Կակազող աղջիկ
Երեխաներ,  Փորձագետի խորհուրդներ

Կակազությունն ուղղվող լեզվական թերություն է

Կակազելը սովորաբար ի հայտ է գալիս կյանքի  երկրորդ տարում: Այս երեւույթի կանխարգելման հարցում կարեւոր է ծնողների դերը:
Թեմայի շուրջ զրուցեցինք մանկաբույժ Շողիկ  Մարգարյանի  հետ:

-Ինչպիսի՞ երեւույթ է կակազությունը:
-Կակազությունը հաճախ ժառանգական թերություն է:  Տղաների մոտ այն ավելի հաճախ է հանդիպում, քան` աղջիկների: Երբեմն  առաջանում է ձախլիկին աջլիկ դարձնելու փորձեր կատարելիս:  ՈՒղեղի այն մասը, որը կառավարում է գերիշխող ձեռքի շարժումը, սերտորեն կապված է խոսքը կառավարող մասի հետ: Երբ ստիպում են  երեխային օգտագործել ոչ այդ ձեռքը, դա ազդում է նրա խոսքի  վրա:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

-Միջավայրը կարո՞ղ է երեխայի կակազելու պատճառ դառնալ:
-Շատ հաճախ կակազելը կախված է երեխայի հուզական վիճակից:  Նյարդային երեխաներն ավելի հաճախ են տառապում կակազությամբ: Որոշ  երեխաներ կակազում են միայն այն ժամանակ, երբ գրգռված են կամ  խոսում են որոշակի մարդու հետ: Կակազելու ենթակա են նաեւ այն  երեխաները, որոնց մեծերն օրվա ընթացքում ոչ մի րոպե հանգիստ չեն  թողնում.  խոսում են, հեքիաթներ պատմում, ստիպում են արտասանել, ներկայացնում են ծանոթներին: Երբեմն էլ կակազում են, երբ  ծնողները հանկարծ որոշում են ավելի խիստ կարգապահություն  սահմանել, ազդում են նաեւ ընտանեկան բարձրաձայն վեճերը:

-Ինչպե՞ս կարելի է բացատրել այն, որ երեխան սկսում է կակազել  կյանքի երկրորդ տարում:
-Այդ հասակում երեխան մեծ ջանքեր է թափում իր խոսքի վրա:  Սկզբում նա խոսում է բառակապակցություններով, որ ինքն է  հորինում: Երկու տարեկանից հետո փորձում է խոսել ավելի երկար  նախադասություններով, որպեսզի ավելի բարդ մտքեր արտահայտի: Նա  3-4 անգամ սկսում է նախադասությունն ու կանգ առնում,  որովհետեւ չի կարողանում գտնել անհրաժեշտ բառերը: Երեխայի  մշտական թերի ու անավարտ մտքի շատախոսությունը հաճախ ձանձրացնում է  մեծերին, եւ այդ պատճառով նրանք երեխային պատասխանում են համառոտ ու  ցրված, շարունակելով զբաղվել իրենց գործերով: Երեխան  հուսահատվում է, որ չի կարողանում գրավել ուշադրություն: Եվ   դա նույնպես ազդում է խոսքի վրա:

-Իսկ ինչպե՞ս կարելի է վերացնել կակազելը կամ գոնե օգնել  երեխային հաղթահարել այդ շրջանը:
-Տասից ինը դեպքում կակազելն անցնում է ինքնիրեն, մի քանի  ամսում: Միայն բացառիկ դեպքերում կակազելը դառնում է քրոնիկական:  Մի՛ փորձեք ուղղել երեխային, ավելի լավ է հետեւեք, թե ինչից է  առաջնում նրա նյարդային լարվածությունը:
Եթե  չափից ավելի են խոսում երեխայի հետ ու ստիպում նրան խոսել,  ապա պետք է աշխատել ետ վարժվել այդ սովորությունից: Նրա հետ պետք է  խաղալ հիմնականում գործողությունների օգնությամբ, այլ ոչ թե  խոսքի:
Ծնողներին խորհուրդ կտամ աշխատեն  հնարավորինս հանգիստ եւ համբերատար լինել, եւ  թողնել, որ երեխան լինի նախաձեռնողը:
Այդ շրջանում երեխաների վրա  դրականորեն է ազդում մյուս երեխաների հետ շփվելը: Հաճախակի հյուր կանչեք հասակակից երեխաներին, տարեք մանկական խաղահրապարակ եւ այլն:

-Բժշկուհի՛ Մարգարյան, կա՞ն արդյոք հատուկ վարժություններ,  որոնց միջոցով հնարավոր լինի ուղղել երեխայի լեզվական  թերությունը, եւ ի՞նչ խորհուրդ կտաք կակազող երեխաների  ծնողներին:
-Խորհուրդ կտամ բոլոր ծնողներին, եթե երեխան ինչ-որ բան է  ասում, աշխատեք մինչեւ վերջ ուշադրությամբ լսել, որ չբարկացնեք նրան: Իսկ խոսքն ուղղելու հատուկ դպրոցներ գոյություն ունեն,  որտեղ շատ հաճախ, բայց ոչ միշտ, օգնում են ուղղել լեզվական  թերությունները: Այդ պարապմունքներն առանձնապես արժեքավոր են  դպրոցահասակ երեխաների համար: Բայց եթե երեխան նյարդային, դյուրագրգիռ է, ապա  ավելի լավ է նախ խորհրդակցել մանկական հոգեբանի հետ,  որպեսզի փորձեք գտնել ու վերացնել բարկության պատճառները:
Սովորաբար, կակազելը տեւում է մի քանի ամիս՝ մերթ  սաստկանալով, մերթ մեղմանալով:
Մի՛ սպասեք, որ կակազությունը միանգամից  կդադարի, գոհացեք աստիճանական  առաջադիմությամբ:
Վերջում հավելեմ, որ կակազելը չպետք է շփոթել թլվատության հետ:

Հեղինակ՝ Գոհար Թևանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։