Կրծքով կերակրում
Երեխաներ

Կրծքի կաթը լավագույնն է

Կրծքով կերակրումն ապահովում է կատարյալ սնունդ երեխաների համար: Կնոջ կրծքի կաթը պարունակում է ամենաքիչը 100 օգտակար նյութեր, որոնք բացակայում են արհեստական կերերի համար հումք հանդիսացող կովի կաթի մեջ: Իսկ ամառվա շոգին երեխային աղեստամոքսային հիվանդություններից զերծ պահելու միակ բնական միջոցը  հենց կրծքի կաթն է:

Մանկական հուզական ակտիվության կենտրոնը բերանն է, եւ կրծքով սնուցումը նրա համար նաեւ մոր հետ սերտ կապի հաստատման, ջերմության, ապահովության, դրական բազմաթիվ զգացումների ամրացման գործընթաց է, որի միջոցով կերտվում է նրա բնավորությունը, ձեւավորվում նյարդային համակարգը, որն արտացոլվում է մանկան ամբողջ հետագա կյանքում: Յուրաքանչյուր մայր պետք է իմանա, որ ի բնե կաթնարտադրության անընդունակ կանայք եզակի են եւ հավատա իր ուժերին ու հնարավորություններին: Նա պետք է նաեւ համոզված լինի, որ երեխային բնական սնուցումից զրկելով չի կատարում նրա հանդեպ իր մայրական պարտքի կարեւորագույն մասը` մեծապես վնասելով իր մանկանը, իսկ երբեմն էլ` դառնալով նրա հիվանդությունների պատճառը, քանի որ արհեստականորեն սնուցվող մանկիկը 4 անգամ  ավելի հաճախ է հիվանդանում աղիքային վարակիչ հիվանդություններով, 2 անգամ ավելի հաճախ` թոքաբորբով, իսկ հիվանդանալու դեպքում նրա մահվան հավանականությունը15 անգամ ավելի մեծ է, քան կրծքի կաթով սնվող երեխայինը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Ինչ վերաբերում է բնական սնուցման կայացմանը նպաստող գործնական միջոցառումներին, դրանք եւս կարիք ունեն վերանայման եւ վերափոխման: Ցավալի է, բայց անհրաժեշտ է ընդունել այն փաստը, որ մեզանում կիրառվող գործնական մոտեցումները` ուղղված բնական սնուցման իրականացմանը, ոչ միայն չեն նպաստում նորմալ կաթնարտադրության հաստատմանը, այլեւ խանգարում են դրան:
Այսպես` ծնվելուց հետո մանկանը 6 ժամ անց եւ ավելի ուշ կրծքին մոտեցնելը, կերակրելիս ժամային խիստ գրաֆիկի եւ գիշերային վեցժամյա ընդմիջումների պահպանումը, յուրաքանչյուր անգամ միայն մեկ կրծքից կերակրելը եւ բացի կրծքի կաթից մանկանը ծծակով խաղողաշաքարի լուծույթ (շաքարաջուր), թեյ, կամ, որ ավելի վատ է` ադապտացված կաթնախառնուրդ տալն ուղղակիորեն խանգարում են նորմալ կաթնարտադրությանը:

Վերջին տարիներին միջազգային առողջապահական կազմակերպությունները մշակել են կրծքով սնուցման ուղղակի գործելակարգը, ըստ որի նորմալ կաթնարտադրությունը ապահովելու համար անհրաժեշտ է որդեգրել հետեւյալ մոտեցումը.
Կաթնարտադրությունը ռեֆլեկտոր ակտ է, որն ունի իր բնական գրգռիչը եւ այդ գրգռիչը երեխայի ծծման շարժումներն են:
Որքան ավելի հաճախ եւ ավելի ինտենսիվ է ծծում երեխան, այնքան ավելի է աճում կաթնարտադրության ծավալը:
Ցանկացած գործոն, որ նվազեցնում է երեխայի կերակրումների հաճախականությունը կամ թուլացնում ծծման ուժը, խանգարում է նորմալ կաթնարտադրության հաստատմանը:

Այսպիսով` պետք է հիշել, որ մանկանը անհրաժեշտ է մոտեցնել կրծքին ծննդաբերությունից հետո կես ժամվա ընթացքում, քանի որ այս շրջանում կաթնարտադրության խթանումն առավելապես արդյունավետ է: Նորածնին չի կարելի կրծքի կաթից բացի այլ սնունդ տալ, որովհետեւ յուրաքանչյուր այլ բան` լինի դա խաղողաշաքարի լուծույթ, բուսական թեյ, ջուր կամ ադապտացված կաթնախառնուրդ, ընկճում է երեխայի ուտելու ցանկությունը, իսկ ծծելով ծծակը` վերափոխվում է ծծման գործընթացը,  քանի որ այն որակապես տարբերվում է կուրծքը ծծելու գործընթացից: Արդյունքում ընկճվում են երեխայի ծծման ուժն ու արդյունավետությունը, ինչպես նաեւ` նվազում կրծքով կերակրումների հաճախականությունը, որը բերում է կաթնարտադրության իջեցմանը:

Հեղինակ՝ Լիլիթ Մանուկյան

2 մեկնաբանույթուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։