Դդմիկ
Առողջարար սնունդ

Դդմիկի 13 առավելությունները

Այն, որ բանջարեղենն օգտակար է մարդու առողջության համար՝  հայտնի  ճշմարտություն է, բայց համաձայնե՛ք, որ, այնուամենայնիվ, ավելի քիչ ենք օգտագործում բնության բարիքները, քան կարող ենք: Չէ՞ որ բնության մեջ յուրաքանչյուր բույս, միրգ ու բանջարեղեն իր նշանակությունն ունի, եւ այդ տեսակետից բացառություն չէ նաեւ դդմիկը:

Դդմիկը  պատկանում  է  դդմազգիների ընտանիքին   եւ,  ինչպես  եւ   դդումը,  հիանալի բնական  բուժամիջոց  է:
Սննդի մեջ կարելի է օգտագործել մատղաշ պտուղները (մինչև 12 օրական), երբ սերմերը դեռ սաղմնավորման շրջանում են, պտղամիսն էլ դեռեւս փափուկ ու նուրբ է: Այդ ժամանակ դդմիկը պարունակում է 5,2% ածխաջրեր, 0,6% սպիտակուց, ասկորբինաթթու (C վիտամին), կարոտին, պեկտինային նյութեր և կալիումի, կալցիումի, մանգանի, երկաթի հանքային աղեր: Կալիումի աղերը դդմիկում մեկուկես անգամ ավելի շատ են, քան սպիտակագլուխ կաղամբում: Դդմիկում բջջանյութի ցածր պարունակությունը թույլ է տալիս այն օգտագործել դիետիկ սննդում` ստամոքսի լորձաթաղանթի պահպանման համար:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Եվ  այսպես,  դդմիկի առավելությունները՝  հօգուտ  մեզ.

1. Սիրտը, անոթները. կալիումի և մանգանի մեծ պարունակության շնորհիվ դդմիկը սնում է սրտամկանը: Երկաթը լավացնում է արյան հատկությունները: Որքան շատ է երկաթը, այնքան շատ թթվածին կա արյան մեջ, իսկ որքան շատ է թթվածինը, այնքան շատ ծանրաբեռնվածություն կարող է տանել մեր օրգանիզմը` առանց  բացասական հետևանքներ կրելու:

2. Կառուցվածքավորված ջուր: Դդմիկի 90%-ը ջրից է կազմված: Այդ բջջահյութը բնական հեղուկ է, որը լավ է յուրացվում  մեր օրգանիզմի կողմից և սնուցում է այն:

3. Լյարդը: Լեղու կանգի դեպքում դդմիկը հիանալի կերպով բեռնաթափում է լյարդը: Օգնում է նույնիսկ լեղապարկի բորբոքման դեպքում:

4. Խարամների դեպքում: Եթե դուք գիտեք, որ ձեր օրգանիզմն աղտոտված է, մեկ շաբաթ ամեն օր կերեք նվազագույնը  200գ դդմիկ:

5. Ստամոքսը: Դդմիկը պարունակում է բջջանյութի քիչ քանակություն, ուստի հատկապես օգտակար է աղեստամոքսային ուղու վիրահատության ենթարկված մարդկանց:

6. Ցելյուլիտի դեպքում  օգնության է հասնում դդմիկի այն նույն` ավելորդ հեղուկը դուրս հանելու ունակությունը, որը կանանց կօգնի հաղթահարել հռչակավոր “նարնջի կեղեւը”:

7. Դդմիկն օգտակար է երիկամների համար: Այն օգնում է օրգանիզմից դուրս հանել ավելորդ հեղուկը: Եթե դուք սկսել եք այտուցներ նկատել, ուրեմն դդմիկային սննդակարգը ձեզ համար օգտակար կլինի:

8. Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Դդմիկը հազվագյուտ բանջարեղեն է, որը չի կորցնում իր  օգտակար հատկությունները երկարատև պահպանման ժամանակ: Նույնիսկ Նոր տարուց առաջ կարող եք ձեր օրգանիզմն ամրացնել C, B1, B3, A վիտամիններով: Իսկ դա միշտ ավելի լավ է, քան քիմիական ճանապարհով ստացած վիտամիններն ու հաբերը:

