
Երակների վարիկոզ լայնացում
— Խնդրում եմ գրել երակների վարիկոզ լայնացման մասին: Ո՞ր դեպքերում է ցուցվում վիրահատություն:
Մշտ. ընթ. Երեւանից
«Վարիկոզ» տերմինն առաջացել է լատիներեն varix բառից, որ նշանակում է «հանգույց, փքվածություն»: Երակների վարիկոզ լայնացումը բնութագրվում է պարկանման լայնացումներով ու հանգուցանման գնդիկներով: Ըստ վիճակագրության տվյալների, կանայք այս հիվանդությամբ 3 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Հարցի պարզաբանման համար դիմեցինք վիրաբույժ Նունե Սողոմոնյանին:
— Ի՞նչ է իրենից ներկայացնում երակների վարիկոզ լայնացումը, ինչպե՞ս է այն զարգանում:
— Մեր երակներում յուրաքանչյուր 20-25սմ հեռավորության վրա կան փականներ, այսինքն`աստիճանանման ելուստներ, որոնք փակվելով հակազդում են արյան հետադարձ հոսքին: Եթե առկա է լինում երակների լայնացում, այդ փականները չեն փակում կամ կիսով չափ են փակում երակի լուսանցքը, և արդյունքում արյունը ցած է հոսում: Երակների վարիկոզ լայնացումը կարող է լինել բնածին և ձեռքբերովի: Առաջինը հիմնականում լինում է այն դեպքում, երբ կա շարակցական հյուսվածքի բնածին թուլություն, այսինքն, երակները կարող են նորմալ ձև ունենալ, սակայն ժամանակի ընթացքում անգամ մարմնի ավելորդ քաշը կարող է երակների լայնացման խթան հանդիսանալ: Երակների բնածին լայնացման դեպքերը, որպես կանոն, ժառանգական բնույթ են կրում: Մոտ 90-95% դեպքերում մենք գործ ենք ունենում ստորին վերջույթների երակների լայնացման հետ, սակայն խիստ արտահայտված շարակցական հյուսվածքի թուլության դեպքում անգամ վերին վերջույթներում` մեջքին, փորին, կարող են լինել լայնացած երակներ:
Տարբերակում են խորանիստ և մակերեսային երակների լայնացումներ: Հիվանդներն ավելի շատ գանգատվում են մակերեսային երակներից, քանի որ դա աչքի է զարնվում: Սակայն ոչ պակաս կարևոր են խորանիստ անոթներում երակային ճնշման բարձրացումն ու փոփոխությունները:
— Հիվանդությունն ունի որոշակի փուլեր և համապատասխան ախտանիշներ. ինչպե՞ս են դրանք արտահայտվում:
— Վարիկոզ հիվանդության առաջին աստիճանի դեպքում չկան ցցուն երակներ, ցավ, այտուց, կա միայն բնածին կանխատրամադրվածություն, այսինքն` մայրական կամ հայրական կողմում ակնհայտ են եղել երակային հիվանդություններ, նույնիսկ եթե եղել են շարակցական հյուսվածքի թուլության այլ արտահայտություններ, ինչպես` կարճատեսություն, թութք, ճողվածքներ:
Հաջորդ աստիճանն ակնհայտ լայնացած երակներն են, այսինքն`առկա է կոսմետիկ թերությունը, երբ հիվանդները գանգատվում են, թե նախկինում մաշկը հարթ էր, իսկ այժմ նկատվում է ուռածություն:
Երրորդ աստիճանի դեպքում գումարվում է այտուցը, որը, հիվանդության զարգացմանը զուգընթաց, հնարավոր է, որ դառնա մշտական, սեզոնային, հատկապես ամռանը, երբ, ինչպես գիտենք, երակներն ավելի են լայնանում:
Չորրորդ աստիճանը (լիպոդերմատոսկլերոզ) այն դեպքն է, երբ արյան երկարատև կանգը երակներում առաջացնում է մաշկի փոփոխություն. մաշկը կարմրում է, կարծրանում, տեղ-տեղ ձեռք է բերում մոմանման կառուցվածք, կարող է գումարվել նաև վարիկոզ դերմատիտը` մաշկաբորբը և քորը:
— Որո՞նք են հիվանդությանը նպաստող գործոնները:
