Ձերքեր
Փորձագետի խորհուրդներ

Պարբերական հիվանդություն, թե՞ կարմիր քամի

— Կապ ունի՞ կարմիր քամին պարբերական հիվանդության հետ:
Նադյա, Երեւանից

Մեր տոնական սեղանն անհնար է պատկերացնել առանց խորովածի, բաստուրմայի, սուջուխի` որքան էլ պնդեն, որ դրանք վնասակար են մեր օրգանիզմի համար… Պատահական չէ, որ պարբերական հիվանդությունն անվանում են Երևանյան հիվանդություն, քանի որ մասնագետների կարծիքով այն անմիջական կապ ունի մեր ապրելակերպի հետ:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Պարբերական հիվանդությունը հանդես է գալիս պարբերաբար սուր ցավերով, հատկապես որովայնի հատվածում: Ջերմությունը բարձրանում է մինչեւ 40 C եւ ավելի: Նոպայից հետո, որը տեւում է 2-3 օր, հիվանդներն իրենց միանգամայն առողջ են զգում, եւ վերականգնվում է աշխատունակությունը: Հիվանդության պատճառները մինչեւ վերջ ուսումնասիրված չեն: Այս հիվանդությունը դասում են ժառանգական  հիվանդությունների շարքին, որն ախտավորում է 4-5 սերունդ:
Ինչպես արդեն նշեցինք, հիվանդությունը վերագրում են հայերին, հրեաներին եւ արաբներին՝ հաշվի առնելով, որ նրանք շատ են օգտագործում կիսահում միս եւ մսամթերք, օրինակ` ապխտած միս, բաստուրմա, սուջուխ եւ այլն:
Կլինիկական  նշանները
Հանկարծակի, սնման ռեժիմից անկախ հայտնվում են սաստիկ ցավեր պորտի կամ ամբողջ որովայնի հատվածում: Հիվանդության ընթացքում լինում է սարսուռի զգացողություն, սրտխառնոց, փսխում: Որովայնը ուռչում է, կղանքի արտազատումը դադարում: Հիվանդը չի կարողանում նորմալ ներշնչել, կարող է ուռչել լյարդը եւ փայծաղը, մեծանում են ավշային հանգույցները:

Հիվանդությունը կարծես ունի սեզոնային բնույթ: Ձմռանը այն նիրհում է, ամռանը հազվադեպ է պատահում, իսկ գարնանը եւ աշնանը՝ հաճախակի:
Հիվանդությունը հակաբիոտիկներով, կորտիկոստերոիդներով չի բուժվում:
Պարբերական հիվանդությունն ախտորոշելիս պետք է բացառել պարբերաբար կրկնվող այլ հիվանդությունները (արյան վարակում, մալարիա, բրուցելոզ), կրծքային հեղձուկը, դեղորայքային ալերգիան, խոտատենդը, տենդային նյարդաթուլությունը:
Հիվանդության բուժումը հաճախակի նոպաների կանխումն է, բժշկի հանձնարարականների կատարումն է (կոլխիցին, ցավամոքիչ դեղանյութ, վիտամիններ, բուժական ֆիզկուլտուրա եւ այլն):
Ի տարբերություն պարբերականի, կարմիր քամին վարակիչ հիվանդություն է, արտահայտվում է մաշկային հյուսվածքի հիվանդացածությամբ: Մաշկում առաջանում են ալերգիկ փոփոխություններ: Առաջնային կարմիր քամու առաջացմանը նպաստում է մաշկի վրա ստրեպտոկոկերի կամ ստաֆիլոկոկերի ներթափանցումը, որն առաջանում է մաշկի քերծվածքից, ամբողջականության խախտումից  եւ այլն:

Երկրորդային կարմիր քամին առաջանում է տեղային թարախային գործընթացի բարդության հետեւանքով (ֆուրունկուլոզ, կարբունկուլոզ, վերք): Այդպիսի դեպքերում ախտահարվում է մաշկը: Սկսվում է նիրհման շրջանը, որի ընթացքում առաջանում է թուլություն, գլխացավ, այնուհետեւ՝ սարսուռ, արագ բարձրանում է ջերմությունը: Ամբողջ մաշկը նմանվում է աշխարհագրական քարտեզի: Եթե մաշկի վրա առաջանում են բշտիկներ, որտեղ թարախ է լցված, ապա այդ դեպքում հիվանդությունը ընթանում է ծանր, առաջանում է վերջավորությունների փղակերպություն:

Հիվանդության ախտորոշումը
Տիպիկ ընթացքի ժամանակ ախտորոշելը դժվարություն չի ներկայացնում: Այն հիմնվում է բարձր ջերմության եւ սարսուռի առաջացման ֆոնի վրա՝ արտահայտված կարմրությամբ եւ այտուցներով, որոնք կտրուկ սահմանագծված են առողջ հյուսվածքից:
Ածանցյալ ախտորոշումը պետք է տարբերակել սիբիրյան խոցից, մաշկաբորբերից, ֆլեգմոններից:
Կարմիր քամու ժամանակ մաշկն ուժեղ ցավում է, ինչը չի լինում կարմրամաշկության եւ մաշկաբորբերի ժամանակ:
Ֆլեգմոնայի ժամանակ հիվանդագին գործընթացը տեղակայված է լինում ծայրամասում:
Սիբիրյան խոցի ժամանակ տեղային հիվանդագին գործընթացը բնութագրական է կենտրոնական հատվածում նեկրոտիկ գոյացությունների, այսպես կոչված սիբիրխոցային կարբունկուլների առաջացմամբ: Որպես կանոն, առաջանում է տեղային ավշային հանգույցների մեծացում:
Վերոհիշյալից հետեւում է, որ կարմիր քամին եւ պարբերական հիվանդությունը ոչ մի կապ չունեն միմյանց հետ, նրանց առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը տարբեր են: Վերջապես, կարմիր քամին վարակիչ հիվանդություն է, իսկ պարբերական հիվանդությունը՝ ոչ: Հիվանդության կանխարգելման համար պետք է հետեւել մաշկի մաքրությանը, վնասվածքները մշակել յոդի սպիրտային լուծույթով կամ հականեխիչ միջոցներով:

Հեղինակ՝ Եպրաքսյա Հովհաննիսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։