Անգար երեխաների մոտ
Երեխաներ,  Փորձագետի խորհուրդներ

Անգար երեխաների մոտ

— 8 տարեկան երեխայի մոտ անգար է: Նշեմ, որ երեխան սպորտով է զբաղվում: Խնդրում եմ գրել այդ հիվանդության մասին: Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ անել:
Լուսինե, Երևանից

Ամենից հաճախ գլխացավի պատճառներից մեկը անգարն է: Այսօր այս հիվանդության առաջացման տարբեր վարկածներ են առաջ քաշվում, սակայն պետք է ասել, որ անգարի առաջացման պատճառներն անհատական են, այդ պատճառով հիվանդության դեմ պայքարելու համար առաջին հերթին պետք է վերացնել պատճառը:
Անգարի ժամանակ ցավը կարող է ուժգնանալ լույսից, բարձր ձայներից, տարատեսակ հոտերից: Ցավերն ուղեկցվում են նաեւ սրտխառնոցով եւ փսխումով:
Երեխաների մոտ շարունակ կրկնվող գլխացավերի, մասնավորապես՝ անգարի պատճառների մասին զրուցեցինք  բժիշկ Երանուհի Խաչատրյանի հետ:

— Այսօր, ըստ էության, երեխաների մոտ հաճախացել են գլխացավերը: Ի՞նչն է պատճառը:
— Այո, երեխաների, հատկապես դպրոցահասակների մոտ հաճախ են գլխացավեր լինում: Ինչո՞ւ հենց դպրոցահասակների մոտ: Դա ուղղակիորեն կապված է  դասապրոցեսի, նրանց սեռական հասունացման անցումային շրջանի հետ: Ընդհանրապես, այսօր երեխաների մոտ առավել շատ են գլխացավեր նկատվում, եւ դրանում մեծ դեր ունեն համակարգիչը, բջջային հեռախոսները, ժամերով հեռուստացույցի առջեւ նստելը, առանց ռեժիմի սնվելը. այս ամենը հանգեցնում է նյութափոխանակության խանգարման, որն էլ, իր հերթին, առաջացնում է եւ՛ հոգնածություն, եւ՛ ալերգիկ տարբեր հիվանդություններ, ե՛ւ գլխացավեր: Եթե գլխացավը առանձնապես լուրջ պատճառ չունի, սակայն հաճախ է կրկնվում, կարող է լինել դպրոցում հոգնածության, նյարդաթուլության պատճառ, հաճախ կարող են լինել նաեւ ճնշման տատանումներ, որոնք նույնպես բնորոշ են դպրոցահասակներին:
Մինչեւ 10 տարեկան երեխաների մոտ անգար հազվադեպ է հանդիպում, իսկ ավելի բարձր տարիքում հաճախ է լինում: Ընդհանրապես անգարն այնպիսի հիվանդություն է, որը հնարավոր չէ  հստակ ախտորոշել: Սակայն, եթե կան անգարի որոշակի նախանշաններ, եթե կա շարունակական գլխացավ, իհարկե, անպայման պետք է հետազոտվել: Անգարի դեպքում ցավերը կրկնվում են միեւնույն հաճախականությամբ, կենտրոնացված են լինում գլխի մի որոշակի հատվածում, ուղեկցվում են լուսավախությամբ, սրտխառնոցով եւ փսխումով: Անգարի դեպքում չի բացառվում նաեւ ժառանգական նախատրամադրվածությունը: Հիվանդության ժամանակ երեխաների մոտ երբեմն կարող են նկատվել նաեւ ջերմության բարձրացում, տեսողության խանգարումներ, փորացավեր: Երեխաների մոտ անգարը կարող է տեւել մինչեւ 5 ժամ: Այսօր ապացուցված է նաեւ, որ շատ հիվանդությունների պատճառը շնչառության խանգարումն է, որը հանգեցնում է թթվածնային քաղցի, ուղեղի անոթների կծկանքի եւ լայնացման: Եվ սա արդեն իսկ գլխացավի պատճառ է:

— Շարունակական գլխացավերն այս դեպքում կարո՞ղ են ներգանգային ճնշման խախտման հետեւանք լինել:
— Եթե կա ներգանգային ճնշման խախտում, դա արդեն անգար չէ: Ընդհանրապես գլխացավի առաջացումն ունի տարբեր պատճառներ: Գլխացավի դրսեւորմամբ մեր օրգանիզմն ինչ-որ բան է ուզում ասել. գուցե խոսքն ավելի լուրջ հիվանդության մասին է, քան անգարը: Նախեւառաջ, պետք է հետազոտվել: Անհրաժեշտ է ժխտել բոլոր այն գործընթացները, որոնք կարող են գլխացավ առաջացնել: Քանի որ անգարը կապված է ուղեղի անոթների կծկանքի եւ լայնացման հետ, այդ կծկանքը կարող է նկատվել նաեւ ամբողջ օրգանիզմում եւ հանգեցնել ճնշման թեթեւակի տատանումների, սակայն նորմայից լուրջ շեղումներ չպետք է լինեն: Եթե առկա է ճնշման լուրջ իջեցում, անպայման պետք է հետազոտվել: Անգարի եւ ցածր ճնշման միջեւ ուղղակի կապ առանձնապես չկա:

— Ինչպիսի՞ն է անգարի ժամանակակից բուժումը:
— Հաճախ մենք ոչ թե անտեսում ենք ցավը, այլ պարզապես ընդունում ենք ցավազրկողներ եւ սպասում դրանց ազդեցությանը: Ցավն անցնում է, սակայն միայն կարճ ժամանակով, քանի որ ցավազրկողը չի կարող վերացնել ցավի պատճառը, իսկ երեխաների մոտ դեղահաբերի չարաշահումները ցանկալի չեն: Ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է ավելի բարդացնել իրավիճակը: Ամենից առաջ խորհուրդ կտամ հետազոտվել՝ պարզելու համար գլխացավերի բուն պատճառը: Այս դեպքում շատ կարեւոր է, որ  ստուգվի շարունակական գլխացավեր ունեցող երեխայի շնչառությունը` ունի՞ արդյոք դժվարացած քթային շնչառություն, բերանո՞վ է շնչում, թե՞ ոչ:

— Անգարի դեպքում սպորտով զբաղվելն ինչպիսի՞ ազդեցություն կարող է թողնել երեխայի  վրա:
— Եթե երեխան ճիշտ շնչելով է կատարում վարժությունները, սպորտը շատ օգտակար ազդեցություն կարող է ունենալ: Պարզապես սպորտով զբաղվելիս երեխաները հաճախ կատարում են շնչառական սխալ վարժություններ, ասում են` քթով շնչի, բերանով արտաշնչիր, խորը շնչի եւ այլն: Այս բոլորը հանգեցնում են շնչառության խախտման, առաջացնում թթվածնային քաղց եւ ուղեղի անոթների կծկանք: Այս տեսակի սպորտով զբաղվելը միանշանակ կվնասի երեխային: Նա պետք է հիշի, որ բերանը շնչառական օրգան չէ, մեր շնչելն էլ, արտաշնչելն էլ միայն քթով պետք է լինի. այս դեպքում սպորտից միայն օգուտ կլինի:
Կախված պատճառից՝ գլխացավերի ժամանակ կարող են օգնել գլխի թեթեւակի մերսումը, գլուխը տաք ջրով լվանալը, սակայն չի բացառվում նաեւ, որ նման դեպքում կարող են օգնել սառույցով կամ սառը ջրով թրջոցները, որոնք դրվում են ճակատին, քունքերին եւ ծոծրակին: Ինչպես տեսնում եք, գլխացավից ազատվելու համար ամենից առաջ պետք է պարզել դրա առաջացման պատճառը: Հանգստացնող եւ ցավազրկող ազդեցություն են թողնում անանուխի, երիցուկի, մասուրի եփուկները: Որոշ դեպքերում, հատկապես արյան ցածր ճնշման ժամանակ, գլխացավից ազատվելուն օգնում է թունդ, սեւ, քաղցր թեյը: Իսկ որոշ մթերքներ, ինչպես, օրինակ՝ շոկոլադը, ընդեղենը, ցիտրուսները, սուրճը, գազավորված ըմպելիքները, նրբերշիկը, նպաստում են անգարի զարգացմանը:
Այսպիսով, յուրաքանչյուր դեպք անհատական է.  այն, ինչ գլխացավի ժամանակ, օրինակ, օգնում է հարեւանին, չի նշանակում, որ կօգնի նաեւ Ձեզ, իսկ երեխաների հարցում էլ ավելի աչալուրջ եւ զգույշ  պետք է լինել:

Հեղինակ՝ Գայանե Մանուկյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։