Սեքս և հղիություն
Տղամարդ եվ կին

Սեքսը և հղիությունը

-Կարելի՞ է մերձենալ հղի կնոջը, թե՞ ավելի լավ է զերծ մնալ դրանից:
Հարգանքով` Կարեն Բարսեղյան

Ընթերցողին անհանգստացնող հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

-Այս հարցին տարբեր մարդիկ տարբեր մոտեցումներ ունեն: Ինչ-որ մեկը շարունակում է ինտիմ հարաբերությունները նույն հաճախականությամբ, ոմանք ընդհանրապես հրաժարվում են սեքսից: Եվ այսպես` ո՞րն է ճիշտը:
Կարելի է, նույնիսկ` ցանկալի: Եթե բացակայում են բժշկական այնպիսի հակացուցումներ, ինչպիսիք են հղիության սովորական դարձած ընդհատման եւ վաղաժամ ծննդաբերության վտանգը, հեշտոցային արյունահոսությունը, պտղաջրերի վաղաժամ արտահոսքը, ընկերքի ցածր առաջադրությունը, բազմապտուղ հղիությունը, զուգընկերներից մեկի մոտ սեռավարակի առկայությունը, ապա հղիության ընթացքում կարելի է  զբաղվել սեքսով: Մերձեցման ժամանակ հնարավոր չէ վնասել պտղին, քանի որ բնությունը հոգացել է փոքրիկի մասին և նրան «թաքցրել» մի քանի պաշտպանիչ շերտով. որովայնի առաջնային պատը ծածկված է մկաններով, ճարպային շերտով, հաստ շարակցական հյուսվածքով:  Արգանդը նույնպես պաշտպանված է: Այն բաղկացած է մկաններից, պտղաթաղանթից, պտղաջրերով լեցուն պտղապարկից, որը մեղմացնում է բոլոր տատանումները, եւ լորձային խցանից, որն ամուր փակում է արգանդի վզիկը: Հղիության ընթացքում սեռական կյանքի հաճախականությունն անհատական բնույթ է կրում:

Հաճույքի հորմոնները, որոնք կինն ստանում է սեքսով զբաղվելիս, դրական ազդեցություն են թողնում պտղի վրա: Ապագա մայրիկին անհրաժեշտ են այն օգտակար նյութերը, որոնք պարունակվում են սերմնահեղուկում. դրանք են` ֆերմենտները, արական հորմոնները, որոնք նպաստում են արգանդի վզիկի փափկեցմանը, իսկ դա իր հերթին ծննդաբերելիս կօգնի վերջինիս հեշտ բացվելուն:
Շատ կանայք հղիության առաջին ամիսներին գանգատվում են տրամադրության անկումից, առանց պատճառի լալկանությունից, քնկոտությունից, սրտխառնոցից, գլխապտույտից, գիտակցության ակնթարթային մթագնումից: Այս տհաճ երեւույթների պատճառով տրամադրությունն ընկնում է, նրանք դառնում են դյուրագրգիռ, եւ սեռական ցանկությունը նվազում է: Այս շրջանում տղամարդկանց խորհուրդ է տրվում առավելագույն նրբանկատություն եւ հոգատարություն ցուցաբերել, ինչը ապագա մայրիկին կօգնի հաղթահարել ֆիզիկական եւ հոգեբանական դժվարությունները: Հղիության ժամանակ կնոջ սեքսուալ ցանկությունը կարող է նվազել կամ աճել: Դա կապված է կնոջ սեքսուալ ակտիվության եւ հղիության տարբեր շրջաններում հորմոնների  քանակի տատանումների հետ: Այսպես, երբեմն նկատվում է սեքսուալ ակտիվության աճ, ընդ որում, այն աճում է հղիության ժամկետի աճին զուգընթաց: Այս դեպքում ամուսնական զույգը հղիության շրջանը հիշում է որպես կյանքի ամենահրաշալի ժամանակահատված: Չպետք է ամաչել, վախենալ կամ հուսահատվել, ավելի լավ է օգտվել պահից, երբ սեքսուալ ակտիվությունը դեռեւս անկում չի ապրել:

Առաջնածին կանայք ծննդաբերությունից առաջ վախի զգացում են ունենում, ուստի նրանց ամուսիններին խորհուրդ է տրվում հնարավորինս փոխել իրենց մոտեցումը եւ հարմարվել պլատոնական հարաբերություններին, սիրելի կնոջ նկատմամբ լինել առավելագույնս համբերատար, քնքուշ եւ ուշադիր: Ամեն դեպքում, հղիության ընթացքում պետք է պատրաստ լինել մերձեցումների քանակը նվազեցնելուն, ինչպես նաեւ դիրքերը փոփոխելուն:
Այսպիսով, սեքսը հղիության ընթացքում եւ դրանից հետո անհրաժեշտ է, եթե կատարվում է նրբորեն ու քնքշությամբ:

Հեղինակ՝  Վլադ Մուրադյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։