— Հիվանդությանը կարող են նպաստել հղիությունը և ծննդաբերությունը, փորկապությունները, որոնց ժամանակ ճնշում է գործադրվում աղիների վրա, և մեծանում է ներորովայնային ճնշումը, ուժեղ հազը` թոքային որոշ հիվանդությունների դեպքում, եթե, իհարկե, կա բնածին կանխատրամադրվածություն: Այս ամենի շնորհիվ խորանիստ երակներում ձևավորվում է արյան բարձր ճնշում: Դրան կարող են նպաստել նաև արյան մակարդելիության բարձր ցուցանիշները: Ի սկզբանե գուցե չլինեն վարիկոզ լայնացած երակներ, սակայն բարձր մակարդելիության հետևանքով կարող են առաջանալ թրոմբոզներ, այսինքն, առողջ երակի որոշակի հատվածը կարող է խցանվել, և երկրորդային տարբերակով նրանից վերև կամ ներքև գտնվող երակները կլայնանան:
— Հիվանդությունը կարո՞ղ է տարածվել:
— Տարածվում են թրոմբները, որոնք հատկապես ստորին վերջույթներում կարող են պոկվել և տեղափոխվել. դրանք կոչվում են շողացող թրոմբներ: Թրոմբոէմբոլիաների հավանականությունը, այսինքն` թրոմբը պոկվելու, և մեկ այլ տեղ խցանելու վտանգն ավելի է մեծանում վնասվածքների դեպքում, ուռուցքային հիվանդությունների ժամանակ, ամռանը, երբ մարդիկ ուղղակի մոռանում են ջուր խմել: Մարդը շոգ եղանակին մեծ քանակությամբ ջուր է կորցնում քրտինքով, և, եթե հեղուկը խմում է ոչ բավարար չափով, արյունն ինքնըստինքյան թանձրանում է: Եթե կա վարիկոզ լայնացում` երակի տվյալ հատվածում արյունը դանդաղ է հոսում, սա ևս կհանգեցնի թրոմբոզի: Վարիկոզ երակներում առաջացած թրոմբները միշտ հանգեցնում են մաշկի ալերգիկ բորբոքման: Դա մենք տեսնում են վարիկոզ դերմատիտների ձևով, հատկապես ամռանը: Հետո այդ տեղում կարող են բացվել վարիկոզ խոցեր. նույն ցանը կարող է լինել ձեռքերին, դեմքին, մարմնի տարբեր հատվածներում, թեև այդտեղ կարող է եւ չլինել երակային լայնացում:
— Ինչպե՞ս է կատարվում հիվանդության ախտորոշումը և բուժումը: Կա՞ն հատուկ ցուցված կամ հակացուցված միջոցներ վարիկոզ լայնացման դեպքում:
-Նախևառաջ հիվանդության ախտորոշումը կատարվում է կլինիկորեն: Առաջին աստիճանի դեպքում, երբ հիվանդը չունի գանգատներ, արտաքին որևէ փոփոխություն չկա, ախտորոշումը կատարվում է գերձայնային գործիքային հետազոտությամբ: Մնացած դեպքերում ևս օգտվում ենք այս մեթոդից, քանի որ խորանիստ երակները մենք չենք կարող տեսնել, այսինքն` անտեսանելի են նաեւ նրանցում տեղի ունեցող բորբոքումը, փականային անբավարարությունը, թրոմբը երակի որևէ հատվածում: Այս բոլորի պատասխանը տալիս է հենց գերձայնային հետազոտությունը:
Վարիկոզ հիվանդության դեպքում բոլոր հիվանդները, անգամ առաջին աստիճանի դեպքում, կարիք ունեն բուժման: Սկսենք նրանից, որ հակացուցված են տաքացնող բոլոր միջոցները` տաք ջուր, շոգեբաղնիք, մերսումներ, արևային լոգանքներ: Ամառային շոգ եղանակին պարզապես պետք է միջոցներ ձեռնարկվեն շոգի ավելցուկը հեռացնելու համար`սառը ջուր, սառը թրջոցներ, սառույց: Հիվանդության մյուս աստիճանների դեպքում ևս ամեն ինչ սկսում ենք սրանից, որին գումարվում է դեղորայքային բուժումը: Բոլոր հիվանդներին անխտիր նշանակվում են երակների տոնուսը կարգավորող դեղամիջոցներ: Բուժման պրոցեսում կարևոր տեղ է վերապահվում վիրահատական միջամտությանը: Կան դեպքեր, երբ նույնիսկ երկրորդ, երրորդ աստիճաններից սկսած, եթե մենք գործ ունենք թրոմբի հետ, պետք է մտածել տարբեր