9. Առողջ եւ գեղեցիկ մաշկ ունենալու համար: Արտաքին օգտագործման ձևով դմիկի պտղամիսը հիանալի սպիտակեցնում և երիտասարդացնում է մաշկը:
Դիմակ  դդմիկի հյութով  և  ձվով
Ձվի հարած դեղնուցին ավելացնել դդմիկի քերած և քամած պտղամսից ստացված մեկ թեյի գդալ հյութ: Դիմակը քսել դեմքին, 15-20 րոպեից հանել նախ` տաք, այնուհետև` սառը ջրով թրջված բամբակյա խծուծով:

10. Դդմիկը խորհուրդ է տրվում օգտագործել շաքարախտի դեպքում: Այն պարունակում է շաքարախտով հիվանդներին ամենից շատ անհրաժեշտ միկրոտար-րեր, այդ թվում և բնական շաքարներ:

11. Դդմիկը պարունակում է հակաօքսիդանտներ: Սրանք նյութեր են, որոնք մեզ օգնում են պայքարել ծերացման դեմ: Որպեսզի դրանք լիարժեքորեն ծառայեն մեր օրգանիզմին, հարկավոր է բանջարեղենի նվազագույն ջերմամշակում: Ուստի բավական է դդմիկի թեթևակի շոգեխաշումը կամ 10 րոպե ջեռոցում պահելը:

12. Այն արդյունավետ է նաեւ հոդաբորբի դեպքում: Կանոնավոր օգտագործման դեպքում դդմիկն օրգանիզմից հանում է աղերի ավելցուկն ու օգնում մաքրել հոդերը:

13. Թունավորման դեպքում: Օրգանիզմի մաքրման անհետաձգելի միջոցառումներից հետո դդմիկի մեծ պարունակությամբ սննդակարգ պահպանեք:

Դդմիկն օժտված է  նաեւ ակտիվ միզամուղ ազդեցությամբ և նպաստում է մարդու օրգանիզմից ջրի և խոհանոցային աղի դուրսբերմանը` նորմալացնում է ջրա-աղային փոխանակությունը և մաքրում արյունը: Պեկտինային նյութերի բարձր պարունակության շնորհիվ դդմիկն արագ յուրացնում և օրգանիզմից հանում է նատրիումի աղերը, ինչպես նաև խոլեստերինի ավելցուկը: Դդմիկով պատրաստված կերակրատեսակներն օգտակար են հեպատիտով, լեղապարկի բորբոքմամբ, լեղաքարային հիվանդությամբ, հաստ աղիքի քրոնիկական բորբոքմամբ, արյան բարձր ճնշմամբ, աթերոսկլերոզով, քրոնիկական երիկամաբորբով և երիկամաավազանաբորբով հիվանդների համար: Դդմիկի խավիարը ցուցված է օքսալատների և ուրատների արտազատմամբ ուղեկցվող լեղաքարային հիվանդության, հոդատապի  և նյութափոխանակության այլ խանգարումների դեպքերում: Դդմիկի կալորիականությունը մոտ է զրոյին: Դա նշանակում է, որ այս բանջարեղենը կարելի է ուտել անսահմանափակ քանակությամբ, ողջ սեզոնի ընթացքում: Ինչպես պնդում է տիբեթական բժշկությունը՝ դդմիկի պտուղները, կարոտինի և C վիտամինի մեծ քանակության շնորհիվ, օժտված են կազդուրող հատկություններով: Դդմիկն ուժեղացնում է աղիների գալարակծկանքը, այնպես որ կանոնավոր օգտագործման դեպքում ավելորդ քաշը ձեզ չի սպառնում: Այս օգտակար մթերքից օրական կարելի է ուտել մինչև 1,5 կգ:
Իսկապես, որքա՜ն պատճառներ ունենք դդմիկն էլ ավելի շատ օգտագործելու համար:

Հեղինակ՝  Նարինե

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։