեք շրջանաձեւ վարժություններ: Նույնը կատարեք՝ շրջվելով ձախ կողքի վրա:
13. Աջ ոտքն ուղիղ պահած բարձրացրեք եւ ետ տարեք այն` թեքելով իրանը, կատարեք 6-8 անգամ: Նույնը կրկնեք ձախ ոտքով` շրջվելով աջ կողքի վրա:

Գեղեցիկ ոտքերն այլեւս երազանք չեն  լինի, եթե ցուցաբերեք  համալիր մոտեցում և վարժություններից բացի  կիրառեք բնական այլ միջոցներ՝  հատուկ անոթների լայնացման  դեմ սնունդ,  թուրմեր և բույսեր:

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։