կարգի վիրաբուժական մեթոդների մասին: Այժմ կան լազերային և դասական վիրաբուժական մոտեցումներ: Դասական մեթոդները կիրառելի են շատ ավելի բարդացած դեպքերում: Հատկապես մազանոթային ցանցերը կարելի է հեռացնել առանց վիրահատության, պարզապես լազերային փնջի որոշակի դիապազոնների ներգործությամբ: Ընդհանրապես, վիրաբուժական և դեղորայքային միջամտություները զուգակցվում են, քանի որ, որպես կանոն, հեռացվում են միայն մակերեսային փոփոխված երակները, որից առաջ և հետո կատարվում է համալիր դեղորայքային բուժում:
— Ի՞նչ հետևանքներ կարող են լինել հիվանդության ոչ լիարժեք կամ ոչ ժամանակին բուժման դեպքում:
— Եթե բուժումը կատարվում է գրագետ կերպով, ապա կարելի է խուսափել վարիկոզ երակային լայնացման բարդություններից, որոնք են` թրոմբների տարածումը օրգանիզմում, թոքային երակների կամ այլ խոշոր անոթների թրոմբոէմբոլիաները, աղիների, երիկամների, աչքի անոթների թրոմբոէմբոլիաները: Նման դեպքերը բավական հաճախակի են, մանավանդ, եթե զուգահեռաբար գործ ունենք այլ հիվանդությունների հետ` շաքարախտ, ռևմատիզմ կամ վարակիչ հիվանդություններ, որոնք, որպես կանոն, ախտահարում են երակների ներսի պատը` առաջացնելով բորբոքում և երկրորդային թրոմբներ: Ինչպես արդեն ասացի, եթե նույնիսկ առողջ երակի մեջ կա թրոմբ, ապա կարող են լինել երկրորդային, երրորդային երակային լայնացումներ:
Հետևությունը մեկն է՝ պետք չէ անտեսել երակների թեկուզև չնչին թվացող երևան գալը, անհրաժեշտ է անմիջապես միջոցներ ձեռնարկել խնդրի բարդացումը կանխելու ուղղությամբ, և առավել նպատակասլաց լինել, եթե առաջիկայում սպասվում են ամառային շոգ ամիսներ։
Հարցազրույցը` Գայանե Մանուկյանի
Խորհուրդներ բնաբույժի կողմից:
— Երակների վարիկոզ լայնացում ունեցողները պետք է օգտագործեն մեծ քանակությամբ միրգ, բանջարեղեն, հեղուկներ (խոսքը, իհարկե, չի վերաբերում քաղցր գազավորված ըմպելիքներին): Կան հիվանդներ, ովքեր այլ ախտորոշման պատճառով ստիպված են սահմանափակել հեղուկների քանակությունը: Նման դեպքերում մոտեցումն անհատական է: Սակայն աղի և շաքարի սահմանափակումն անգամ այս հիվանդներին թույլ է տալիս բարելավել վիճակըլ, ինչի արդյունքում նվազում են արյան ճնշումը, սրտային կամ երիկամային այտուցները: Երակային բոլոր հիվանդներին կամ հակվածություն ունեցողներին խորհուրդ կտամ մարմնամարզություն, պար, լող: Հատկապես այն դեպքում, երբ երակները վատ են կատարում արյան հակադարձ հոսքը դեպի սիրտ, մկանների աշխատանքում դա փոխհատուցվում է, այսինքն, մարմնամարզության ժամանակ կանգային երևույթներ չեն լինում: Բնականաբար, մարմնամարզության դեպքում ևս վարժանքների համալիրը պետք է կազմվի անհատական կերպով՝ հաշվի առնելով տվյալ մարդու առողջական այլ խնդիրները։
Շատ կարևոր է գիտակցումը, որ անոթային խնդիրները կախարդական փայտիկի կամ հաբերի օգնությամբ անմիջապես հօդս չեն ցնդի, այլ դրանցով պետք է զբաղվել հետևողական կերպով և երկարատև։
Եվ ամենակարևորը, ձգտե՛ք բարելավել առողջական խնդիրները բնական միջոցների օգնությամբ, բնությունից ավելի կատարյալ բանաձև մարդկությունը դեռևս չի ստեղծվել։
Աննա Պետրոսյան
Հարակից նյութեր

Ինչո՞ւ են դեմքին լաքաներ առաջանում
Մայիսի 29, 2015
Պահպանեք ձվարանները
Հոկտեմբերի 8, 2019