Վարիկոզ լայնացում
Փորձագետի խորհուրդներ

Երակների վարիկոզ լայնացում

Խնդրում եմ գրել երակների վարիկոզ լայնացման մասին: Ո՞ր դեպքերում է ցուցվում վիրահատություն:
Մշտ. ընթ. Երեւանից

«Վարիկոզ» տերմինն առաջացել է լատիներեն varix բառից, որ նշանակում է «հանգույց, փքվածություն»: Երակների վարիկոզ լայնացումը բնութագրվում է պարկանման լայնացումներով ու հանգուցանման գնդիկներով: Ըստ վիճակագրության տվյալների, կանայք այս հիվանդությամբ 3 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Հարցի պարզաբանման համար  դիմեցինք  վիրաբույժ Նունե Սողոմոնյանին:

Ի՞նչ է իրենից ներկայացնում երակների վարիկոզ լայնացումը, ինչպե՞ս է այն զարգանում:
— Մեր երակներում յուրաքանչյուր 20-25սմ հեռավորության վրա կան փականներ, այսինքն`աստիճանանման ելուստներ, որոնք փակվելով հակազդում են արյան հետադարձ հոսքին: Եթե առկա է լինում երակների լայնացում, այդ փականները չեն փակում կամ կիսով չափ են փակում երակի լուսանցքը, և արդյունքում արյունը ցած է հոսում: Երակների վարիկոզ լայնացումը կարող է լինել բնածին և ձեռքբերովի: Առաջինը հիմնականում լինում է այն դեպքում, երբ կա  շարակցական հյուսվածքի բնածին թուլություն, այսինքն, երակները կարող են նորմալ ձև ունենալ, սակայն ժամանակի ընթացքում անգամ մարմնի ավելորդ քաշը կարող է երակների լայնացման խթան հանդիսանալ: Երակների բնածին լայնացման դեպքերը, որպես կանոն, ժառանգական բնույթ են կրում: Մոտ 90-95% դեպքերում մենք գործ ենք ունենում ստորին վերջույթների երակների լայնացման հետ, սակայն խիստ արտահայտված շարակցական հյուսվածքի թուլության դեպքում անգամ վերին վերջույթներում` մեջքին, փորին, կարող են լինել լայնացած երակներ:
Տարբերակում են խորանիստ և մակերեսային երակների լայնացումներ: Հիվանդներն ավելի շատ գանգատվում են մակերեսային երակներից, քանի որ դա աչքի է զարնվում: Սակայն ոչ պակաս կարևոր են խորանիստ անոթներում երակային ճնշման բարձրացումն ու փոփոխությունները:

Հիվանդությունն ունի որոշակի փուլեր և համապատասխան ախտանիշներ. ինչպե՞ս են դրանք արտահայտվում:
— Վարիկոզ հիվանդության առաջին աստիճանի դեպքում չկան ցցուն երակներ, ցավ, այտուց, կա միայն բնածին կանխատրամադրվածություն, այսինքն` մայրական կամ հայրական կողմում ակնհայտ են եղել երակային հիվանդություններ, նույնիսկ եթե եղել են շարակցական հյուսվածքի թուլության այլ արտահայտություններ, ինչպես` կարճատեսություն, թութք, ճողվածքներ:
Հաջորդ աստիճանն ակնհայտ լայնացած երակներն են, այսինքն`առկա է կոսմետիկ թերությունը, երբ հիվանդները գանգատվում են, թե նախկինում մաշկը հարթ էր, իսկ այժմ նկատվում է  ուռածություն:
Երրորդ աստիճանի դեպքում գումարվում է այտուցը, որը, հիվանդության զարգացմանը զուգընթաց, հնարավոր է, որ դառնա մշտական, սեզոնային, հատկապես ամռանը, երբ, ինչպես գիտենք, երակներն ավելի են լայնանում:
Չորրորդ աստիճանը (լիպոդերմատոսկլերոզ) այն դեպքն է, երբ արյան երկարատև կանգը երակներում առաջացնում է մաշկի փոփոխություն. մաշկը կարմրում է, կարծրանում, տեղ-տեղ ձեռք է բերում մոմանման կառուցվածք, կարող է գումարվել նաև վարիկոզ դերմատիտը` մաշկաբորբը և քորը:

Որո՞նք են հիվանդությանը նպաստող գործոնները:
— Հիվանդությանը կարող են նպաստել հղիությունը և ծննդաբերությունը, փորկապությունները, որոնց ժամանակ ճնշում է գործադրվում աղիների վրա, և մեծանում է ներորովայնային ճնշումը, ուժեղ հազը` թոքային որոշ հիվանդությունների դեպքում, եթե, իհարկե, կա բնածին կանխատրամադրվածություն: Այս ամենի շնորհիվ խորանիստ երակներում  ձևավորվում է արյան բարձր ճնշում: Դրան կարող են նպաստել նաև արյան մակարդելիության բարձր ցուցանիշները: Ի սկզբանե գուցե չլինեն վարիկոզ լայնացած երակներ, սակայն բարձր մակարդելիության հետևանքով կարող են առաջանալ թրոմբոզներ, այսինքն, առողջ երակի որոշակի հատվածը կարող է խցանվել, և երկրորդային տարբերակով նրանից վերև կամ ներքև գտնվող երակները կլայնանան:

Հիվանդությունը կարո՞ղ է տարածվել:
— Տարածվում են թրոմբները, որոնք հատկապես ստորին վերջույթներում կարող են պոկվել և տեղափոխվել. դրանք կոչվում են շողացող թրոմբներ: Թրոմբոէմբոլիաների հավանականությունը, այսինքն` թրոմբը պոկվելու, և մեկ այլ տեղ խցանելու վտանգն ավելի է մեծանում վնասվածքների դեպքում, ուռուցքային հիվանդությունների ժամանակ, ամռանը, երբ մարդիկ ուղղակի մոռանում են ջուր խմել: Մարդը շոգ եղանակին մեծ քանակությամբ ջուր է կորցնում քրտինքով, և, եթե հեղուկը խմում  է  ոչ բավարար չափով, արյունն ինքնըստինքյան թանձրանում է: Եթե կա վարիկոզ լայնացում` երակի տվյալ հատվածում արյունը դանդաղ է հոսում, սա ևս կհանգեցնի թրոմբոզի: Վարիկոզ երակներում առաջացած թրոմբները միշտ հանգեցնում են  մաշկի ալերգիկ բորբոքման: Դա մենք տեսնում են վարիկոզ դերմատիտների ձևով, հատկապես ամռանը: Հետո այդ տեղում կարող են բացվել վարիկոզ խոցեր. նույն ցանը կարող է լինել ձեռքերին, դեմքին, մարմնի տարբեր հատվածներում, թեև այդտեղ կարող է եւ չլինել  երակային լայնացում:

Ինչպե՞ս է կատարվում հիվանդության ախտորոշումը և բուժումը: Կա՞ն հատուկ ցուցված կամ հակացուցված միջոցներ վարիկոզ լայնացման դեպքում:
-Նախևառաջ հիվանդության ախտորոշումը կատարվում է կլինիկորեն: Առաջին աստիճանի դեպքում, երբ հիվանդը չունի գանգատներ, արտաքին որևէ փոփոխություն չկա, ախտորոշումը կատարվում է գերձայնային գործիքային հետազոտությամբ: Մնացած դեպքերում ևս օգտվում ենք այս մեթոդից, քանի որ խորանիստ երակները մենք չենք կարող տեսնել, այսինքն` անտեսանելի են նաեւ նրանցում տեղի ունեցող բորբոքումը, փականային անբավարարությունը, թրոմբը երակի որևէ հատվածում: Այս բոլորի պատասխանը տալիս է հենց գերձայնային հետազոտությունը:

Վարիկոզ հիվանդության դեպքում բոլոր հիվանդները, անգամ առաջին աստիճանի դեպքում, կարիք ունեն բուժման: Սկսենք նրանից, որ հակացուցված են տաքացնող բոլոր միջոցները` տաք ջուր, շոգեբաղնիք, մերսումներ, արևային լոգանքներ: Ամառային շոգ եղանակին պարզապես պետք է միջոցներ ձեռնարկվեն շոգի ավելցուկը հեռացնելու համար`սառը ջուր, սառը թրջոցներ, սառույց: Հիվանդության մյուս աստիճանների դեպքում ևս ամեն ինչ սկսում ենք սրանից, որին գումարվում է դեղորայքային բուժումը: Բոլոր հիվանդներին անխտիր նշանակվում են երակների տոնուսը կարգավորող դեղամիջոցներ: Բուժման պրոցեսում կարևոր տեղ է վերապահվում վիրահատական միջամտությանը: Կան դեպքեր, երբ նույնիսկ երկրորդ, երրորդ աստիճաններից սկսած, եթե մենք գործ ունենք թրոմբի հետ, պետք է մտածել տարբեր կարգի վիրաբուժական մեթոդների մասին: Այժմ կան լազերային և դասական վիրաբուժական մոտեցումներ: Դասական մեթոդները կիրառելի են շատ ավելի բարդացած դեպքերում: Հատկապես մազանոթային ցանցերը կարելի է հեռացնել առանց վիրահատության, պարզապես լազերային փնջի որոշակի դիապազոնների ներգործությամբ: Ընդհանրապես, վիրաբուժական և դեղորայքային միջամտություները զուգակցվում են, քանի որ, որպես կանոն, հեռացվում են միայն մակերեսային փոփոխված երակները, որից առաջ և հետո կատարվում է համալիր դեղորայքային բուժում:

Ի՞նչ հետևանքներ կարող են լինել հիվանդության ոչ լիարժեք կամ ոչ ժամանակին բուժման դեպքում:
— Եթե բուժումը կատարվում է գրագետ կերպով, ապա կարելի է խուսափել վարիկոզ երակային լայնացման բարդություններից, որոնք են` թրոմբների տարածումը օրգանիզմում, թոքային երակների կամ այլ խոշոր անոթների թրոմբոէմբոլիաները, աղիների, երիկամների, աչքի անոթների թրոմբոէմբոլիաները: Նման դեպքերը բավական հաճախակի են, մանավանդ, եթե զուգահեռաբար գործ ունենք այլ հիվանդությունների հետ` շաքարախտ, ռևմատիզմ կամ  վարակիչ հիվանդություններ, որոնք, որպես կանոն, ախտահարում են երակների ներսի պատը` առաջացնելով բորբոքում և երկրորդային թրոմբներ: Ինչպես արդեն ասացի,  եթե նույնիսկ առողջ երակի մեջ կա թրոմբ, ապա կարող են լինել երկրորդային, երրորդային երակային լայնացումներ:

Հետևությունը  մեկն է՝ պետք չէ անտեսել երակների թեկուզև չնչին թվացող երևան գալը, անհրաժեշտ է անմիջապես միջոցներ ձեռնարկել խնդրի  բարդացումը կանխելու ուղղությամբ, և առավել նպատակասլաց լինել, եթե առաջիկայում սպասվում են ամառային շոգ ամիսներ։

Հարցազրույցը` Գայանե Մանուկյանի

 

Խորհուրդներ   բնաբույժի կողմից:
— Երակների վարիկոզ լայնացում ունեցողները պետք է օգտագործեն մեծ քանակությամբ միրգ, բանջարեղեն, հեղուկներ (խոսքը, իհարկե, չի վերաբերում քաղցր գազավորված ըմպելիքներին): Կան հիվանդներ, ովքեր  այլ ախտորոշման պատճառով ստիպված են սահմանափակել հեղուկների քանակությունը: Նման դեպքերում մոտեցումն անհատական է: Սակայն  աղի և շաքարի սահմանափակումն անգամ այս հիվանդներին թույլ է տալիս բարելավել վիճակըլ, ինչի արդյունքում նվազում են արյան ճնշումը,  սրտային կամ երիկամային այտուցները: Երակային բոլոր հիվանդներին կամ հակվածություն ունեցողներին խորհուրդ կտամ մարմնամարզություն, պար, լող: Հատկապես այն դեպքում, երբ երակները վատ են կատարում արյան հակադարձ հոսքը դեպի սիրտ, մկանների աշխատանքում դա փոխհատուցվում է, այսինքն, մարմնամարզության ժամանակ կանգային երևույթներ չեն լինում: Բնականաբար, մարմնամարզության դեպքում ևս վարժանքների համալիրը պետք է կազմվի անհատական կերպով՝ հաշվի առնելով  տվյալ մարդու առողջական այլ խնդիրները։

Շատ կարևոր է գիտակցումը, որ  անոթային խնդիրները կախարդական փայտիկի կամ հաբերի օգնությամբ անմիջապես հօդս չեն ցնդի, այլ  դրանցով պետք է զբաղվել հետևողական կերպով և երկարատև։

Եվ ամենակարևորը, ձգտե՛ք բարելավել առողջական խնդիրները բնական միջոցների օգնությամբ, բնությունից ավելի կատարյալ բանաձև մարդկությունը դեռևս չի ստեղծվել։

Աննա Պետրոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։