Խռմփացնող տղամարդ
Առողջ ապրելակերպ

Պայքար խռմփոցի դեմ

— Ինչպե՞ս կարելի է պայքարել խռմփոցի դեմ:
Անահիտ, Երեւանից

Խռմփոցն իսկապես շատերին անհանգստացնող խնդիրներից է: Եվ, որպես կանոն, այն ավելի շատ անհանգստացնում է տվյալ մարդու կողակցին: Իրականում խռմփոցի դեմ կարող են կիրառվել պարզ վարժություններ, ինչը, իհարկե,  հանգեցնում է դրական արդյունքների: Դրանք կարող են կիրառվել անգամ ամենաբարդ դեպքերում, բայց առավել լավ արդյունք են տալիս թեթեւ, չբարդացած խռմփոցի  դեպքերում:
Խռմփոցի դեմ կարելի է պայքարել պարզ վարժությունների օգնությամբ

Բերանը փակ է, շնչում եք քթով: Լարել լեզվի հետին պատը և ուժով լեզուն ձգել դեպի կոկորդը: Եթե այդ ժամանակ մատերը դնեք կզակին, կզգաք, թե որքան լարված են մկանները: Այս վարժությունը հարկավոր է կրկնել օրական մի քանի անգամ` լեզվով կատարելով 10-15 շարժում: Վարժությունն ամրացնում է քիմքի ծածկոցը, և մարդը դադարում է խռմփացնել:

Քնելուց առաջ մարմնամարզություն կատարեք: Աջ քթանցքը սեղմեք և հնարավորինս դանդաղ օդը ներշնչեք ձախ քթանցքով: Այնուհետև սեղմեք ձախ քթանցքն ու արտաշնչեք աջով: Հաջորդ անգամ հակառակը. օդը ներշնչեք աջով և արտաշնչեք ձախով: Վարժությունը կատարեք քնելուց 7-10 րոպե առաջ:

Հաջորդ վարժությունն ավելի հեշտ է: Պարանոցի մկանները լարելով` ամեն օր բարձրաձայն, 20-25 անգամ  արտասանեք «ի», «ը», «ու» հնչյունները:

Եթե դուք բավականաչափ համառորեն գործեք և կանոնավոր կատարեք այս վարժությունները, արդեն մեկ ամիս անց կոկորդային մկանն զգալիորեն կամրանա: Հավանաբար տունը կդադարի ցնցվել ձեր խռմփոցից, իսկ որոշ ժամանակ անց դուք ընդհանրապես կդադարեք խռմփացնել:

Խռմփոցից ազատվելու ևս մեկ պարզագույն միջոց կարող է դառնալ չիչխանի յուղը: Ուղղակի քնելուց 4 ժամ առաջ յուրաքանչյուր քթանցքի մեջ կաթեցրեք մեկական կաթիլ չիչխանի յուղ: Արդյունքը կերևա բուժումից 2-3 շաբաթ անց:

Ինչ խոսք, խնդիրը բավականին լայն տարածում ունի, եթե դատենք մեր ստացած հարցերից: Ուստի արժե օգտվել այս մատչելի խորհուրդներից նաեւ կանխարգելման նպատակով, քանի որ տարիքի հետ բոլորի մոտ է  քիմքի  թուլացում նկատվում:
Մաղթում  ենք  Ձեզ հանգիստ  եւ  խաղաղ  քուն:

Հեղինակ՝ Կարինե Սահակյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։