Ինչ են ասում եղունգները
Առողջություն եվ գեղեցկություն

Ի՞նչ են ասում եղունգները

Գեղեցիկ եղունգները լրացնում են խնամված ձեռքերը:  Առողջ եղունգը պետք է լինի ամուր, հարթ եւ  ունենա  բաց վարդագույն երանգ:  Եղունգների փխրունությունը շատ հաճախ վկայում է այն մասին, որ առկա են առողջության հետ կապված խնդիրներ: Իհարկե, եղունգների կառուցվածքի փոփոխության վրա անդրադառնում են նաեւ արտաքին գործոնները` սնունդը, սխալ խնամքը, ինչպես նաեւ անորակ լաքերի, լաքահանող հեղուկների (որոնց բաղադրության մեջ կա քլոր) օգտագործումը:
Եղունգների հիվանդությունների հետ կապված հարցերին պատասխանում է  մաշկաբան Աննա  Հովհաննիսյանը:

— Մեր ընթերցողը  16 տարեկան է, նրա աջ ձեռքի եղունգները փչանում, կարծես փտում են: Ինչպե՞ս կարելի է կանխել այս երևույթը:
-Եղունգների որակազրկման առաջին պատճառներից մեկը կալցիումի և վիտամինների անբավարարությունն է: Սակայն գոյություն ունի ևս մեկ պատճառ`  եղունգների սունկը:  Ձեռքի վրա  սնկի առկայությունը առաջացնում  է եղունգների կարմրություն, ձեւախախտում, անգամ փտում:
Այդ դեպքում պետք է դիմել մաշկաբանի, եւ ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ:

-Շատ հաճախ  կանայք  և աղջիկները բախվում են եղունգների շերտավորման  խնդրին, ինչն էլ ստեղծում է  եղունգների անհարթ մակերևույթ: Ի՞նչ պետք է անել, որպեսզի եղունգները լինեն  հարթ և առողջ:
-Եղունգների շերտավորման և կոտրվելու  հիմնական պատճառը միկրոտարրերի, վիտամինների, կալցիումի անբավարարությունն է: Այն լրացնելու համար անհրաժեշտ է օգտագործել կալցիում,  A և D վիտամիններ: Շատ ժամանակ եղունգների շերտավորմանը կարող են նպաստել լվացող միջոցները` հեղուկները, փոշիները, որոնք չորացնում են եղունգները:
Եթե եղունգների շերտավորումը առաջացել է չորացումից, խորհուրդ է տրվում օգտագործել եղունգների համար նախատեսված յուղեր և քսուքներ:  Ամենաարդյունավետ միջոցներից մեկը ձիթապտղի յուղն է: Հարկավոր է շաբաթական 1-2 անգամ մի քանի կաթիլ կիտրոնի հյութը խառնել ձիթապտղի յուղի հետ  եւ քսել եղունգներին, այնուհետև  հագնել բամբակե ձեռնոցներ,  թողնել ամբողջ գիշեր:

— Երբեմն եղունգները որոշակի երկարության  հասնելուց հետո սկսում են ոլորվել: Ինչպե՞ս վարվել նման դեպքում:
-Ոլորվող կամ դեպի ներս աճող եղունգը ֆիզիոլոգիական հատկություն է: Ցավոք, ոչինչ հնարավոր չէ անել: Եթե դա շատ է անհանգստացնում, կարելի է եղունգն աճեցնել կաղապարով (ֆորմա), այդ դեպքում եղունգները կունենան միանման տեսք և հավասար երկարություն:

-Բժշկուհի՛, այսօր գեղեցկության սրահներում կատարում   են եղունգների արհեստական  աճեցում: Վնասակար չէ՞ այն բնական եղունգների համար:
-Եթե եղունգների արհեստական աճեցումը կատարվում է բարձրորակ նյութերով և լավ մասնագետի կողմից, ապա վնասակար չէ: Սակայն մեր աղջիկներին և կանանց խորհուրդ կտայի եղունգների արհեստական աճեցում կատարել միայն  անհրաժեշտության դեպքում` խնջույքների, հարսանիքների ժամանակ, հանգստի մեկնելիս՝ չմոռանալով արհեստականը հեռացնելուց հետո ճիշտ խնամել բնական եղունգները:

-Կա՞ն հիվանդություններ, որոնց դեպքում խորհուրդ չի տրվում կատարել եղունգների արհեստական աճեցում:
-Սնկային հիվանդությունների, շաքարախտի, ինչպես նաև  աղիքային հիվանդությունների  դեպքում խորհուրդ   չի  տրվում արհեստական աճեցում կատարել:

-Ինչպե՞ս խնամել բնական եղունգները արհեստականը հեռացնելուց հետո:
-Արհեստական եղունգները հեռացնելուց հետո բնականը պետք է խնամել այնպիսի միջոցներով, որոնք կամրացնեն և կսնուցեն  դրանք: Դրա համար կարելի է եղունգներին քսել յուղեր, շաբաթը մեկ անգամ եղունգներն ընկղմել ծովային աղի լուծույթի մեջ:
Ինչպե՞ս ճիշտ խնամել եղունգները

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Ձեզ ենք ներկայացնում եղունգների խնամքի 10 օգտակար խորհուրդ

1.  Շաբաթը 1-2 անգամ   պետք  է լաքապատել եղունգները:

2. Օգտագործեք միայն որակյալ լաքեր և  լաքահանող նյութեր:

3. Առողջ եղունգներ ունենալու համար երեկոյան դրանց քսեք սնուցող քսուքներ:

4. Մի՛ մոռացեք.  5 օրը մեկ պետք է թողնել, որ  եղունգները հանգստանան:

5. Եղունգից դեղնությունը հեռացնելու համար այն պատեք  կիտրոնահյութով,  որը ոչ միայն կսպիտակեցնի, այլև կամրացնի եղունգները:

6. Ձեր սննդակարգում  ներառեք  A և D վիտամիններ, երկաթ, կալցիում պարունակող մթերքներ:

7. Խորհուրդ չի տրվում եղունգներն ընկղմել սոդայի բաղադրությամբ լուծույթների մեջ:

8. Եղունգների  փխրունության դեպքում ձեռքերն ընկղմեք տաք ձեթի, A վիտամինի և կիտրոնի հյութի խառնուրդի մեջ:

9. Կոպիտ, չոր  ձեռքի մաշկի դեպքում խորհուրդ է տրվում ձեռքերն ընկղմել կաղամբի հյութի մեջ,  որից հետո  ձեռքերին քսել սնուցող քսուք:

10. Տնային գործերը կատարելիս միշտ օգտագործեք ձեռնոցներ. դրանք եղունգները կպաշտպանեն  ջրից և վնասակար նյութերից:

 

Սիրելինե՛րս, հետեւեք այս պարզ խորհուրդներին, եւ արդյունքները երկար սպասել չեն տա:

Հեղինակ՝  Արմինե Հակոբյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։