Ձկան յուղ
Փորձագետի խորհուրդներ

Զգուշացե՛ք, ձկան յուղ է

Ի՞նչ հակացուցումներ ունի ձկան  յուղը:
Ալլա, Երեւանից

Շատերը գիտեն կամ ուղղակի լսել են, որ ձկան յուղը շատ օգտակար է մարդու համար: Բայց ողջ աշխարհի գիտնականները մինչ օրս վիճում են ձկան յուղի օգտակարության մասին: Գիտնականների մի խումբն ասում է, որ այն պետք է օգտագործել ամեն օր, իսկ մյուսը կարծում է, որ այն վնասակար է առողջության համար:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Եվ այսպես, եկեք գլուխ հանենք այս խնդրից: Նախ՝ դիտարկենք, թե ինչպիսին է լինում ձկան յուղը, ինչ բաղադրություն ունի, և ինչի վրա ինչպես է ազդում:
Գոյություն ունի ձկան յուղի ընդամենը երեք տեսակ. սպիտակ, դեղին և մուգ դարչնագույն: Մուգ դարչնագույն ձկան յուղը չի օգտագործվում բժշկության մեջ, այն օգտագործում են քսանյութերի և օճառի արտադրության մեջ:
Դեղին ձկան յուղը նույնպես տարածված չէ որպես դեղամիջոց: Գրեթե բոլոր դեպքերում դեղատներում վաճառվում է միայն սպիտակ ձկան յուղը: Այն ունի թեթևակի դեղնավուն երանգ և տհաճ համ: Ներկայումս ձկան յուղն ամենից հաճախ վաճառում են պարկուճներով, որոնց օգտագործման դեպքում արդեն զգալի չեն նրա բացասական համն ու հոտը: Այդպիսի յուղը 70 տոկոսով կազմված է օլեինաթթվից, 25 տոկոսով՝ պալմիտինաթթվից, ինչպես նաև օմեգա-3 և օմեգա-6 կիսաչհագեցած թթուներից: Նրա կազմի մեջ մտնում են նաև A և D վիտամիններ, բայց աննշան քանակությամբ: Սովորաբար ձկան յուղը հատուկ վիտամինացնում են:

Եվ այսպես, ինչպիսի՞ հակացուցումներ ունի ձկան յուղը
Ամենակարևորը, որ պետք է իմանալ ձկան յուղ օգտագործելիս՝ այն է, որ ձկան յուղը չի կարելի ընդունել քաղցած վիճակում, քանի որ այդ դեպքում մեծանում է մարսողության հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը: Պատրաստուկը սովորաբար նշանակում են սառը եղանակին, քանի որ ամռանը և շոգին դժվար է այն կծվելուց պահպանելը: Այդ իսկ պատճառով էլ 70-ական թվականներին, երբ մայրիկները երեխաներին ձկան յուղ էին տալիս, նրանցից շատերն ունենում էին մարսողական ուղու խանգարումներ:
Որոշ մարդկանց մոտ կարող է լինել ալերգիա ինչպես ձկից, այնպես էլ ձկան յուղից: Եվ, որպես հետևանք, կարող է առաջանալ կամ ստամոքսի խանգարում, կամ եղնջացան, կամ անաֆիլաքսային շոկ: Քանի որ ձկան յուղն օժտված է զարկերակային ճնշումն իջեցնող հատկությամբ, ուստի հակացուցված է հիպոտոնիկներին, այսինքն՝ ցածր ճնշում ունեցող մարդկանց:
Գոյություն ունեն նաև ձկան յուղի հակացուցումներ՝ կապված նրանում պարունակվող խոլեստերինի հետ: Ձկան յուղի մեջ կա ինչպես «լավ», այնպես էլ «վատ» խոլեստերին: Այդ իսկ պատճառով էլ ձկան յուղ պարունակող հավելումները կարող են բարձրացնել խոլեստերինի՝ ինչպես «լավի», այնպես էլ «վատի» մակարդակը:
Երեխաների մոտ չկան ձկան յուղի հետ կապված հատուկ հակացուցումներ, բայց նրանց համար չափաբաժնի ընտրությունը շատ դժվար է, որովհետև հարկավոր է հաշվի առնել բազմաթիվ տարբեր գործոններ՝ տարիքը, քաշը, սեռը, հասակը:
Կա կարծիք, թե ձկան յուղը հարկավոր է ընդունել սրտի ռիթմի հետ կապված խնդիրների դեպքում: Սակայն վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ ձկան յուղը կարող է հանգեցնել սրտի կանգի, այդ պատճառով էլ ավելի լավ է, այնուամենայնիվ, խորհրդակցել մասնագետի հետ:

Ինչպես հայտնի է, ձկան մեջ պարունակվում են տոքսիններ և ծանր մետաղներ: Սովորաբար ձկան յուղի արտադրության ժամանակ դրանք հեռացվում են, սակայն վտանգն, այնուամենայնիվ, մնում է: Դա ևս մեկն է այն պատճառներից, թե ինչու ձկան յուղը ոչ միշտ է խորհուրդ տրվում երեխաներին, հղիներին ու կերակրող մայրերին:
Կան ձկան յուղի հակացուցումներ, որոնք հիմնված են նրա կազմի վրա: Այսպես, D վիտամինի պարունակության շնորհիվ այն խորհուրդ չի տրվում օգտագործել այդ վիտամինի մեծ պարունակություն ունեցող մարդկանց, ինչպես նաև նրանց, ում օրգանիզմում կալցիումի պարունակությունը նորմայից բարձր է: Համարվում է, որ այն չի կարելի օգտագործել միզուղիներում և լեղուղիներում քարերի առկայության դեպքում: Հիպերթիրեոզից (վահանագեղձի գերֆունկցիայից) տառապող մարդկանց նույնպես այն խորհուրդ չի տրվում: Կասկածելի է նաև նրա օգտակարությունը շաքարախտի դեպքում: Այստեղ գիտնականների կարծիքները պառակտվում են, և հստակ ցուցում կամ հակացուցում չկա:

Եվս մեկ նախազգուշացում. նախքան կրծքով կերակրվող երեխաներին ձկան յուղ տալը միշտ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:
Այժմ աշխարհում զգալիորեն վատացել է էկոլոգիական իրավիճակը, և դա չի կարող չանդրադառնալ կենդանական աշխարհի ու, որպես հետևանք, նաև ձկան յուղի վրա: Ձկան յուղը բավականաչափ հակացուցումներ ունի, բայց դա չի բացառում այն, որ առանձին դեպքերում նույնիսկ շատ օգտակար է: Ինչպես ասում են՝ ամեն ինչն էլ օգտակար է, բայց՝ չափի մեջ:

Ուրեմն հետեւենք այս կանոնին նաեւ ձկան յուղի օգտագործման դեպքում՝ հաշվի առնելով թե՛ ցուցումները, թե՛ հակացուցումները:

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։