Անանուխ
Այլընտրանքային բժշկություն

Ծանոթ և անծանոթ անանուխը

— Խնդրում եմ գրել անանուխի օգտակարության մասին:
Արմինե Պողոսյան

Պատահական չէ, որ յուրաքանչյուր հայ տիկին իր խոհանոցում պահում է այն: Անանուխն իսկապես «շտապ օգնություն» է արյան բարձր ճնշման, նյարդային համակարգի խանգարումների, ստամոքսաբորբի, հազի, սրտխառնոցի, ականջների խշշոցի դեպքում: Այն կարգավորում է սրտի եւ ստամոքսի աշխատանքը, ունի լեղամուղ եւ քրտնամուղ ազդեցություն:

Բուժական նշանակությունը
Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերեւները: Հումքը հավաքում են ծաղկման ընթացքում, մի քանի ժամ թողնում արեւի տակ, հետո լրիվ չորացնում քամահարվող, հով տեղում: Մշակված հումքը պահում են թղթե տոպրակների մեջ: Դեղաբույսը բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքի, այլեւ նրանից ստացվող եթերայուղի եւ վերջինիս հիմնական, բաղադրիչ մասը կազմող մենթոլի ձեւով: Անանուխը անհիշելի ժամանակներից ի վեր հայտնի է եղել մարդկությանը:

Կիրառման եղանակները

Ջրաթուրմ պատրաստելու համար վերցնում են 2 ճաշի գդալ մանրացրած թարմ հումք, 30 րոպե թրմում 1 բաժակ եռման ջրում, քամում ու գոլ վիճակում ըմպում կումերով՝ 1 օրվա ընթացքում, հիմնականում աղեստամոքսային ուղու խիթերի, աղեփքանքի, լուծերի, նողկանքի եւ փսխման, լեղաքարային հիվանդության, լեղուղիների խիթերի, համառ գլխացավերի, առատ դաշտանի դեպքում եւ այլն: Այս թուրմը կարելի է օգտագործել նաեւ բերանի խոռոչը ու կոկորդը ողողելու, ինչպես նաեւ մաշկի քորի ժամանակ: 1/3-1/10-ի հարաբերակցությամբ չոր հումքը 2 ժամ թրմում են փակ ամանի մեջ եռման ջրում, ընդունում 1-ական ճաշի գդալ, օրական 3-4 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ:

Անանուխի  եփուկ

Եփուկ պատրաստելու համար վերցնում են 50գ հումք, մեկ դույլ ջրում եռացնում 15 րոպե, որից հետո օգտագործում լոգանքների ձեւով նյարդային ընդհանուր անհանգիստ վիճակի դեպքում:

Անանուխի ջուրը պատրաստվում է՝ 100 մլ ջրին ավելացնելով 1-2 կաթիլ եթերայուղ: Այն օգտագործում են խառը հեղուկադեղերի մեջ՝ դրանց հաճելի համ տալու, ինչպես նաեւ նողկանքը եւ փսխումը դադարեցնելու, բերանի խոռոչը ողողելու համար:

Անանուխի տերեւների փոշին օգտագործում են 1-2 պտղուց կամ դանակի ծայրով վերցրած քանակով, օրական 1-2 անգամ գոլ ջրով՝ բերանի համը վերականգնելու, վատ հոտը վերացնելու, աղեստամոքսային ուղու ցավերը դադարեցնելու համար եւ այլն:

Անանուխի կաթիլներ (ոգեթուրմ) պատրաստելու համար վերցնում են 1 մաս չոր տերեւ, ավելացնում 20 մաս 90 աստիճանի սպիրտ, թրմում մեկ օր՝ հաճախակի թափահարելով, հետո քամում թանզիֆով եւ ավելացնում 1 մաս անանուխի յուղ: Ընդունում են օրական 3 անգամ, 10-30-ական կաթիլ՝ լուծի, աղիքային խիթերի եւ մարսողության խանգարումների ժամանակ: Այս ոգեթուրմը խառնում են հեղուկ դեղամիջոցներին՝ դրանց համը լավացնելու համար, ինչպես նաեւ կարելի է պատրաստել խառնուրդ՝ լոգանքի եւ հոգնայի համար. 1 ճաշի գդալ ոգեթուրմը՝ 1 դույլ ջրին:

Ստամոքսի ցավերի եւ այրոցների դեպքում շաքարի վրա կաթեցնում են 3-5 կաթիլ անանուխի կաթիլներ, ապա ծծում:

Թեյեր

Փքահան թեյի մեջ մտնում են 2-ական մաս անանուխ եւ կատվախոտի արմատ, 1 մաս սամիթի սերմեր:
Այս թեյը պատրաստում են 2-ական մաս անանուխից, երիցուկից, քեմոնի սերմերից, 1 մաս կատվախոտի արամատից եւ 3 մաս սամիթի սերմերից:
Վերցնել հավասարաչափ անանուխ, քեմոնի եւ սամիթի սերմեր, կատվախոտի արմատ:
Բոլոր այս թեյերն օգտագործում են միանման: 2 թեյի գդալ հումքը 10 րոպե եփել 1 բաժակ ջրում, ապա թրմել 20 րոպե եւ ըմպել միանվագ, առավոտյան եւ երեկոյան:

Լեղամուղ  թեյեր

Այս թեյի մեջ  մտնում են՝  2 մաս անանուխ, 3 մաս ջրառվույտ, 1-ական մաս գինձի սերմեր եւ անթառամ: Այս խառնուրդից 2 ճաշի գդալ 10 րոպե եռացնում են 2 բաժակ եռման ջրում, հովացնում, քամում ու ըմպում 1/2 բաժակ, օրական 3 անգամ՝ ուտելուց 15 րոպե առաջ:

Հաջորդ լեղամուղ թեյի մեջ մտնում են 2-ական մաս անանուխ, օշինդր, հազարատերեւուկ, սամիթի սերմեր եւ 3 մաս անթառամ: Այս խառնուրդից 2 թեյի գդալ 8 ժամ թրմում են 2 բաժակ սառը ջրում եւ ըմպում  օրվա ընթացքում:

Ստամոքսային թեյի մեջ մտնում են 2-ական մաս անանուխ եւ կատվախոտի արմատ, 1-ական մաս բեկտենու կեղեւ եւ խնկեղեգ, 3 մաս եղինջ: Այս խառնուրդից 2 ճաշի գդալ 10 րոպե եռացնում են 2 բաժակ եռման ջրում, հովացնում ու ըմպում 1/2-ական բաժակ՝ առավոտյան եւ երեկոյան:

Քրտնամուղ թեյի մեջ մտնում են հավասարաչափ անանուխ, սեւ թանթրվենու եւ լորենու ծաղիկներ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 10 րոպե եռացնում են 2 բաժակ եռման ջրում, ապա ըմպում միանվագ՝  որպես թեյ:

Հանգստացնող թեյի մեջ մտնում են 2-ական մաս անանուխ եւ ջրառվույտ, 1-ական մաս գայլուկ եւ կատվախոտ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, քամում ու ըմպում քնելուց առաջ:

Հանգստացնող թեյի մեջ մտնում են հավասարաչափ անանուխ, կատվախոտ, երիցուկ, քեմոնի եւ սամիթի սերմեր:

Կարելի է հագստացնող թեյ պատրաստել նաեւ  կատվախոտով, անանուխով եւ ջրառվույտով: Այս երկու թեյերն էլ օգտագործվում են նախորդի պես:

Ինչպես տեսնում եք, անանուխը լայնորեն  կիրառվում է բուժիչ նպատակներով՝ որպես հանգստացնող, ցավազրկող, լեղամուղ եւ քրտնամուղ միջոց:

Հեղինակ՝ Անահիտ Մանուկյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։